Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժշկի շախմատային հաջողությունները

Ապագա բժշկի շախմատային հաջողությունները

ԵՊԲՀ ապագա բժիշկները սպորտային բազմաթիվ միջոցառումների ակտիվ մասնակից են: Ինչպես ներբուհական և հանրապետական, այնպես էլ միջազգային հարթակներում հերացիականները լավագույն արդյունքներն են գրանցում:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վարազդատ Հարութինյանը ակտիվորեն մասնակցում է շախմատի մրցաշարերի: Ապագա բժիշկը կիսվել է իր հաջողություններով՝ խոսելով նաև բժշկական կրթության առանձնահատկությունների մասին:

«Մասնակցել եմ բազմաթիվ շախմատային ազգային և միջազգային մրցաշարերի, որոնցից իմ լավագույն արդյունքը գրանցել եմ Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված միջազգային “Winter 2016” մրցաշարում՝ գրավելով 3-րդ տեղը: Բազմիցս գրավել եմ մրցանակային տեղեր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան կողմից կազմակերպված մրցաշարերում, որոնցից մեկը գրանցել եմ վերջերս` կիսելով 2-րդ հորիզոնականը բլից առաջնության կիսաեզրափակիչ փուլում»,-մանրամասնում է ապագա բժիշկը:

Վարազդատը երկու անգամ ԵՊԲՀ-ում կազմակերպված ներբուհական շախմատի առաջնություններին գրավել է 3-րդ հորիզոնականը, իսկ 2022-ին ԵՊԲՀ շախմատի թիմի կազմում Հայաստանի ուսանողական մարզական խաղերում գրավել է 3-րդ հորիզոնականը:

«Դժվար է համատեղել այս 2 ոլորտները՝ բժշկությունն ու շախմատը, քանի որ երկուսն էլ պահանջում են շատ էներգիա, բայց երբ կա բավարար մոտիվացիա՝ ամեն ինչ հաղթահարելի է և հենց սա է ինձ առաջնորդում այս տարիների ընթացքում»,-հավելում է ԵՊԲՀ սովորողը:

Խոսելով բժիշկ դառնալու ցանկության մասին, հերացիականը մեծ ոգևորությամբ նշում է. «Շատերն են ասում, որ ցանկացել են բժիշկ դառնալ դեռևս մանկուց, բայց ինձ մոտ այդ ցանկությունն առաջացել է ավելի ուշ, երբ  փորձում էի հասկանալ, թե ինչ ոլորտ պետք է ընտրեմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատ սիրում էի կենսաբանություն առարկան: Այդ ժամանակ էլ հասկացա, որ ինձ համար թերևս լավագույն պրակտիկ կիրառությունը կենսաբանության, որը միևնույն ժամանակ կարող է լինել հանրօգուտ` բժշկությունն է»:

Ապագա բժիշկը չնայած առաջին կուրսից որոշել է վիրաբույժ դառնալ, սակայն  ժամանակի ընթացքում` ծանոթանալով բժշկական բազմաթիվ նեղ մասնագիտացումների հետ, հասկացել է, որ թերապևտիկ ոլորտն ավելի է գրավում իրեն և, ամենայն հավանականությամբ, կխորացնի գիտելիքները հենց այդ ոլորտում: