Բժշկագիտության ոլորտն անհնար է պատկերացնել առանց կանանց հոգատար վերաբերմունքի և սրտացավության: Կանայք իրենց հաստատուն և անգնահատելի տեղն ու դերն ունեն բժշկական ամենատարբեր ոլորտների զարգացման գործում:
Սուսաննա Մկրտչյանը ԵՊԲՀ շրջանավարտ է, որը վստահ է, որ բժշկությունը որպես մասնագիտություն ընտրողները պետք է ունենան առաջին հերթին պատասխանատվություն և պատրաստակամություն՝օգնելու ուրիշներին:
«Հաջողությունները կյանքի իմաստներից են,որոնք գալիս են ապացուցելու որ անհնարին ոչինչ չկա,երբ ունես հստակ նպատակներ և գնում ես դեպի դրանք»,- նկատում է ստոմատոլոգը:
Մասնագիտական գործունեության հիմնասյունը նրա համար ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքներն են:
Բժշկի ուղին հարթելիս նա կարևոր տեղ է հատկացնում անվերջ ինքնակրթվելուն, սեփական մասնագիտությունն առավել լավ ուսումնասիրելուն և երբեք կանգ չառնելուն:
Բժշկական համալսարանում սովորելու տարիները շրջանավարտին գիտելիքներից տվել են անվանի դասախոսներ, որոնցից շատ բան է սովորել:
Սովորելուց զատ նա կարևորել է նաև ուսանողական ակտիվ ժամանցը, որը հնարավորություն է տվել նոր ու արժեքավոր ծանոթություններ ձեռք բերել: Համալսարանական տարիներին «Մեդիկուս» և «Ապագա բժիշկ» ամսագրերի համար յուրաքանչյուր ամիս հոդվածներ է գրել: Այժմ, ինչպես ինքն է ասում, կարոտած թերթում է էջերը, քանի որ շատ սեր ու եռանդ էր ներդնում ստեղծագործելիս:
Հետահայաց նշում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրելու ճանապարհը հարթ է եղել, առանց տատանումների, հստակ գիտեր՝ ինչ է ուզում.
«Մանկական տարիքում, երբ հարցնում էին՝ «ի՞նչ ես դառնալու», պատասխանս մեկն էր՝ բժիշկ: Ցանկությունս առավել հստակ դարձավ,երբ դպրոցում սկսեցինք անցնել բնագիտական առարկաներ, մեծ հետաքրքրությամբ էի սովորում, յուրաքանչյուր հաջորդ թեմային անհամբերությամբ սպասում: Հիշում եմ, կարծես, երեկ լիներ,երբ բժշկական մայր բուհ ընդունվելու հայտ էի լրացնում: Հստակ էր, որ երազանքիս մեկ քայլով ավելի մոտ էի կանգնած»:
Սուսաննայի գնահատմամբ` ստոմատոլոգիան այսօր զարգացած և միևնույն ժամանակ արագ զարգացող ոլորտներից է, որը մասնագետից պահանջում է ճկունություն, նորանոր մեթոդներ փորձելու համարձակություն, ինքնակրթություն և ինքնակատարելագործում:
Պացիենտների հետ գրագետ աշխատանքն արդեն նպատակ դարձած երազանքը կատարված համարելու վերջին կետն էր:
Ժպիտով ժպիտ է նվիրում և հաճույք ստանում իր գործից: Մասնագիտությունն ապրելակերպ է դարձել առանց որի այլևս չի պատկերացնում կյանքը: