Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքներն ու պարտականությունները` համալսարանականների դիտակետում

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքներն ու պարտականությունները` համալսարանականների դիտակետում

Բժշկական համալսարանում մեկնարկած «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային ինտենսիվ դասընթացն այս շաբաթ համախմբեց բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, ինչպես նաև ուսանողների և ասպիրանտների՝ ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետներից։

Իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանի կողմից անցկացվող դասախոսությանն այսօր ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը, այլ ստորաբաժանումների ղեկավարներ։

Հրավիրված դասախոսը կարևորեց նման ձևաչափի մասնագիտական քննարկումների անցկացումը բժշկական մայր բուհում։

Քննարկման հիմնական թեման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքներն ու պարտականություններն էին։

Անդրադարձ կատարվեց բժշկական ծառայություններ մատուցողների իրավունքներին, բուժհաստատությունների համբավին, վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ արդի հարցերին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն առանձնացրեց ոլորտի օրակարգային թեմաներին` կարևորելով բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների իմացությունը։ Նա առանձնակի ընդգծեց ապագա բժիշկների գիտելիքների չափագրման անհրաժեշտությունը։

«Այսօր ուսանողների ներկայությունը դահլիճում պատահական չէ, քանի որ բժշկի գործունեությունը չպետք խոցելի լինի»,-ընդգծեց ռեկտորը։

Մասնակիցները ինտերակտիվ քննարկման ընթացքում անդրադարձան առողջապահական, բուժական տարբեր հարցերի իրավական կարգավորումներին, ինչպես նաև խնդիրների, որոնք հաճախ են հանդիպում բժշկական պրակտիկայում։

Վիճահարույց կողմերը բազմաթիվ են, որոնց կարգավորումը բժիշկների և իրավական ոլորտի մասնագետների միջև պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով։

Նշենք, որ Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ բժշկական տարբեր կազմակերպություններ ներկայացնող ավագ բուժաշխատողները, բժշկական հաստատությունների ղեկավարները, իրավական և ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցներն առաջին անգամ հնարավորություն ունեն հավաստագրային նման դասընթացի մասնակիցը լինելուն։ Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է, տրամադրվում է 24 ՇՄԶ կրեդիտ։

Այն իրականացվում է բուհի՝ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում, և համալսարանի իրավական ուղղվածության նախաձեռնություններից մեկն է։

Հանրային առողջության և առողջապայության կազմակերպման ամբիոնի ասպիրանտ Մերի Մխիթարյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերին նվիրված իր հետազոտությունը:

Խոսելով կատարվող ուսումնասիրության մասին՝ փաստեց, որ Երևանի և Գյումրու շտապօգնության կայանների աշխատակիցների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ բուժաշխատողները ենթարկվում են, ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական բռնության։

Պատճառների թվում են բնակչության ցածր կրթվածության մակարդակը, ալկոհոլից կախվածությունը, հույզերի կառավարման կուլտուրայի բացակայությունը։

Նշենք, որ «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային ինտենսիվ դասընթացին մասնակցում է 34 մասնագետ։