Անվանի ուռուցքաբան Գրեգ Կալեմկերյանին Գիտական խորհրդի նիստում շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում

Անվանի ուռուցքաբան Գրեգ Կալեմկերյանին Գիտական խորհրդի նիստում շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում

2025-2026 ուսումնական տարում Գիտական խորհրդի առաջին նիստը հագեցած էր շուրջ մեկ տասնյակ հարցերով։ Հանդիսավոր հատվածից մինչև աշխատանքային, կազմակերպչական, կարգապահական ու անվտանգային հարցեր գտնվում էին ուշադրության կենտրոնում։

Նիստի մեկնարկին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց համալսարանի պահպանության ծառայության աշխատակիցներին՝ համալսարանում տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած երկու պատահարի ընթացքում հրատապ գործողությունների և արագ արձագանքի համար։

Օրեր առաջ համալսարանի լաբորատոր մասնաշենքի աշխատասենյակներից մեկի լաբորատորիայում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով հոսպիտալացված Խաչիկ Մարտոյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ռեկտորը բարձր գնահատեց ծառայության ընթացքում նրա դրսևորած անձնուրացությունը։

Հաջորդիվ ներկայացվեց Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր Գրեգ Կալեմկերյանին բժշկական բուհի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը։

«Թիվ մեկ խնդիրն աշխարհում վերցնելով իր հեղինակավոր ուսերի վրա՝ նա կարողացել է այն ձևավորել որպես պրոտոկոլ, և ամբողջ աշխարհում իր հեղինակած գործելակարգով բուժում են թոքի քաղցկեղը։ Այսօր մեզ հետ է մեր հայրենակիցը, ով համալրելու է մեր համալսարանի պատվավոր դոկտորների շարքը»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ խոսքը տրամադրելով Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանին։

«Մեծ պատիվ է ներկայացնել պրոֆեսոր Կալեմկերյանին, ով միջազգային ճանաչում ունեցող NCCN (National Comprehensive Cancer Network) ուղեցույցների հեղինակ է, Միչիգանի համալսարանի ներքին հիվանդությունների պրոֆեսոր։ Բժշկական կրթություն է ստացել Նյու Յորքում, այնուհետև մասնագիտացել է ուռուցքաբանության բնագավառում։ Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատանքի։ Նա հեղինակել և ձևավորել է NCCN-ի ոչ մանր բջջային թոքի քաղցկեղի ուղեցույցը, որով մենք բոլորս աշխատում ենք վերջին երեք տարում»,- նշեց Լիլիթ Հարությունյանը՝ ընդգծելով այն կարևոր ներդրումը, որն ունի  պրոֆեսորը նաև Հայաստանում ուռուցքաբանության զարգացման մեջ՝ ղեկավարելով թոքի քաղցկեղին նվիրված յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անցկացվող առցանց քննարկումները։ Դրանց ընթացքում մեր երկրի բոլոր ուռուցքաբանները և կլինիցիստները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց պացիենտների բարդ դեպքերը և ստանալ փորձագիտական կարծիք նրա մեկնաբանությամբ, ինչը բարձրացրել է թե՛ պացիենտների բուժման արդյունավետությունը, թե՛ ուռուցքաբանների մասնագիտական որակը։

«Գիտական խորհրդի նիստից առաջ պրոֆեսորը դասախոսեց բժշկական համալսարանի ուսանողներին, և վստահ ենք, որ շատերը նրա օրինակով կներշնչվեն և հետագայում կընտրեն այս մասնագիտությունը։ Բացի կլինիկական և գիտական հաջողություններից՝ նա նաև բացառիկ բարի և մեծահոգի մարդ է՝ բոլորին օգնելու բարձր պատասխանատվությամբ։ Սա նրա առաջին, բայց ոչ վերջին այցն է Հայաստան, և մենք հպարտ ենք ներկայացնել նրան ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում ստանալու համար՝ շնորհակալություն հայտնելով ռեկտորին և Նոմինացիոն կոմիտեին»,- հավելեց ամբիոնի վարիչը։

Հայ կրտսեր կոլեգաների հետ արդյունավետ գործակցության և կոչում ստանալու առիթով խոսք ասաց Գրեգ Կալեմկերյանը

«Մոտ տասը տարի առաջ ես հանդիպեցի բժիշկ Գևորգ Թամամյանին, ով ինձ ծանոթացրեց այստեղի օնկոլոգիական թիմին։ Համալսարանական երիտասարդ մասնագետների հետ համագործակցության և ընկերության այս հնարավորությունն իմ կարիերայի ընթացքում ամենահաճելի ու ուրախալի փորձառություններից էր։ Շնորհակալություն ձեր հյուրընկալության և այս արտոնության համար»։

Յուրաքանչյուր տարի Սթենֆորդի համալսարանը և հեղինակավոր գիտական հրատարակությունը Elsevier-ը ամփոփում և հրապարակում են աշխարհի գիտնականների առաջատար 2%-ի ցանկը (“Top 2% of the Scientists in the World”), որտեղ ներառված են տարբեր մասնագիտություններ ներկայացնող գիտնականներ։ Ընտրությունը կատարվում է 22 գիտական ճյուղից և 174 ենթաճյուղից՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ հեղինակի ցիտումների և ինքնացիտումների քանակը, h-index-ը, տպագրված աշխատանքները և դրանցում հեղինակի գործառութային դերը, ինչպես նաև c-score-ը (հրապարակումների որակական ազդեցությունը գնահատող ցուցանիշ, որը ներառում է նաև հեղինակների և համահեղինակների վերաբերյալ տեղեկատվություն)։

Այս հեղինակավոր ցուցակում է նաև բժշկական գիտությունների թեկնածու, Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ստոմատոլոգիա» կրթական ծրագրի ղեկավար Արտակ Հեբոյանը, ով պահպանել է այս կարգավիճակը նաև այս տարի։

Այս մասին խոսելով՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ բժշկական համալսարանում աշխատում են այսպիսի մարդիկ, ովքեր իրենց պրակտիկ գործունեությունից զատ կարողանում են հասնել մեծ գիտական հաջողությունների։

Գնահատանքի և բարձր ամբիոնից այս հնչեցնելու առիթով Արտակ Հեբոյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը։

Ընտանիքի դիմումի համաձայն, Նոմինացիոն կոմիտեի հաստատմամբ և Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի միջնորդությամբ «Վերադարձ» ծրագրի շրջանակում քննարկվեց Գագիկ Ալֆրեդի Պիվազյանի անվան լսարանի անվանակոչման հարցը։

Կենսաքիմիական մասնաշենքում տեղակայված 5-րդ լսարանը կրելու է բուհի շրջանավարտ, անվանի վիրաբույժ, Ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոնի երկարամյա աշխատակցի անունը։ Ընտանիքը ստանձնել է լսարանի համապարփակ վերանորոգման և կահավորման պարտավորությունը։ Պրոֆեսոր Մուրադյանը փաստեց, որ վիրաբույժը մեծ հեղինակություն էր վայելում, և հատկապես ավագ սերունդը տեղյակ է նրա գործունեության մասին։ Նրա խոսքով՝ «Վերադարձ» ծրագիրը շոշափելի իրականություն է, և արդեն բազմաթիվ լսարաններ վերանորոգվել են այս նախաձեռնության շնորհիվ։

«Լսարանը նշանակությամբ կարևոր է, այն փաստացի բուհի խորհրդանիշներից է»,- շեշտեց ռեկտորը։

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մարիամ Սարգսյանը Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում գրանցել է փայլուն հաղթանակ՝ դառնալով աշխարհի չեմպիոն աջ ձեռքով պայքարում։ Նախքան այս՝ նա հասցրել է դառնալ մի շարք մրցաշարերի ու միջբուհական առաջնությունների հաղթող, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Նրա հաղթանակին անդրադարձ կատարվեց և շնորհավորական խոսք հղվեց նաև Գիտական խորհրդի նիստում։

Մարիամ Սարգսյանը ամբիոնից շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ իրեն քաջալերելու, ուժերին հավատալու և ուսումնառությանը աջակցելու համար։

Հաջորդիվ հաստատվեց Գիտական խորհրդի 2025-2026 ուսումնական տարվա աշխատանքային պլանը, մի շարք բուհական կանոնակարգեր: