ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը Հյուսվածաբանության ամբիոնի հետ կազմակերպել էր «Հյուսվածքաբանությունը երիտասարդների աչքերով» խորագրով համալսարանական ուսանողական համաժողով, որի ընթացքում բժշկական մայր բուհի 10 ուսանող պրեզենտացիաներ ներկայացրեց:
Նախքան միջոցառման մեկնարկը, ուսանողներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը:
«Ուրախ եմ, որ այսօր կարողանում ենք ակադեմիական կրթական միջավայրից մի փոքր շեղում անել ակադեմիական գիտական միջավայր: Այն, ինչը մենք դասավանդում ենք առաջին կուրսից մինչև ավարտական, հետդիպլոմային կրթություն, այն, ինչը դուք ուսուցանում եք առաջին դասարանից մինչև ավագ դպրոց, ի վերջո հետազոտական և գիտական աշխատանքի արդյունք է, ինչը ստացել են գիտական փորձի, գիտական հիպոթեզի արդյունքում: Այսօր դուք ինքներդ կհամոզվեք դրա ճշմարտության մեջ: Ողջունելի է, որ մենք կարողանում ենք տաք պահել գիտական մթնոլորտը բժշկական բուհում»,-նշեց Գիտության գծով պրոռեկտորը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը շեշտեց՝ ոգևորիչ է նման միջոցառումների անցկացումը:
«Լավ է, որ շարունակվում են գիտական նման միջոցառումներ իրականացվել: Կարծում եմ, որ մենք կհանդիպենք նաև այլ ամբիոններում ձեր կատարած աշխատանքներին, և, ինչու չէ, ձեզանից շատերը հետագայում կդառնան գիտնականներ»,-մասնակիցներին վստահություն մաղթելով ասաց դեկանը:
«Կարևոր է, որ երկար դադարից՝ պատերազմից, կորոնավիրուսային համավարակից հետո կարողացանք վերսկսել մեր զանգվածային միջոցառումները, որոնք ոչ միայն մշակութային էին, այլև գիտական, կրթական: Ուսանողական միջոցառումները նպաստում են, որպեսզի ուսանողներն իրենց մասնագիտությունը, այն առարկաները, որոնք սովորում են ոչ միայն դասագրքից, այլև տարբեր աղբյուրներից որոշակի գիտելիքներով զինվեն և այն փոխանցեն միմյանց: Ավանդույթը, որը տարիներ առաջ կար, կամաց-կամաց վերականգնում ենք: Բոլորիս բարի ընթացք»,-նշեց Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը:
Միջոցառման ավարտից հետո ժյուրիի անդամները ընտրեցին լավագույն 3 զեկուցումները, որոնք հաղթող ճանաչվեցին:
Ժյուրիի կազմում էին ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարմեն Սահակյանը, Հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր, բուհի Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, Ֆարմակալոգիայի ամբիոնի դոցենտ Վարդուհի Պողոսյանը, Ուսանողական խորհրդարանի Ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը: