ԵՊԲՀ ուսանողները մասնագիտական գիտելիքներ յուրացնելուց բացի, շարունակում են մասնակցել սպորտային տարբեր միջոցառումների՝ լավագույն արդյունքներ գրանցելով:
Հայաստանի ուսանողական մարզական 24-րդ խաղերին բժշկական մայր բուհի ուսանողները մասնակցել են ֆուտբոլի, բադմինտոնի և շախմատի առաջնությանը:
Ֆուտբոլի առաջնությանը հերացիականները զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը, բադմինտոնի տղամարդկանց առաջնությանը 1-ին տեղը, իսկ կանանց առաջնությանը՝ 3-րդ տեղը:
Բադմինտոնի անհատական խաղերում ապագա բժիշկներ Էսման Կարտրիկը զբաղեցրել է 2-րդ, իսկ Էրիկ Կրբաշյանը՝ 3-րդ, իսկ շախմատի առաջնությանը Հակոբ Հակոբյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
Բժշկական համալսարանը Ուսանողական մարզական 24-րդ խաղերին, որին մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական 25 բուհի ուսանողներ, կարողացավ նվաճել 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը նշում է, որ ֆիզիկական դաստիարակություն առարկան մեծ պահանջարկ է վայելում բուհում, ուսանողների համար ստեղծված են բոլոր պայմանները՝ մարզվելու, մրցումներին մասնակցելու համար, ինչը ոգևորում է սովորողին և նպաստում լավագույն արդյունքներ գրանցելուն: