Բժշկական համալսարանի Կապույտ դահլիճը լի էր ապագա բժիշկներով և կլինիկական օրդինատորներով․ առիթը պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի 85-ամյա հոբելյանին նվիրված գիտաբժշկական քննարկումներն էին:
Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը․ «Ինձ համար մեծ պատիվ է որպես բժշկական համալսարանի ռեկտոր հանդես գալ մասնագիտական քննարկման այս հարթակից և ասել, որ ծրագիրը, որը կոչվում է «Վերադարձ», շատ մեծ նշանակություն ունի բժշկական համալսարանի կյանքում: Այս ծրագրի շրջանակում մեծանուն գիտնականները, բժշկապետերը վերադառնում են մայր բուհ և շարունակում իրենց կողմից ձևավորված շատ ազնվաբարո աշխատանքը՝ պատրաստել կադրեր: Նելլի Գուրգենովնան իր բարեխիղճ և կամեցող խառնվածքով մշտապես փորձում էր յուրաքանչյուրիս կյանքում իրականացնել ոչ միայն մասնագիտական, դաստիարակչական, այլև ապագան կերտող գործունեություն: Նա երբեք չէր սպասում գնահատականների: Անվանի պրոֆեսորը, եզակի մասնագետներից մեկը, ում գրած եզրակացությունները մնում էին անփոփոխ եվրոպական լրջագույն մասնագետների կողմից։ Այնուամենայնիվ, նա մշտապես պահանջում էր երկրորդ կարծիք»:
Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի ավագ որդու` PicsArt ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ մայրը հոգատար էր և շատ նվիրված իր գործին։ «Հասցնում էր զբաղվել և՛ երեխաներով, և՛ ընկերներով, և՛ հարազատներով։ Բոլոր առումներով օրինակելի անձնավորություն էր։ Մայրիկը մեր մեջ դաստիարակել է սեր դեպի կրթությունը, դեպի նոր գիտելիքը։ Երիտասարդների համար շատ կարևոր է սովորել օրինակների վրա, հասկանալ՝ որն էր արժեք ստեղծող մարդկանց հաջողության գրավականը։ Դա առաջնային է նաև նրանց զարգացման համար», – ընդգծեց Հովհաննես Ավոյանը։
Կրտսեր որդին՝ «Հերացի 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանն իր ողջույնի ելույթում շեշտեց․ «Առանց պաթանատոմների մենք՝ վիրաբույժներս, պրակտիկորեն չենք կարող մեր ամենօրյա աշխատանքը կատարել։ Մայրիկիս առաքելությունը ոչ թե գիտելիք տալն էր, այլ հենց իր ուսանողների մոտ մտածելակերպ փոխելը, առաջին հերթին, սերմանել հարգանք դեպի մասնագիտությունը, հարգանք պացիենտի հանդեպ, որովհետև յուրաքանչյուր փոքր հյուսվածքի կտորի, ապակու ետևում կանգնած է կոնկրետ մարդու ճակատագիր, և դատավճիռը շատ բան է որոշելու։ Շատերի տանը խոհանոցում խոհարարական գրքեր էին, մեր տանն ավելի շատ ախտաբանական անատոմիայի գրքեր էին։ Ընդհանրապես բժիշկների երեխաները «դատապարտված» են մեծանալ հիվանդանոցների միջանցքներում։ Ես բացառություն չեմ կազմել։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար, ես չեմ դարձել պաթանատոմ»։
Երախտագիտություն հայտնելով բժշկական համալսարանին և անձամբ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ Արմեն Ավոյանն ընդգծեց կոնֆերանսն ավանդական դարձնելու կարևորությունը։
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Նաիրա Կարալյանը հիշեցրեց, որ շուրջ 15 տարի Նելլի Խոստիկյանը ղեկավարել է վերոհիշյալ ամբիոնը։ «Նա վառ անհատականություն էր, նրա օրինակով նրա սաներն ու գործընկերները սովորել են ոչ միայն բժշկագիտության հիմունքները, վարել դասախոսություններ, զբաղվել գիտությամբ, այլև սովորել են ազնվություն, նրբանկատություն և սրտացավություն։ Պրոֆեսոր Խոստիկյանի հետ քննարկումները միշտ դուրս էին գալիս լսարանային սահմաններից, նա մեզ սովորեցնում էր՝ ինչպես լինել թիմի անդամ, ինչպես լինել նվիրված գործին և դիմանալ դժվարություններին՝ հավատարիմ մնալով քո սկզբունքներին։ Ինձ համար՝ որպես նրա երբեմնի սանի և ամբիոնի ներկայիս ղեկավարի այսօր միախառնված են և՛ հպարտության, և՛ պարտավորվածության զգացողությունները», – ասաց նա։
Այսօրվա միջոցառմանը, Նաիրա Կարալյանի փոխանցմամբ, յուրահատուկ տեղ է հատկացվել երիտասարդներին, որովհետև Նելլի Խոստիկյանը խրախուսում էր նրանց ակտիվությունը, և գիտության մեջ շարունակականությունը տեսնում էր հենց երիտասարդների ձայնը լսելի դարձնելու մեջ։ «Եվ այսօրվա մեր ձևաչափը՝ երիտասարդ ուսանողների և օրդինատորների զեկույցների տեսքով, հենց հարգանքի տուրքի հատուցում է այդ գաղափարին», – հավելեց համալսարանականը։
Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի գլխավոր ախտաբանաանատոմ Արմեն Մխիթարյանի համոզմամբ՝ բժշկագիտության ոլորտի այսօրվա զարգացումները կարելի է համեմատել ընդհանուր մարդկային գիտատեխնիկական զարգացման հետ, երբ հազարամյակներ առաջ մարդիկ ձիերի և ուղտերի վրա էին շարժվում, և վերջին հարյուրամյակի ընթացքում բոլորս նստեցինք մեքենաներ և ինքնաթիռներ։
«Այդպես էր նաև պաթոլոգիայում․ վերջին տասնամյակների ընթացքում պաթոլոգիայում ուրույն դեր ունեն արդեն թվային պաթոլոգիան և արհեստական բանականությունը», – նկատեց նա։
Ըստ Արմեն Մխիթարյանի՝ բավականին բարդ է առաջացնել և պահել երիտասարդների մեջ մոտիվացիան․
«Այդ առաքելությունն իրենց ուսերի վրա տանում են մեր երկու ամբիոնի վարիչները։ Եվ դեռ իր տասնամյակը չբոլորած Ախտաբանության փոքրիկ ամբիոնն օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների քանակով կարող է վկայել, որ այդ առաքելություն հաջող իրականացվում է»։
ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների կլինիկական ախտաբանության ծառայության ղեկավար, ԵՊԲՀ ախտաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Փառանձեմ Խաչատրյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում պաթոլոգը միկրոսկոպով ախտորոշում դնող բժիշկը չէ, ժամանակակից պաթոլոգիան թվային պաթոլոգիան է, վիրտուալ, անհատականացված կամ թիրախային բուժմամբ զբաղվող պաթոլոգիան է։
«Կուզեի Նելլի Գուրգենովնային տեսնել ձեր շարքերում նստած: Եթե այսօր այստեղ նստած լիներ, ես նրան կասեի, որ ամեն ինչ հասցնում եմ, որովհետև շատ եմ սիրում պաթոլոգիան, հասցնում եմ, որովհետև ինձ բախտ է վիճակվել ունենալ բավականին լավ թիմ: Մի հետաքրքիր մոտեցում ուներ նա, ասում էր․ եթե դուք ոչինչ չփոխեք և ոչինչ չսովորեք, վաղն անգործ եք մնալու, պաթոլոգիան արագ է զարգանում, և դուք այլևս ոչինչ չեք կարողանա անել․ նա ճիշտ էր», – նշեց Փառանձեմ Խաչատրյանը՝ շեշտելով, որ ուրախ է այս կարևոր միջոցառման անցկացման համար:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր գիտական զեկույցներին:
Մասնագիտական կարևոր հարցերին անդրադարձան ԵՊԲՀ ուսանողները, կլինիկական օրդինատորները: Պաթոլոգիայի ամբիոնի առաջին կուրսի օրդինատոր Խաչիկ Սուքիասյանը հանդես եկավ «Պաթոլոգիայի զարգացման պատմությունը» զեկույցով, նույն ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Անիել Դենիսը՝ «Ընտանեկան միջերկրածովային տենդի դիահերձման դեպքի վրա հիմնված դեպք և պատշաճ կառավարման արդյունավետությունը» թեմայով զեկույցով:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Վահե Բադալյանը խոսեց «Բարիատրիկ վիրահատություն և NAFLD» թեմայի մասին, նույն ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Ռազմիկ Սիմոնյանն անդրադարձավ SITUS INVERSUS-ի զարգացման պաթոլոգիական մեխանիզմներին:
Պաթոլոգիայի ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Սերգեյ Մանասյանի «Արհեստական բանականության դերը ախտաբանության մեջ» թեմայով զեկույցն ամփոփեց միջոցառումը: