Ռոբերտ Անտոնյանը ԵՊԲՀ է ընդունվել 2019 թվականին։ Նա սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։
«Չնայած հանգամանքին, որ իմ ընտանիքում մասնագիտությամբ բժիշկներ չկան, միշտ սիրել եմ բժշկի մասնագիտությունը և կարևորել այն որակները, որոնք ունի լավ բժիշկը․ մարդասիրություն, արհեստավարժություն, արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն, հանդարտություն և ամենակարևորը՝ հետևողականություն»,– նշում է ապագա բժիշկը։
Ռոբերտը նշում է, որ բժիշկ դառնալն իր համար ոչ միայն մասնագիտություն է, այլև առաքելություն՝ արժևորելու այլոց կյանքը, իմաստավորելու իրենը։
«Ուսումնառությունը դժվար և պատասխանատու գործընթաց է, իմ կարծիքով՝ նման քայլ առ քայլ դժվար վերելք հաղթահարելուն։ Սովորելու ընթացքում փորձել եմ կարևորել յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր հասկացություն։ Ուզում եմ ընդգծել, որ բուհում ուսումնառությունը դժվար էր, արդյունքը՝ պարտավորեցնող։ Այդ ընթացքում ոչ միայն տեսական և գործնական կայուն գիտելիք ձեռք բերեցի, այլև զարգացրի ժամանակը ճիշտ և արդյունավետ տնօրինելու, կարևորը երկրորդականից առանձնացնելու, սեփական ուժերը և հնարավորությունները գնահատելու կարողություններն ու հմտությունները»,– շեշտում է Ռոբերտ Անտոնյանը։
Նա նաև կարևոր է համարում սովորել կարողանալու կարողությունը։ «Այն լավ մասնագետ դառնալու հիմքն է՝ սովորել միշտ և անդադար։ Յուրաքանչյուր դեպք, փորձություն պետք է համարել սովորելու, դաս քաղելու, փորձառություն ձեռք բերելու միջոց, ուսումնասիրել լավագույն նորարարական մասնագիտական փորձը՝ համադրելով ավանդականի հետ։ Մարդ պետք է ոչ միայն սերտի, այլ նաև իմանա՝ ինչպես կիրառել այդ գիտելիքները։ Լավ մասնագետ լինելու համար կարևոր է և՛ տեսական պատրաստվածությունը, և՛ մարդկային մոտեցումը։ Պետք է ունակ լինես լսել պացիենտին, հասկանալ, զգալ՝ ոչ միայն ախտանիշը, այլ մարդուն ամբողջությամբ»,– ասում է ապագա մասնագետը։
Նա պրակտիկան համարում է ուսումնառության ամենահետաքրքիր հատվածներից մեկը։
«Առաջին անգամ պացիենտի հետ շփվելը միաժամանակ ոգևորիչ ու պատասխանատու պահ էր։ Տարբեր բաժանմունքներում աշխատելով՝ տեսել եմ տարբեր իրավիճակներ, տարբեր հիվանդություններ, բայց ամեն անգամ նոր բան եմ սովորել՝ թե՛ բժշկությունից, թե՛ մարդկանցից»,– նշում է սովորողը։
Նեղ մասնագիտացման համար դեռևս նա վերջնականապես չի կողմնորոշվել, բայց մի քանի ուղղություն նրան առավել շատ է հետաքրքրում՝ ինտերվենցիոն սրտաբանություն և ուռուցքաբանություն (ռադիոճառագայթային թերապիա)։
«Հիմա փորձում եմ ժամանակ տալ ինքս ինձ՝ հասկանալու, թե որ ոլորտում եմ ինձ առավել վստահ զգում»,– նշում է համալսարանականը: