«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի 15 մասնակցի այսօր ավարտական վկայականներ հանձնեցին:
Հանրային առողջության ֆակուլտետի և «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ իրականացվող հավաստագրային դասընթացը 11 շաբաթ տևողությամբ ինտենսիվ ծրագիր է:
Վկայականները սովորողներին հանձնեցին «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը և Հանրային առողջության ֆակուլտետի դեկանի տեղակալ Գայանե Ղավալյանը:
Մասնակիցների առաջարկներն ու դիտողությունները լսելու պատրաստակամությամբ՝ Րաֆֆի Սեմերջյանը նշեց, որ հավաստագրային այս դասընթացն արդեն 7-րդ անգամ է անցկացվում:
«Մենեջմենթը մեր օրերում գիտություն է դարձել և հիմնվում է գիտական հիմունքների վրա», – ընդգծեց նա` շնորհավորելով գործընկերներին ավարտելու առիթով և հույս հայտնելով հետագայում տեսնել նրանց նաև դասընթացի դասախոսական կազմում:
Բուժհաստատությունների ղեկավարների և տնօրենների, բժիշկների, առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների համար նախատեսված դասընթացի ընթացքում տրամադրվում են ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք ավարտողները կարող են կիրառել իրենց գործունեության մեջ:
Մասնակիցների շարքում էր Ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Իսկուհի Աղամալյանը, որի խոսքով` դասընթացը հնարավորություն տվեց կառավարման ոլորտում բացահայտել ինչպես սեփական կարողությունները, այնպես էլ՝ մյուսների:
ԵՊԲՀ աշխատակից, ավագ մասնագետ Հովհաննես Մանասյանն ասաց, որ ձեռք բերված գիտելիքներն արդեն կիրառում է ամենօրյա աշխատանքում` ի նպատ առավել արդյունավետության:
«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը մեկնարկել էր 2021 թվականի դեկտեմբերի 1-ին և ավարտվել փետրվարի 17-ին:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր՝ հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից, և ՇՄԶ 44 կրեդիտ: