Ստոմատոլոգի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Անընդմեջ զարգացող այս ոլորտը շատերի համար ոչ միայն լոկ մասնագիտություն է, այլև սիրելի զբաղմունք, ոլորտ, որին նվիրում են գործունեության մեծ մասը:
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Ավետիսյանի հետ խոսել ենք ստոմատոլոգի մասնագիտության նրբությունների և առանձնահատկությունների մասին:
-Ինչպե՞ս որոշեցիք ընդւոնվել բժշկական համալսարան և ընտրել ստոմատոլոգի մասնագիտությունը:
-Բժիշկ դառնալու որոշումը եղել է մանկական տարիների երազանքի թելադրանք: Արժևորելով հայկական ավանդական ընտանիքի զավակ լինելս` փաստեմ, որ ինչպես բոլոր առնչվող հարցերը, այնպես էլ մասնագիտությանս ընտրությունը քննարկվեց ընտանեկան մեծ «խորհրդի նիստում»… Թեև մասնագիտության ընտրության ճանապարհին ընտանիքիս կողմից որպես այլընտրանք առաջարկվել է դաշնակահար դառնալու հնարավոր տարբերակը և հպանցիկ քննարկվել է նաև իրավագիտությունը, այնուամենայնիվ հաղթեց բժշկությունը՝ որպես հոգու մղում (ի դեպ, իմ բժիշկ դառնալը նաև տատիկիս փափագն էր, որը հետո դարձավ իմ ամբողջ ընտանիքինը): Իսկ թե ինչպե՞ս ընտրեցի ստոմատոլոգիան… Թեև իմ մանկական երազանքներում «ես սրտաբան էի»` տատիկիս բուժելու բաղձանքով, սակայն բուհ ընդունվելու ժամանակ այլևս տատիկիս ցավալի բացակայությունն ինձ «թույլ տվեց» համաձայնել իմ ընտանեկան «խորհրդի» հորդորներին և հրաժարվել նեղ մասնագիտական «ծանր» ուղղվածությունից` նախապատվությունը տալով դեղագիտությանը կամ ստոմատոլոգիային:
Բժիշկ դառնալու սևեռուն նպատակով, ծնողներիս, հարազատներիս, նաև այդ ժամանակ դեռ դպրոցահասակ եղբորս ու քրոջս բարոյական անչափելի աջակցությամբ, նրանց բոլորի ոգևորող սատարումն ու հույսերն արդարացնելու բարձր պատասխանատվության գիտակցմամբ, համառորեն գիշեր-ցերեկ պարապելով (բառերիս բացարձակ իմաստով, քանի որ այդ տարիներին ԵՊԲՀ-ում ընդունելության մրցակցությունը բավականին մեծ էր), ի վերջո ընդունվեցի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ստոմատոլոգիական ֆակուլտետ:
-Կպատմե՞ք ԵՊԲՀ ուսանողից դեպի աշխատակից ուղու մասին: Ի՞նչ գործունեություն եք ծավալել և ծավալում այժմ:
Ուսանողական տարիների ընթացքում երբևէ չեմ մտածել հետագայում ԵՊԲՀ-ում դասախոսական գործունեություն ծավալելու կամ առավել ևս ադմինիստրատիվ աշխատանք կատարելու մասին: ԵՊԲՀ-ում աշխատանքի անցա 2006թ., երբ դեռ սովորում էի կլինիկական օրդինատուրայի 2-րդ կուրսում (կլինիկական օրդինատուրան ավարտել եմ 2007թ.): Սկզբում համատեղում էի մասնագիտական կլինիկական գործունեությունն ու դասախոսական աշխատանքը, հետագայում գումարվեց նաև ադմինիստրատիվը: Աշխատանքային բոլոր տարիները զուգահեռաբար համատեղվել են և հիմա էլ ուղեկցվում են գիտական գործունեությամբ, միջազգային փորձի փոխանակմամբ, գիտական աշխատանքների հրապարակումներով, բժիշկների շարունակական կրթությամբ (կատարելագործումներ, վերապատրաստումներ):
-Դուք նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան եք: Կնշե՞ք, թե որոնք են փոխդեկանի պարտականությունները:
-2008 թվականից ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկանն եմ: Բժշկական կրթության կազմակերպումը միայն գիտելիքների ապահովումը չէ: Շատ կարևոր է նաև բժշկի բարոյական կերպարի՝ որպես մարդու տեսակի ձևավորումը: Բժշկական համալսարանն իր կրթության ոլորտի ստորաբաժանումների ողջ պոտենցիալով մեծապես նպաստում է դրան: Այդ գործում ամբիոնների և կլինիկաների հետ մեկտեղ շատ կարևոր և ուրույն դեր ունի դեկանատը՝ իր բազմակողմանի գործունեությամբ… Այս առումով ես չեմ ուզում և չեմ կարող տարանջատել իմ` որպես փոխդեկանի դերը դեկանատի ամբողջական գործառույթներից և ազդեցությունից: Մեր դեկանատը, լինելով բուհի ֆակուլտետային միավորներից մեկը, դեկանի գլխավորությամբ միասնական թիմ է, որի աշխատանքային արդյունքների վերլուծումն ու գնահատումն էլ ընդհանուր է այնպես, ինչպես մեր համալսարանն է ռեկտորի գլխավորությամբ մի համախմբված թիմ՝ պրոռեկտորների և տարբեր ատորաբաժանումների համակարգված գործունեությամբ:
Ի վերջո, չէ՞ որ օրգանիզմն էլ մեկ կառուցվածքաֆունկցիոնալ ամբողջություն է՝ օրգանների և օրգան-համակարգերի բազմազանությամբ:
– Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ուսանողությանը:
-Ես սիրում եմ իմ բոլոր ուսանողներին՝ իրենց առավելություններով և թերություններով հանդերձ: Եվ գուցե դա է պատճառը, որ նրանց բնութագրելիս փոքր-ինչ էմոցիոնալ մոտեցում դրսևորեմ, բայց կաշխատեմ առավելագույնս օբյեկտիվ լինել: Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, այդ թվում՝ մտավոր մեծ ներուժով, բազմակողմանի զարգացած, ստեղծագործ մտքով… Ինձ համար հատկապես աչքի ընկնող են մեծահոգի, պատվախնդիր, դաստիարակված, աշխատասեր, հայրենասիրությամբ տոգորված ուսանողները: Ցանկանում եմ, որ բարոյական բարձր արժանիքներով ուսանողները վարակիչ լինեն բոլորի համար, և Աստված բարեհաճ լինի նրանց կյանքի ու գործունեության հանդեպ:
– Ինչպիսի՞ն են դասախոս-ուսանող հարաբերությունները:
– Դասախոս-ուսանող փոխհարաբերությունները ես կարող եմ դիտարկել երկու ուղղություններով՝ իմ և իմ դասախոսների փոխհարաբերությունները, իմ և իմ ուսանողների փոխհարաբերությունները, և վերջում փորձել բնութագրել առհասարակ դասախոս-ուսանող փոխհարաբերությունները մեր բուհում:
Իմ և իմ դասախոսների միջև փոխհարաբերությունների ձևավորման առանցքում եղել են նրանց հանդեպ տածած իմ խորին հարգանքը, ակնածանքը և անհերքելի երախտագիտությունը: Այս վերաբերմունքը շարունակվել է նաև, երբ հետագայում մենք հաղորդակցվել ենք որպես գործընկերներ՝ փոխադարձաբար ձևավորելով դրական կենսադաշտ:
Իմ և իմ ուսանողների միջև փոխհարաբերությունների կառուցման հիմքում մի շարք անհրաժեշտ գործոնների հետ մեկտեղ կարևորում եմ նաև նրանց հանդեպ իմ սերը (առհասարակ սերը մարդկանց հանդեպ), նրանց իրավունքների և պարտականությունների հստակ տարանջատումը, այո´, նաև խստապահանջությունը… Որքան էլ կարևորեմ հոգատարությունն ու սրտացավությունն ուսանողի հանդեպ, այնուամենայնիվ, ակադեմիական սահմանները պետք է լինեն հստակ:
Ես չեմ ընկալում «վատ ուսանող» որակավորումը (խոսքը չի վերաբերվում չար մարդուն կամ մարդու չար արարքներին): Չկա «վատ ուսանող», կա նրանց նկատմամբ ոչ այնքան դիպուկ մոտեցում: Ի դեպ, չեմ հերքում, որ մոտեցումները երբեմն «թերապևտիկից» կարող են անցնել «վիրահատականի»:
Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ դասախոս-ուսանող փոխհարաբերությունները պետք է ունենան առողջ հիմքեր՝ փորձառության օրինակներով: Ի վերջո, յուրաքանչյուր դասախոս լսարան մտնելիս իր սեփական անձի մեջ կրում է նաև իր բոլոր դասախոսներին, պարզապես սերունդների սահուն հերթափոխում՝ տվյալ ժամանակի շնչով տոգորված:
-Եթե չընտրեիք բժշկությունը, ապա ո՞ր մասնագիտության մեջ Ձեզ կպատկերացնեիք:
-Կարծում եմ, որ ոչ միայն ես, այլև բոլոր նրանք, ում դեպքում բժշկությունը՝ որպես մասնագիտության ընտրություն, հոգու պահանջմունք է, մասնագիտական այլընտրանքների ինքնակամորեն չեն տրվում: Անշուշտ, կրկին կընտրեի բժշկությունը…
-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին՝ ոլորտի լավ մասնագետ դառնալու հարցում:
-Որպեսզի չձևավորվի տպավորություն, որ ուսանողներին առնչվող հարցերում դրսևորում եմ սուբյեկտիվ դրվատական վերաբերմունք, նշեմ նաև, որ թեև քիչ են, բայց կան նաև բացասական երևույթներ: Ես կցանկանայի, որ այդպիսի, թեկուզ սակավաթիվ դեպքերում, ուսանողները հիշեին այն ճշմարտությունը, որ «Երկաթը քայքայվում է իր ծնած ժանգից: Մարդը տառապում է իր իսկ անկատարությունից, որն արդյունքն է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների»: Կուզենայի, որ ուսանողներս ինքնակամ արմատախիլ անեն մոլախոտի պես աճող բացասական երևույթները. չէ՞ որ նրանք ունեն լավը վատից հստակ տարբերակելու ներուժ: Ուզում եմ, որ նրանք լինեն բազմազբաղ՝ ժամանակի արդյունավետ պլանավորմամբ ու գնահատմամբ, լինեն պահանջատեր ոչ թե անիրական գաղափարների թվացյալ «ձգտումով» ու ամպագոռգոռ խոսքերով, այլ, իրոք, պահանջկոտ առավելագույն գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական հմտացման փորձերում:
Խելամիտ, ազնիվ և արժանապատիվ լինեն նաև ազատատենչության մեջ ինքնադրսևորվելիս… Իսկ ազգային շահերին վերաբերող հարցերում լինեն «մեր»-ի գաղափարով ներշնչված: Եվ վերջապես ուզում եմ, որ երիտասարդներն իրենց զարգացման, թռիչքային առաջընթացի, միջազգային մրցունակության ու ճանաչման ձեռքբերման ճանապարհին հավատարիմ մնան իրենց գեներում պահվող հայի առանձնահատուկ տեսակի երաշխավոր` ազգային ինքնությանը, ազգային մշակույթին և սրբորեն փայփայեն մեր հավատը:
Ես հավատում եմ մեր ուսանողների և բուհի ներուժին: Ուսումնական գործընթացի ապահովման և դրան առնչվող այլ խնդիրներում երբևէ չեմ փորձի մեր Alma Mater-ը համեմատել ո´չ Հայաստանի և ո´չ էլ տարածաշրջանի այլ բուհերի հետ ուսանողակենտրոն ռազմավարության տեսակետից:
Ակնառու են նաև մեր բուհի միջազգային հաջողությունները: Եվ ես հավատում եմ, որ գալու է մի օր, երբ մեր բուհն իր երախտավոր սաների թևերով համաշխարհային բուհական համաստեղության մեջ կշողա լավագույններին բնորոշ շլացուցիչ փայլով՝ նպաստելով մեր հայրենիքի հետագա զարգացմանն ու առաջընթացին…