Լևոն Գասպարյանը մանկուց է առնչվել բժշկության հետ և երբեք չի երկմտել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Հայրը բժիշկ է` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ: Մանկուց հաճախ էր հոր հետ աշխատանքի գնում և հիանում նրա աշխատանքով, հատկապես նորածինների հետ: Դպրոցում էլ իր համար ամենահետաքրքիրը հենց բնագիտական առարկաներն էին, որոնց օլիմպիադաներում մեծ հաջողությունների էր հասել, այդ թվում` մասնակցելով Կենսաբանության միջազգային օլիմպիադային: 2014 թվականին սպասելիքներն արդարացան և անվճար հիմունքներով ընդունվեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ, որն ավարտեց օրեր առաջ` գերազանց առաջադիմությամբ:
«Ուսումնառությանս վեց տարիները լի էին վերելքներով ու վայրէջքներով, հաղթանակներով ու պարտություններով, ձեռքբերումներով ու կորուստներով, որոնցից յուրաքանչյուրը յուրովի օգնել է կայանալ` ինչպես կյանքում, այնպես էլ մասնագիտական ոլորտում: Առաջին կուրսից հանդիսանում եմ ՈւԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ, արդեն մեկ տարի է այդ նույն հանձնաժողովի նախագահն եմ: Հենց այստեղ էլ բացահայտեցի ինձ շատ հետաքրքրող ևս մեկ ուղղություն, այն է` կրթության կազմակերպումը»,-պատմում է ԵՊԲՀ շրջանավարտը՝ հավելելով, որ կրթությանն ու ուսումնական գործընթացին վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ բազմիցս քննարկումներ են ունեցել համալսարանի ղեկավարության հետ, ներկայացրել են մի շարք առաջարկներ, ծրագրեր, որոնցից որոշներն արդեն իրականացել են: Այժմ էլ ակտիվ քննարկումներ են ունենում առցանց կրթության կազմակերպման, ինչպես նաև բժշկական կրթության մեջ էլեկտրոնային հարթակների և գործիքների կիրառման թեմաներով: Առաջիկայում սովորողն ամենայն հավանականությամբ ընտրելու է անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունը, քանի որ այն ամենաընդգրկունն է. իր մեջ ներառում է գրեթե ողջ բժշկությունը, պահանջում է, թե տեսական կատարյալ գիտելիքներ, և թե գործնական բացառիկ հմտություններ:
«Եվ երևի թե հենց այդ բարդությունն է, որ գրավել է ինձ այս մասնագիտության մեջ: Չեմ բացառում նաև, որ մի օր կզբաղվեմ կրթության կազմակերպմամբ ու զարգացմամբ (իհարկե առողջապահության ոլորտում): Սակայն դեռևս պարտք ունեմ հայրենիքիս հանդեպ կատարելու: Ընտրելով «1+2» ծրագիրը, մեկ տարի կսովորեմ ինտերնատուրայում, որից հետո երկու տարի կծառայեմ Հայոց բանակում, որպես բժիշկ-լեյտենանտ»,- մանրամասնում է Լևոնը։
Անդրադառնալով այս տարի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, որտեղ Հիպոկրատի երդում տված ԵՊԲՀ 889 շրջանավարտի շարքում էր նաև ինքը՝ Լևոն Գասպարյանը նշում է, որ անկախ այն փաստից, որ ավարտական երեկոն կազմակերպվեց առցանց հարթակում, երեկոյի գլխավոր իրադարձությունը` երդման արարողությունը, նույնքան պարտավորեցնող և հիշարժան էր, որքան սովորական պայմաններում տրվող երդումը: Նրա խոսքով՝ բավականին տպավորիչ էր այն մտահաղացումը, որ երդումը կարդում էին դեկանները: Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի գնահատմամբ՝ բժշկին առավել անհրաժեշտ հատկանիշներից են աշխատասիրությունը, մարդասիրությունը, համբերատարությունը, նվիրվածությունը, ազնվությունն ու կատարելագործվելու ձգտումը: Ինչպես ցանկացած մասնագիտության, բժշկության մեջ հատկապես, կարևոր է հզոր կամքի ուժ ունենալը, քանի որ այս ուղին առավել երկար է ու դժվարին: Նրանց, ովքեր պատրաստվում են բժիշկ դառնալու որոշում կայացնել, խորհուրդ է տալիս չշտապել, լավ մտածել և գնահատել սեփական կարողություններն ու ներուժը, քանի որ բժշկի մասնագիտությունը խիստ պատասխանատու է: «Եվ իհարկե ցանկացած մասնագիտության դեպքում ամենակարևորն ու մոտիվացնողը սերն է ընտրածդ մասնագիտության, իսկ բժշկության դեպքում` նաև մարդկանց հանդեպ»,- ընդգծում է ԵՊԲՀ շրջանավատը։
Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան