Ռազմական բժշկի ուղին ընտրելու պատասխանատվությունը պահանջում է ոչ միայն բժշկական գիտելիք և հմտություններ, այլև անսասան կամք, տոկունություն և պատրաստակամություն՝ դիմակայելու ցանկացած դժվարության։
Ռազմական բժիշկը հաճախ դառնում է կյանքի և մահվան սահմանագծին կանգնած մարդկանց հույսի ու աջակցության աղբյուր։
Այս պատասխանատվությունն ավելին է, քան աշխատանքը. դա երդման ներքո ապրելու ընտրություն է, որտեղ յուրաքանչյուր քայլ և որոշում կարող է ոչ միայն փրկել կյանքեր, այլև ազդել հայրենիքի ապագայի վրա։
Այս գիտակցումով 5-րդ կուրսի ուսանող Արամ Հակոբյանն ընտրել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը:
«Դպրոցն ավարտելիս կանգնած էի կարևոր ընտրության առաջ՝ ինչպես յուրաքանչյուր երիտասարդ, երբ կյանքի ուղին դեռևս անորոշ է թվում։ Սակայն մի բան հստակ գիտեի. ուզում էի դառնալ մասնագետ, որն իրական օգուտ կբերի մարդկանց։ Ռազմական բժշկի մասնագիտությունն այդ նպատակի լավագույն արտահայտությունն է։ Սա ավելին է, քան պարզապես մասնագիտություն. երկու համազգեստ կրելը նշանակում է կրկնակի պատասխանատվություն, բայց նաև՝ անսահման հպարտություն»,-ասում է ՌԲՖ կուրսանտը։
Մինչև ընդունվելը սպորտը նրա առօրյայի կարևոր մասն էր, և մարզվելու հանդեպ սերը մինչ օրս ուղեկցում է նրան՝ ավելացնելով ուժ և տոկունություն։
Համալսարանական ճանապարհն Արամը մեկնարկեց մեծ նվիրումով։
«Իմ օրերը բժշկականում հիմնականում անցնում են գրքերի և դասերի ընկերակցությամբ։ Այդուհանդերձ, սպորտը շարունակաբար ուժ է հաղորդում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»,-ավելացնում է նա՝ ընդգծելով, որ սովորելը ոչ միայն գիտելիք ստանալու, այլև սեփական սկզբունքներին ու արժեքներին հավատարիմ մնալու ճանապարհ է։
Այս հինգ տարվա ընթացքում բարձր գնահատակնները, առաջատար դիրքերում լինելն ինքնանպատակ չեն։ «Ես սովորում եմ, որովհետև գիտեմ՝ իմ գործն ավելին է, քան պարզապես աշխատանք. պարտավոր եմ երկու համազգեստն էլ արժանապատվորեն կրել։ Համալսարանական տարիները հենց այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք կատարելով, գիտելիքի պաշար հավաքելով, քարը քարի վրա դնել»,-հավելում է նա։
Արամ Հակոբյանն անվանական կրթաթոշակառուին ներկայացվող պահանջներին համապատասխանելով՝ այս ուսումնական տարի «Մերուժան Ստեփանյանի» անվան կրթաթոշակառու է:
«Սա ինձ համար ավելի քան գնահատական է. այն հիշեցում է, որ պետք է շարունակել ջանք չխնայել՝ իմ առաքելությունն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։ Հպարտ եմ, որ ինչ-որ առնչություն ունեմ Մերուժան Ստեփանյանի անվան հետ։ Մեծ պատիվ է արժանանալ նման հերոսի անունը կրող կրթաթոշակի»,- շեշտում է կուրսանտը։
Խոսելով ապագա մասնագիտացման ընտրության մասին՝ նշում է, որ ցանկանում է գտնել այն ուղին, որտեղ իր հմտություններն ու ջանքերը լավագույնս կծառայեն հայրենիքին և հասարակությանը։ «Ռազմական բժշկի ուղին հեշտ չի կարող լինել, բայց անում եմ ու կանեմ ամեն հնարավոր բան արժանապատիվ հայ և պիտանի մասնագետ լինելու համար»,- ասում է նա՝ ավելացնելով, չնայած նրան, որ համալսարանում կարելի է գտնե ամենատարբեր արտաքինով, բնավորությամբ և համոզմունքներով մարդկանց, նրանց բոլորին համախմբում է մեկ հատկանիշ՝ մարդասիրությունը․ սեփական ուժերի սահմաններում ինչ-որ չափով այս կյանքն ավելի լավը դարձնելու և մարդկանց օգնելու ձգտումը.
«Եթե այն բոլոր հատկանիշներին, որոնցով պետք է օժտված լինի բժիշկը, գումարենք ռազմական բժշկին անհրաժեշտ հատկանիշները, թերևս, կավելացնեմ անվերջանալի պատասխանատվության զգացումը։ Պատասխանատվություն՝ սեփական անձի, պացիենտի, ծառայակցի և ի վերջո հայրենիքի հանդեպ»:
Կարևորելով նաև առողջապահական համակարգի զարգացումը, «Մերուժան Ստեփանյանի» անվան կրթաթոշակառուն կարծում է, որ կանխարգելիչ բժշկության ուղղությամբ ավելի մեծ ներդրումներ կատարելը կարող է էականորեն բարելավել համակարգի ընդհանուր արդյունավետությունը։
Ապագա բժիշկներից յուրաքանչյուրի խոսքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ առողջապահական համակարգի հիմքը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը:
Արամ Հակոբյանը պատրաստ է շարունակել իր ընտրած ճանապարհն ամենօրյա աշխատանքով՝ արդարացնելով վստահությունը: