Բժշկական համալսարանի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի անվանի բժիշկ-գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաքիմիկոս, բժշկական ինստիտուտի նախկին ռեկտոր (1968-1969թթ), ԽՍՀՄ Համամիութենական նեյրոխորհրդի անդամ Գաբրիել Խաչատրյանը:
«Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրում ենք պրոֆեսոր Խաչատրյանի հիշատակին, նրա ծննդյան 100-ամյա հոբելյանի օրը:
Բժշկագիտության պատմության էջերում պրոֆեսորի անունը վառ տառերով է գրված, նա մեծ ներդրում է ունեցել մեր երկրում կենսաքիմիայի զարգացման բնագավառում: Բժշկությունը նրա կյանքի ուղին էր, որտեղ յուրաքանչյուր բարդություն կամ դժվարություն մեծ պատասխանատվությամբ էր հաղթահարում:
Գաբրիել Խաչատրյանի մասնագիտական գիտելիքը և փորձը անգնահատելի արժեք է սերունդների համար:
Նա գործին անմնացորդ նվիրվելու օրինակ է եղել շատերի համար: Կրտսեր կոլեգաները փաստում են, որ ավագ ուսուցիչը գործը չի դիտարկել որպես աշխատանք, այլ մարդկանց օգնելու, գիտությունը զարգացնելու, սերունդներ կրթելու առաքելություն։
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 16-ին, Գորիսի շրջանի Բրուն (այժմ՝ Ակներ) գյուղում: Հայրենի գյուղում տարրական կրթություն ստանալուց հետո Վերիշենում ավարտել է յոթնամյակը և ընդունվել Գորիսի մանկավարժական ուսումնարան: 1940 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է որպես գյուղական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ: 1942 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ: Մեկ տարի անց գործուղվել է դիվիզիայի սերժանտական դպրոցում սովորելու: Պատերազմի ավարտից հետո մասնակցելով ևս մի հատուկ կարևոր օպերատիվ աշխատանքի՝ 1946 թվականին Գ. Խաչատրյանը զորացրվում է: Վերադառնալով նշանակվում է Բրուն գյուղի դպրոցի տնօրեն, այնուհետև՝ ՀԿԿ Գորիսի շրջկոմի հրահանգիչ 1947 թվականին ընդունվելով բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը՝ գերազանց առաջադիմության և հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար նա արժանանում է ինստիտուտի անվանական ամենաբարձր՝ ստալինյան կրթաթոշակի:
Ինստիտուտն ավարտելուց հետո Գաբրիել Խաչատրյանին գրավում է ոչ թե բժիշկ-կլինիցիստի, այլ տեսաբանի մասնագիտությունը: 1953 թվականին հաջողությամբ ավարտելով ինստիտուտը՝ ընդունվում է կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտուրան, որում ուսանելու տարիներին զբաղվում է գիտական ուսումնասիրություններով, որի ընթացքում կուտակած նյութը նրան հնարավորություն է տալիս 1956 թվականին հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:
1955 թվականին ընտրվելով ինստիտուտի կուսակցական սկզբնական կազմակերպության քարտուղար՝ շուրջ 1 տարի ղեկավարում է այդ բազմամարդ կոլեկտիվը: 3 անգամ անընդմեջ կուսակցական կազմակերպության ղեկավարի պաշտոնում ընտրվելով՝ իր գործունեությունը նպատակաուղղում է ժամանակին ընդունված կառավարության և կուսակցական վերադաս մարմինների որոշումների կատարմանը:
1964 թվականին հաջողությամբ պաշտպանելով ատենախոսությունը՝ ստանում է գիտության դոկտորի գիտական աստիճան, այնուհետև՝ պրոֆեսորի կոչում:
Հինգ տարի զբաղեցնելով գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը՝ անվանի գիտնականը զգալի աշխատանք է կատարել ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադրման, աշխատակազմի ընտրության, ժամանակի պահանջներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
1967 թվականին Գաբրիել Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվում է ուղեղի բիոսինթետիկ ռեակցիաների գիտահետազոտական լաբորատորիա, որը ղեկավարում է ավելի քան 17 տարի:
1968 թվականի ապրիլին նա նշանակվում է բժշկական ինստիտուտի ռեկտոր՝ այդ պաշտոնը վարելով մինչև հաջորդ տարվա հունվար ամիսը, այնուհետև շարունակելով իր գործունեությունը կենսաքիմիայի ամբիոնում՝ ղեկավարելով իր հիմնադրած օղակի գիտահետազոտական գործունեությունը: 1983 թվականին նա ազատվում է աշխատանքից, իսկ 1984 թվականին ընդունվում է ԽՍՀՄ առողջապահության նախարարության թունաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը՝ զբաղեցնելով ավագ գիտաշխատողի պաշտոն:
1989 թվականին Գաբրիել Խաչատրյանը վերադառնում է մայր բուհ՝ դարձյալ զբաղեցնելով կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսորի իր նախկին պաշտոնը: Մեծ մտահորիզոնի տեր գիտնականն ուներ մանկավարժական բարձր վարպետություն, ուսանողների վրա ներգործելու բացառիկ ունակություն: Նրա դասախոսությունները միշտ անցնում էին գիտական բարձր մակարդակով՝ ուսանողների մոտ առաջացնելով մեծ հետաքրքրություն այն նյութի նկատմամբ, որը նա ներկայացնում էր:
Բժիշկ-գիտնականի աշխատանքները նպաստել են բժշկության շարունակական առաջընթացին: Գաբրիել Խաչատրյանի աշխատանքներում մեծ տեսակարար կշիռ ունեն մոլեկուլյար և ֆիզիկաքիմիական կենսաբանության և նյարդաքիմիայի կարևոր ասպեկտների ուսումնասիրությունները: Ժամանակին մեծ գործնական հետաքրքրություն էին ներկայացնում Գ. Խաչատրյանի և նրա աշխատակիցների ուսումնասիրությունները ուղեղում ուրիդիլտրանսֆերազային համակարգի, կատեխոլամինների և սերոտոնինի քիմիայի և կենսաքիմիայի վերաբերյալ՝ օրգանիզմի ծայրահեղ վիճակների ժամանակ անհրաժեշտ բուժամիջոցների մշակման գործում:
Գ. Խաչատրյանը հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, որոնց թվում մեծ արժեք են ներկայացնում «Նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում գլխուղեղի կենսաքիմիան. Հեքսոզոմոնոֆոսֆատային շունտն ուղեղում» և «Նուկլեինաթթուների կենսաքիմիան և գլխուղեղի բարձրագույն ֆունկցիաները» մենագրությունները։
Առանձին տեղ է գրավում նաև բժշկական բուհերի ուսանողների համար նրա գրած կենսաքիմիայի դասագիրքը, որը նա ավարտին է հասցրել 1997թ. անմիջապես մահվանից առաջ, իսկ լույս է տեսել 2001թ.։ Նա պատրաստել է շուրջ 25 գիտության դոկտոր և թեկնածու։
Ամփոփելով հավելենք, որ կյանքի վերջին տարիներին գիտնականի հետաքրքրությունը ուղղված էր ժողովրդական տնտեսության մեջ լայնորեն օգտագործվող բուսական աճի կարգավորիչների՝ պեստիցիդների և սինթետիկ այլ քիմիական նյութերի՝ նյարդաբջիջների գենետիկական ապարատի վրա ունեցած ներգործության պրոբլեմին: Անվանի գիտնականը զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Կանադայում՝ ներկայացնելով Հայաստանում կենսաքիմիական դպրոցի բարձր մակարդակը:
Գաբրիելի Խաչատրյանի դուստրը ՝ Վարդուհի Խաչատրյանը ևս բռնել է հոր ուղին: Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտը երկար տարիներ աշխատում է բժշկական մայր բուհում՝ վառ պահելով ոչ միայն հոր հիշատակը, այլև նվիրվելով բժշկագիտությանը, սերունդների համար օրինակ ծառայելով:
«Սոմնուս» նյարդաբանական (Քնի և շարժողական խանգարումների) կլինիկայի ղեկավար, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Սամսոն Գաբրիելի Խաչատրյանը հաջողությամբ շարունակում է ընտանիքի ավագի առաքելությունը` մասնագիտությունը նվիրելով բժշկագիտությանը և մասնավորապես նյարդագիտությանը: ԵՊԲՀ շրջանավարտը տարբեր վերապատրաստումներ է անցել արտերկրում, իր գործունեությունը բավականին հագեցած է կլինիկական պրակտիկ աշխատանքով, դասախոսական և գիտական գործունեությամբ:
«Պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանն իմ պապն է, հայրն է, կյանքի և բժշկագետի մասնագիտության ուսուցիչը: Ես փոքրուց վայելել եմ նրա հոգատարությունն ու ուշադրությունը մինչև անժամանակ մահը` 1997 թ.: Երբ ես քիչ թե շատ պատանի էի, թե՛ հարազատների, թե՛ տարբեր առիթներով հանդիպումներին ներկա իր գործընկերների ու աշխատակիցների վերաբերմունքից զգում էի, որ նա մեծ հարգանք վայելող մեծ բարձունքների հասած անձնավորություն է: Բոլոր իր շփումներում նա փորձում էր իմ մեջ սերմանել հենց գիտականորեն մտածելու, փաստերով աշխատելու մոտեցումը»,- մեր խնդրանքով պատմում է Սամսոն Խաչատրյանը` խոստովանելով, որ բավականին դժվար է համառոտ ամփոփել, ձևակերպել իր կյանքում կարևորագույն հետք թողած հարազատի մասին ասելիքը:
Հիշում է, որ քնում և արթնանում էր Գաբրիել Խաչատրյանի հավաքած գրադարանում, ամեն օր աչք բացելիս հնարավորություն ունենալով տեսնել հրաշալի գրքերի բազմություն, որոնք նվիրված էին բժշկությանը, հիմնականում ֆունդամենտալ առարկաներին, կենսաքիմիային, հատկապես նեյրագիտությանը, ինչն էլ նրա մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել:
«Գրադարանում տեղ էին գտած նաև նրա գրված գրքերը, նրա հոդվածներով ժողովածուները, որոնք նույնպես ես շատ էի կարևորում: Իհարկե, այդ հրատարակություններն իմ կողմից ենթարկվում էին որոշ ուսումնասիրությունների, այդ ընթացքում ես, կարելի է ասել, հասցրեցի «վարակվել» այդ ամենով, գիտակցաբար հպարտանալով պրոֆեսոր, օրինակելի գիտնական և հրաշալի դասախոս Գաբրիել Խաչատրյանի անցած ուղով»,- ասում է Սամսոն Խաչատրյանը` հավելելով, որ իրեն բախտ է վիճակվել բժշկական համալսարանում ուսանելու առաջին կիսամյակը պապի հետ անցնել, չնայած նրա առողջական խնդիրներին, ուշադիր հետևում էր և հետաքրքրվում թոռան ուսումնառությամբ:
Գաբրիել Խաչատրյանի մահը դժբախտություն, բայց և մեծ պատասխանատվություն էր Սամսոնի համար`շարունակելու պապի հետագա ճանապարհը:
Ուսման տարիներին փորձել է խորապես ըմբռնել նրա գիտական աշխատանքների էությունը` ավելի շատ գիտելիք ձեռք բերելով, դրանց նշանակությունը կարևորելով: Շնորհիվ պապի նա դեռ փոքրուց կարողացավ իմանալ, որ կա գիտություն, ուղի, որով մարդը պետք է անցնի` ձևավորվելով որպես գիտնական, երբ պետք է հավաքես գիտական նյութը, ճիշտ ամփոփես և մեկնաբանես, հետո կարողանաս պաշտպանել, առաջ քաշել եզրակացությունները, մտքերը նաև միջազգային հարթակներում:
«Այո’, պարզվում է կային մեծ հավաքներ, որտեղ մարդիկ տարբեր ծայրերից գալիս են կիսվելու և կարծիքներ հավաքելու, կառուցողական քննադատության ենթարկվելու: Ես շատ կցանկանայի, որ նա տեսներ իմ բժշկի դիպլոմը, նյարդաբանի դիպլոմը, քննարկեինք, օրինակ, իմ առաջին կոնֆերանսին ներկայացված թեզիսը, դրա բովանդակությունը, կիսեր ինձ հետ առաջին տպագրված հոդվածի բերկրանքը»,- ընդգծում է բժիշկը` ավելացնելով, որ առաջխաղացման հետագա փուլերին պապը վստահաբար կցանկանար ներկա լինել:
Նրա գնահատմամբ` պապն իր կյանքի առաջին ու գլխավոր ուսուցիչն է եղել, որին հաջողվել է հարաբերություններում գտնել բանաձևը` ուշադիր և հոգատար ծնողի հետ միաժամանակ սերմանել ակադեմիական իմաստություն և ցույց տալ բժշկագիտության անսահման գեցեղկությունն ու լիցքավորել այդ սիրով ընդմիշտ:
Բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել լսել Գաբրիել Խաչատրյանի դասախոսությունները, աշակերտել նրան, ովքեր գնահատում ու հիշում են բժշկագիտության նահապետին, մաղթում ենք հաճելի ընթերցում: