Սլովակիայի դեսպանի հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները

Սլովակիայի դեսպանի հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները

Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։

Միրոսլավ Հացեկը նշեց, որ ուրախ է հյուրընկալվել հայրենիքի պաշտանի վերականգնողական կենտրոնում՝ շեշտելով, որ այցը հնարավորություն է ընձեռում հետագա համագործակցության համար:

«Հայերն ու սլովակներն իրենց մտածելակերպով և ջերմությամբ շատ նման են իրար: Դա է պատճառը, որ մեզ միևնույն չէ, թե ինչ կատարվեց Հայաստանում: Այս հանդիպումն առաջին քայլն է Հայաստանի և Սլովակիայի համալսարնների միջև համագործակցություն սկսելու համար»,-ընդգծեց Սլովակիայի դեսպանը:

ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ համատեղ քննարկումները թույլ են տալիս հասկանալու, թե ինչ հնարավորություներ կան հարաբերությունները սերտացնելու Բրատիսլավայի բժշկական հանրության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև:

«Պրակտիկ բժիշկների և շրջանավարտների միջոցով հնարավոր է հաջողությամբ հասնել ամուր համագործակցության: Հաշվի առնելով ձեր այցը՝ վստահ եմ, որ այն կարող է իրականացվել նաև պետական մակարդակով: Բժշկական համալսարանը միջազգային բուհ է, որի շրջանավարտներն իրենց գործունեությունն են իրականացնում աշխարհի 40 երկրում: Չնայած վերջին շրջանի ծանր իրադարձություններին, ԵՊԲՀ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Այնուհետև դեսպան Միրոսլավ Հացեկի միջոցով Սլովակիայի Հանրապետության կողմից հումանիտար օգնություն փոխանցվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։