Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին

Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին

 

Սիրելի սովորողներ, ձեր կողմից ստանում ենք իրավական բովանդակության բազմաթիվ հարցեր: Այս անգամ առանձնացրել ենք հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը:  

ՀԱՐՑ 1 Ե՞րբ է հեռացվում ուսանողը ուսումնական հաստատությունից 

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի  N 1242- Ն հրամանով հաստատված կարգի համաձայն հաստատությունից ուսանողը հեռացվում է.

1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի ( երբ ընթացիկ ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին թույլատրվում է մինչև ավարտական տարվա սկիզբը լրացնել առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, հաստատության կողմից սահմաված կարգով և ժամկետներում ևս 2 անգամ վերահանձնելով համապատասխան առարկայական դասընթացները),

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում,

3) հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում: 

 

ՀԱՐՑ 2 Ե՞րբ է ազատվում ուսանողը ուսումնական հաստատությունից 

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի  N 1242- Ն հրամանի համաձայն հաստատությունից ուսանողը ազատվում է

1) իր դիմումի համաձայն,

2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում 

 

ՀԱՐՑ 3 Ե՞րբ է դադարեցվում ուսանողի ուսումնառությունը 

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի  N 1242- Ն հրամանով հաստատված կարգի համաձայն ուսանողի ուսումնառությունը դադարեցվում է.

1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում,

2) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում,

3) առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ձևակերպելու դեպքում  

 

ՀԱՐՑ 4 Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողների (բարձրագույն և հետբուհական կրթությամբ) իրավունքները և պարտականությունները 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն սովորողն իրավունք ունի՝

  • ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.
  • անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին.
  • բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
  • ծանոթանալու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր բարձրագույն ուսումնական հաստատության հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.
  • ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.
  • հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ.
  • փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.
  • ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով.

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրության 132-րդ կետի համաձայն սովորողն իրավունք ունի`

  • պետական կրթական չափորոշիչների շրջանակներում մասնակցելու իր կրթության բովանդակության, պլանավորմանը, պարտադիր և ոչ պարտադիր (էլեկտիվ) ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը, ստանալու գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
  • բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից՝ յուրացնելու ուսումնական ցանկացած դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում և ցանկացած այլ բուհում.
  • սովորելու անհատական ուսումնական պլաններով, այդ թվում՝ ուսուցման կրճատված տևողությամբ մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.
  • hիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.
  • մասնակցելու ուսուցման որակի ապահովման և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության գնահատման գործառույթներին.
  • մասնակցելու ուսուցման որակի ապահովման և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության գնահատման գործառույթներին.
  • անվճար օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.
  • ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ, (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություններ և այլն) և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.
  • սահմանված կարգով մասնակցելու համալսարանի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմինների աշխատանքներին.
  • բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • օգտվելու ուսման տարեկան վարձի՝ մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմաված կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում՝ անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, նպաստ, ինչպես նաև ուսանողական վարկ.
  • ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և համալսարանին վերաբերող այլ նորմատիվ փաստաթղթերի.
  • ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա ընթացքում, ոչ պակաս, քան 2 անգամ ունենալու արձակուրդ՝ առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.
  • լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  • հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքում՝ համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.
  • փոխադրվելու մեկ այլ բուհ, այդ թվում՝ արտերկրի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
  • ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանված կարգով.

Կանոնադրության 136-րդ կետի համաձայն սովորողը պարտավոր է՝

  • սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները, հաճախել դասերին.
  • տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.
  • կատարել համալսարանի կանոնադրության և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականություններն ու պահանջները.
  • բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:

 

ՀԱՐՑ 5 Ե՞րբ է տրամադրվում ուսման վճարի լրիվ փոխհատուցում պետության կողմից 

ՀՀ կառավարության 2006թ.հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման համաձայն.

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`

ա) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.

բ) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

 

ՀԱՐՑ 6  Ե՞րբ է տրամադրվում ուսման վճարի մասնակի փոխհատուցում պետության կողմից 

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:

 

ՀԱՐՑ 7 Ե՞րբ է թույլատրվում ուսանողական իրավունքների վերականգնումը 

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի  N 1242- Ն հրամանով հաստատված կարգի համաձայն հաստատությունից ուսանողական իրավունքների վերականգնումը թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, ուսուցման բոլոր ձևերում, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած ուսանողների, որոնք վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են, անկախ լիցենզիայով սահմանված տեղերի քանակի: