Սամվել Բարոյանը ԵՊԲՀ 100-ամյակի դրոշն ու հայոց եռագույնը ծածանել է Արարատի գագաթին

Սամվել Բարոյանը ԵՊԲՀ 100-ամյակի դրոշն ու հայոց եռագույնը ծածանել է Արարատի գագաթին

Տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանն արդեն 13-րդ տարին է բարձրանում է Արարատի գագաթ՝ ծածանելով հայոց եռագույնը և բժշկական մայր բուհի դրոշը: Խոսելով վերելքի մասին՝ Բարոյանը ցավով նշում է, որ 2020թ. էր ծրագրել  Արարատի գագաթ բարձրացնել ԵՊԲՀ 100-ամյակի դրոշը, սակայն, Covid 19-ով պայմանավորված, գաղափարը հետաձգվել է:

«2007 թվականից յուրաքանչյուր տարի բարձրանում եմ Արարատի գագաթ: Քանի որ կորոնավիրուսը փակել էր աշխարհը, երկու տարի չկարողացա բարձրանալ և 100-ամյակի դրոշակը բարձրացնել Արարատի  գագաթ: Համենայնդեպս 2020թ. սեպտեմբերին 100-ամյակի դրոշը ծածանեցինք Արագած լեռան գագաթին: 2021թ. կրկին չստացվեց, և վերջապես այս տարի կարողացա արշավական խմբի հետ գնալ: Վերելքի համար ընտրել եմ օգոստոսի 10-ը, որը Սևրի դաշնագրի օրն է, սակայն միայն այս տարի այնպես ստացվեց, որ հուլիսին  բարձրացա: ԵՊԲՀ 100-ամյակի դրոշը հայոց եռագույնի հետ, որի վրա հազարավոր բժիշկների ստորագրություններ կան,  հուլիսի 28-ին՝ առավոտյան ժամը 7-ին, ծածանվեց Արարատի գագաթին:  Ինչպես նաև լեռան գագաթում թաղված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի սրտի վրա ծաղիկներ դրեցի և ասմունքեցի», – պատմում է Բարոյանը՝ նշելով, որ Արարատի գագաթին բազմաթիվ մարդիկ կային՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ:  

Այնուհետև Բարոյանը պատմեց Արևմտյան Հայաստանում անցկացրած օրերի և զգացողությունների մասին: «Այցելեցինք Վանա լիճ: Այնտեղ դեռ տարիներ առաջ ինձ հետ մեկնած խմբի հետ խաչքար էի գտել: Խաչքարը դժվարությամբ Վանա լճից դուրս բերելով՝ շրջել էինք հակառակ կողմ, որպեսզի չնկատեն այն և չկոտրեն: Եվ յուրաքանչյուր տարի, երբ գնում եմ Վանա լիճ, անպայման այդ խաչքարը  բարձրացնում եմ և հեռանալիս կրկին շրջում: Այս տարի ևս դժվարությամբ, բայց կարողացա գտնել: Այնուհետև գնացինք Խծկոնք եկեղեցին, այն կանգուն էր, բայց՝ կիսաքանդ: Ապա մի քանի այլ վայրում շրջելուց հետո վերադարձանք Հայաստան», – հավելեց նա: