Անվտանգ ներարկումները՝ վարպետաց դասի թիրախում

Անվտանգ ներարկումները՝ վարպետաց դասի թիրախում

Բժշկական համալսարանում հերթական վարպետաց դասը` «Անվտանգ ներարկումների իրականացումը գործնականում» թեմայով, այս անգամ բուժքույրերի համար էր:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, ողջունելով մասնակիցներին և անդրադառնալով Պացիենտի անվտանգության համաշխարհային օրվա՝ «Պացիենտի անվտանգությունը սկսվում է սկզբից» կարգախոսին՝ որպես ծննդատանը երկար տարիներ մասնագիտական գործունեություն ծավալած համաճարակաբան, փաստեց.

 «Այո՛, ամեն ինչ սկսվում է հենց սկզբից, և ամենառիսկային խումբը՝ որպես պացիենտ, հենց նորածիններն են, հատկապես՝ մեր անհաս նորածինները։ Աշխարհն այսօր խոսում է 280 գրամ ծնված նորածնի մասին, որն ապրելու շանսեր ունի և այսօր ապրում է Ճապոնիայում։ Հայաստանում ապրելիություն գրանցած առաջին նորածինը 500 գրամ է եղել։ Այսինքն՝ պատկերացրեք ափից փոքր ծնված երեխա, որն ապրել է։ Սա նույնպես բուժաշխատողների շնորհիվ է, որովհետև այսօր նեոնատոլոգիան գրանցել է սրընթաց զարգացում»։

Համալսարանական մասնագետը ևս մեկ անգամ ընդգծեց անվտանգ ներարկման կարգախոսը՝ «Մեկ ասեղ, մեկ ներարկիչ, մեկ անգամ=զրո վարակ»։

«Բժշկական կազմակերպություններում ներարկումներով պայմանավորված վարակներ, դրանց առաջացման ռիսկերը տարբեր եղանակով ներարկումների դեպքում» խորագրով զեկույցի շրջանակում Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց ներարկիչների էվոլյուցիան, մասնավորապես՝ 1850-ականերին Ալեքսանդր Վուդի կողմից հայտնագործված առաջին ներարկիչը, ապա՝ ապակյա ներարկիչները, որոնք ստերիլիզացման կարիք ունեին, և վերջապես Ֆիլ Բրուկսի կողմից 1974 թվականին առաջին անգամ առաջարկված միանվագ օգտագործման ներարկիչները, որոնք այսօր կիրառվում են կլինիկական առօրյայում։ Ընդ որում՝ նա շեշտեց, որ պատվաստումների համար օգտագործվում են ավելի առաջադեմ՝ ինքնաարգելափակվող ներարկիչներ։

Անդրադառնալով անվտանգ ներարկման զարգացման գործընթացին՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ աշխարհում տարեկան 16 միլիարդ մարդ ստանում է ներարկում․ «Մեծ մասը բուժական խնամքի ներարկումներն են, ընդամենը 5%-ն են կազմում պատվաստումները»։

Խոսելով ներարկումների տեսակների մասին՝ Մերի Տեր-Ստեփանյանն առանձնացրեց մկանային, ենթամաշկային, ներերակային և ներմաշկային ներարկումները, ներկայացրեց դրանցից յուրաքանչյուրի տեխնիկան։

Համաճարակաբանության ամբիոնի վարիչը վերհանեց 4 հիմնական խնդիր, որոնց հետևանքով ներարկումը կարող է դառնալ պոտենցիալ վտանգավոր․

  1. Ներարկման սարքավորումների վերաօգտագործում,
  2. Պատահական ծակոցները բուժաշխատողների շրջանում,
  3. Ներարկումային տարբերակով նշանակման չարաշահում,
  4. Վտանգավոր թափոններ։

Մերի Տեր-Ստեփանյանն ընդգծեց անվտանգ ներարկման 3 բաղադրիչները՝

  • պացիենտի անվտանգությունը,
  • բուժաշխատողի անվտանգությունը,
  • արտաքին միջավայրի անվտանգությունը։

Ամփոփելով զեկույցը՝ նա կոչ արեց բուժաշխատողներին բոլոր իրավիճակներում լինել առավելագույնս զգոն։

Անվտանգ ներարկման գործնական ուղեցույցի համաձայն՝ վարպետաց դասի շրջանակում անցկացվեց նաև ներարկումների ընթացակարգերի վերաբերյալ գործնական հմտությունների զարգացման փուլը:

Նշենք, որ հաշվի առնելով թեմայի հանդեպ բուժաշխատողների աննախադեպ հետաքրքրվածությունն ու պահանջարկը՝ առաջիկայում վերլուծական կենտրոնի կողմից կկազմակերպվի նույն թեմայով ևս մեկ հավաստագրված դասընթաց: