Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկները հաջողությամբ գիտահետազոտական միջազգային մրցույթի են մասնակցել

Ապագա բժիշկները հաջողությամբ գիտահետազոտական միջազգային մրցույթի են մասնակցել

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները հոկտեմբերի 20-ից 23-ը մասնակցել ենք Ինդոնեզիայում կայացած  Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական միջազգային մրցույթին (International Research Competition for Young Scientists, IRCYS2022), որտեղ ներկայացրել են իրենց 2 գիտահետազոտական ծրագրերը (“EcoProtein: “Single cell protein” production as a way of recycling fruit and vegetable wastes” և “The Influence of Wi-Fi Rays on Human Cell Cultures: The Difference Between Cancer and Non-cancer Cells”)։

Բժշկական բուհը և Հայաստանը մրցույթին ներկայացրել են ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը և Մանե Կուրղինյանը:

Ապագա բժիշկների մենթորներն էին «Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչ Ռուբինա Հարությունյանը, որն աջակցել է իրականացրել գիտահետազոտական աշխատանքները սկսած ավագ դպրոցից և ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը:

Մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 թիմ 5 մայրցամաքի տարբեր երկրներից։ Այն կազմված էր 3 փուլից և յուրաքանչյուր թիմ կարող էր առավելագույնը ներկայացնել 2 գիտահետազոտական նախագիծ։ Եզրափակիչ փուլ կարող էր անցնել միայն 50 թիմ։ Հայաստանը այդ 50 թիմի կազմում էր։ Ընդ որում միայն մեր երկիրը ներկայացնող թիմին է հաջողվել անցնել եզրափակիչ փուլ 2 հետազոտական նախագծերով։ Եզրափակիչ փուլը կայացել է Ինդոնեզիայի Յոգյակարտա քազաքում։

«Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ մասնակցեցինք մրցույթի առցանց տարբերակով։ Մեր 2 գիտահետազոտական նախագծերն արժանացել են Գերազանցության մրցանակի (Excellence Award) և ժյուրիների ընտրությամբ մեր նախագծերը ընդգրկվել են այն նախագծերի ցանկում, որոնք պետք է տպագրվեն Ինդոնեզիայի Գիտական խորհրդի ամսագրում (Journal of Indonesia Scientific Society, JISS)»,- պատմում է Մանե Կուրղինյանը:

Մասնակիցների խոսքով` ընթացքը և արդյունքները շատ ոգևորիչ էին և   հետագայում ևս նրանք ծրագրում են աշխատել գիտահետազոտական նախագծերի վրա և բարելավել դրանք։

Այժմ երազանքը փոխվել է նպատակի՝ մասնակցելու այլ գիտահետազոտական մրցույթների և համաժողովների:

«Հուսով ենք, որ դա մեզ կհաջողվի։ Քանի որ գիտության ոլորտը մեզ շատ է հետաքրքրում, երեքս էլ ցանկանում ենք ապագայում դառնալ բժիշկ-հետազոտողներ։ Դեռ հստակ չենք որոշել, թե ինչ ուղղությամբ կմասնագիտանանք, սակայն, կարծում եմ, համալսարանում սովորելու տարիների ընթացքում արդեն պարզ կդառնա»,- հավելում է Մհեր Սաֆարյանը:

Նշենք, որ նախկինում ապագա բժիշկները մասնակցել են տարբեր գիտահետազոտական մրցույթների (AESA2021, 2022, ISEF2022, IBO2022, IGP2022 և այլն), բայց որպես «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ։

Այս տարի հնարավորություն ստացան մասնակցել IRCYS2022-ին և ներկայացնել Հայաստանը որպես բժշկական համալսարանի ուսանողներ։ 

“EcoProtein: Single Cell protein production as a way of recycling fruit and vegetable wastes” նախագիծը իրականացվել Երևանի պետական համալսարանի Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում, իսկ “The Influence of Wi-Fi Rays on Human Cell Cultures: The Difference Between Cancer and Non-cancer Cells” -ը՝  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ Երկու կենտրոնի  աշխատակիցներին ուսանողները շնորհակալ են աջակցության համար։