Աննա Գաբրիելյանը Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է, Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու: Բժշկի մասնագիտությունն է ընտրել, քանի որ դեռ մանկուց շուրջն անընդհատ սպիտակ խալաթ ու բժշկական գրականությամբ հարուստ պահարաններ է տեսել։ «Ստոմատոլոգիական բոլոր խնդիրներիս համար ունեցել եմ անձնական ստոմատոլոգիս՝ տատիկիս, իսկ մնացած բոլոր անհանգստացնող հարցերիս պատասխանները ստացել եմ վիրաբույժ-վնասվածքաբան պապիկիցս»,-պատմում է ուսանողն ավելացնելով՝ Սինելնիկովի անատոմիական ատլասը միշտապես դրված է եղել պապիկի դիմաց։
Այնպես է ստացվել, որ փոքր տարիքից, տեսել ու լսել է տարբեր կլինիկական դեպքեր ու անամնեզներ (էս բառն էլ իհարկե չգիտեր այն ժամանակ)՝ էլ ձեռքի կոտրվածքի ոսկրերի անշարժացում ու գիպսի տեղադրում, վիրակապեր, ստոմատոլոգիական ռենտգեններ ու բուժումներ։ «Բժշկության հետ կապված բոլոր հարցիս պատասխանը ստացել եմ իրենցից։ Ես ել ուզեցի այդպիսին լինել, որ իմ մասնագիտական դաշտում ինձ էլ մարդիկ վստահեն իրենց առողջական խնդիրները, որ տնից խանութ գնալու ճանապարհն ամենահաճելին լինի պացիենտների փայլփլուն աչքերով «վաաայ, բարև ձեզ, դոկտոր ջան»-ի պատճառով, որ այդ սպիտակ խալաթից ես էլ հագնեմ արդեն ոչ թե տանը, ֆոտոներ ու վիդեոներ անելու, ուրախանալու համար, այլ սպիտակ խալաթով մարդու առաքելությունն իմ ուսերին վերցնելու համար»,-ընդգծում է ապագա ստոմատոլոգը։
Նա նշում է, որ հիմնական մասնագիտության ընտրության հարցում երբևէ այլ տարբերակի շուրջ չի էլ մտածել։ Հստակ որոշել է ու դեռ առաջին դասարանից բոլոր հարցնողներին պատասխանել՝ Բժշկական է ընդունվելու։
Աննան համոզված է, որ ամեն մեծ երազանք սկսվում է երազողից։ «Այս արտահայտությունը վերջերս մի ֆիլմում լսեցի ու անընդհատ գլխիս մեջ է։
Ասածս վերաբերվում է ամեն ինչին, նույնիսկ ամենաչնչին բանին, ինչ ես անում եմ կյանքում, այդ թվում՝ լավ սովորելուն ու անվանական կրթաթոշակակիր դառնալուն։
Միշտ մտածում եմ՝ ինչու՞ չփորձել անել, եթե դա իմ ուժերի ու հնարավորությունների սահմաններում է։ Եթե կյանքում ինչ-որ նպատակ ունես ու դա ոչ թե նպատակ է ուղղակի նպատակ լինելու, այլ դրան հասնելու համար, ապա պետք է կարողանաս ինչ-որ մի բան ճիշտ պահին ավարտել ու ինչ-որ մի բան ճիշտ պահին սկսել»,-վստահեցնում է նա և հավելում՝ եթե ուզում ես լավ սովորել, ուրեմն պետք է այնքան կամքի ուժ ունենաս, որ կարողանաս ճիշտ պահին հեռախոսը ձեռքիցդ դնել ու գիրքը ձեռքդ վերցնել, ինչքան էլ որ հոգնած կամ ալարկոտ լինես։ «Նպատակ ունեիր, չէ՞։ Եվ ասածս բառիս բուն իմաստով հեռախոսին կամ լավ սովորելուն չի վերաբերում, այլ ավելի գլոբալ հարցերին, ձգտում ու կամքի ուժ ունենալուն, գյումրեցու ասած՝ «թասիբ» ունենալուն, առաջնայինը երկրորդայինից տարբերելուն, ժամանակը ճիշտ տնօրինելուն, ապագային նախապատրաստվելուն ու սեփական անձի աճը ժամանակի ընթացքում սեփական աչքերում ավելի նկատելի դարձնելուն։
Ապագա ստոմատոլոգը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել նեղ մասնագիտացման հարցում՝ տատանվում է օրթոդոնտիայի և դիմածնոտային վիրաբուժության միջև։ «Մի բան վստահորեն կարող եմ ասել՝ ուզում եմ օգնել փոքրիկներին՝ վերականգնելով նրանց դիմածնոտային շրջանի ձեռքբերովի ու բնածին անոմալիաները, կծվածքը, ատամնաշարը, որպեսզի այդ անօգնական էակները, որոնք ինչ-ինչ պատճառներով նման խնդիրների առաջ են կանգնել, երբեք չունենան առաջին հայացքից շատ հասարակ ու պարզ թվացող, բայց իրականում առօրյա կյանքի հիմքը կազմող կենսական կարևոր ֆունկցիաների խնդիրներ՝ խոսելու, ծամելու և սնունդ ընդունելու, ի վերջո ժպտալու, որ նրանք երբեք չտխրեն ու չկոմպլեքսավորվեն իրենց արտաքին տեսքից»,- ասում է Աննան և ավելացնում, որ բժշկական բնագավառից դուրս ոչ մի այլ հիմնական մասնագիտություն չէր ցանկանա ընտրել. «Երբ դեռ փոքր էի, ուզում էի կամ ճամփորդող լուսանկարիչ դառնալ ու նորանոր տեղեր բացահայտել ու սիրուն ֆոտոներ անել, կամ էլ՝ սոցիալական ոլորտում կամավորական աշխատանքներ կատարել, հասարակական միջոցառումներ կազմակերպել։ Վստահ եմ՝ ընտրածս մասնագիտությունը չի խանգարում համատեղել վերը նշվածներից և ոչ մեկը, որոնց մի մասն արդեն արել եմ, մնացածի համար էլ դեռ բավական ժամանակ ունեմ։ Ի դեպ՝ բժշկական համալսարանի հարյուրամյակին ընդառաջ պատրաստվում եմ մի հետաքրքիր միջոցառում կազմակերպել՝ TEDxHeratsiSt խորագրով»։
Լինելով Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող՝ կարծում է, որ ապագա մասնագիտական հաջողության հարցում ամենակարևոր գործոններից մեկը գործնական հմտությունն է։ «Հատկապես ցածր կուրսերում այդքան էլ հետաքրքիր ու հեշտ չէ անընդհատ պատմել գործողությունների մասին, որոնք երբևէ չես արել։ Հիմա այս հարցն իր լուծումն է ստանում է Ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնի ստեղծման շնորհիվ։ Ես վստահ եմ, որ այս խնդրի լիարժեք լուծմանն ուղղված դեռ նորանոր քայլեր կձեռնարկվեն և դրանք շարունակական կլինեն»,- ընդգծում է ապագա բժիշկը և ավելացնում, որ կուզեր յուրաքանչյուր լսարանում տեսնել անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն՝ բոլոր լեկցիաները ինտերակտիվ, հետաքրքիր ձևով անցկացնելու, յուրաքանչյուր թեմայի շուրջ ցանկացած հոլովակ, հոդված, նկար, սլայդ, պրեզենտացիա, կլինիկական դեպքեր նայելու, դիտելու, կարդալու, քննարկելու, թեման ավելի տպավորիչ ու անմոռանալի դարձնելու համար։
Անդրադառնալով հարցին, թե ԵՊԲՀ-ում ամենասիրելի վայրը որն է, ասում է. «Շատ եմ սիրում գմբեթի տակ գտնվող 5-րդ լսարանը: Երևի հնության ու մի տեսակ կոլորիտային ու խորհրդանշական լինելու, մեր տատիկ-պապիկների կամ ծնողների պատմած պատմությունների համար, կամ դեռ ցածր կուրսերի լեկցիաներից մնացած լավ հիշողությունների ու զվարճալի պատմությունների համար։ Նաև Հերացի թիվ 1 հիվանդանոցի բակը, քանի որ միշտ շատ ջերմ ու հանգիստ աուրա է փոխանցում:
Իսկ թե ո՞րն է ամենասիրելի տեսական ու կլինիկական առարկան և ովքե՞ր՝ սիրելի ու խստապահանջ դասախոսնորը, պատասխանում է. «Անցած առարկաներից ամենասիրելիներն ախտաֆիզիոլոգիան ու էնդոկրինոլոգիան, և վստահ եմ՝ լինելու է օրթոդոնտիան։ Դասախոսներից չեմ ցանկանա առանձնացնել կոնկրետ մեկին (չնայած որ մտքումս ունեմ), բայց կնշեմ անուններ, որոնք հետք են թողել իմ՝ թե որպես անձ, թե որպես ապագա մասնագետ ձևավորման հարցում, և որոնցից ես չեմ դադարում օրինակ վերցնել ու տարբեր հարցերում խորհուրդներ հարցնել մինչ օրս՝ Դավիթ Մհերիչ, Սարիբեկյան Տարոն, Մերի Հարությունովնա: Գուցե անհնար է այս ցանկում տեղադրել բոլորի անունները, ում ես, իրոք, կուզեի նշել, բայց ես անչափ շնորհակալ եմ իմ յուրաքանչյուր դասախոսից, որից սովորել եմ թեկուզ շատ փոքր, բայց ինչ-որ մի օգտակար բան։ Իսկ ոմանց հետ արդեն հասցրել ենք դառնալ շատ լավ ընկերներ:
Ապագա բժիշկը փաստում է՝ բժշկական համալսարանն իրեն տվել է տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, մեծ հարթակ է ստեղծել ապագա կոլեգաների հետ ծանոթանալու, ընկերանալու, շփվելու ու նրանցից նոր բաներ սովորելու համար: Տարբեր հիվանդանոցներում գտնվելու ու տարբեր մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու հմտություններ: «Դրական էմոցիաներ, ուրախ ու տխուր, լավ ու վատ պահեր, հիշողություններ, ձեռքբերումներ ու հիասթափություններ, որոնց համար ես շատ շնորհակալ եմ, քանի որ սա կյանքի մի փուլ է, որը նախապատրաստում է մեզ ապագայի էլ ավելի մեծ փորձություններին»,-եզրափակում է ԵՊԲՀ անվանական կրթաթոշակառուն։
Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը
Լուսանկարները՝ Աննա Գաբրիելյանի անձնական արխիվից