Սպիտակ բանակի մարտիկների շարքը համալրած Տաթև Գասպարյանը

Սպիտակ բանակի մարտիկների շարքը համալրած Տաթև Գասպարյանը

Բժշկական համալսարանի շատ կամավորներ պատերազմական օրերին գիտակցում էին, թե ինչ կարևոր  առաքելություն պետք է կատարեն և մեծ պատասխանատվությամբ էին համալրել սպիտակ բանակի մարտիկների շարքը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Տաթև Գասպարյանի  համար պատերազմի մասին լուրը ծանր էր. հայրն ու եղբայրն արդեն ռազմի դաշտում էին: Եղբայրը՝ ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտ 19-ամյա Հակոբ Գասպարյանը որպես ենթասպա բուժակ, պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում:

«Երկար ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ. մտովի հայրիկիս և եղբորս հետ էի։ Տագնապային ու լարված օրեր էին։ Հետո հասկացա, որ այսպես շարունակել պետք չէ, ես էլ որոշեցի ինչ-որ չափով օգտակար լինել թիկունքում: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կամավոր էի, փորձում էի օգնել ինչով կարողանում էի»,-անցած օրերն  է հիշում ապագա բժիշկը, ում համար պատերազմը հիվանդանոցային միջավայրում աշխատելու մեծ փորձառություն էր:

«Անհրաժեշտության դեպքում և՛ բժիշկներին էինք օգնում, և՛ բուժքույրերին, փորձում էինք նաև հոգեբանական աջակցություն ցուցաբերել, զրուցում էինք ու անկեղծ զարմանում, թե այդքան արհավիրքների միջով անցնելուց հետո որտեղի՞ց այդքան ուժ տղաներին»,- ասում է Տաթևը:

Դեռ մանկուց նա իրեն պատկերացրել է բժշկական ճերմակ խալաթը հագին: Մասնագիտությունն ընտրելիս չի երկմտել, հստակ գիտեր՝ ուսումը շարունակելու է բժշկական բուհում:

Տաթևի հայրը՝ Գառնիկ Գասպարյանը, դասախոսում է Ռազմաբժշկական ֆակուլտետում, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի  Համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս է: Ապագա ռազմական բժիշկներին կրթելու օրինակը դստեր համար ուսուցողական է եղել:

 «Դեռ փոքրուց, երբեմն, իր հետ գալիս էի համալսարան, կարծում եմ՝ դա նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել ընտրությանս հարցում։ Այստեղ անցկացրած հինգ տարիների ընթացքում ավելի շատ համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- նշում է ուսանողուհին, որն առաջիկայում ցանկանում է մասնագիտանալ նյարդաբանության ոլորտում:

Գասպարյանների ընտանիքում պատերազմական անցած օրերից շատ խոսել չեն սիրում: Վստահ են, որ գիտելիքները հանուն ապագայի, հանուն հայրենիքի ծառայեցնելով յուրաքանչյուրն իր ոլորտում, իր գործում կարող է ապահովել առաջընթաց: