Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա ճառագայթաբան. պետք է զինվել պատասխանատվությամբ, գիտելիքով և ուժով

Ապագա ճառագայթաբան. պետք է զինվել պատասխանատվությամբ, գիտելիքով և ուժով

Նոննա Ավագյանն այս տարի ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, արդեն մեկ տարի է աշխատում Երևանի շտապօգնության ծառայությունում: Հետադարձ հայացք նետելով բժիշկ դառնալու ճանապարհի սկզբին՝ ընդգծում է, որ  եթե նորից սկսեր մասնագիտական կայացման դժվարին ուղին, ապա կրկին կընտրեր բժշկությունը։

«Բժիշկ ցանկացել եմ դառնալ դեռ փոքր հասակից, երբ 5 տարեկանում հանդիպեցի բժիշկ, համալսարանական Ակնաբուժության կլինիկայի ղեկավար Ահարոն Ռոբերտի Գաբրիելյանին։ Այդ օրվանից սկսած բոլորի հարցերին, թե ինչ եմ դառնալու, միաշանակ պատասխանում էի՝ բժշկուհի։ Եկավ պատասխանատու պահը, ու արդեն այս տարի ավարտեցի իմ սրտի բուհը»,- պատմում է Նոննա Ավագյանը, որը շտապօգնությունում է աշխատում 2020 թվականի հունիսից՝ համավարակի ժամանակահատվածում:  Նրան թվում էր, թե ավելի ծանր շրջան չէր կարող լիներ, սակայն սեպտեմբերի վերջին մեկնարկած պատերազմն այլ բան ցույց տվեց:

«Լսեցի, որ Ստեփանակերտն են հրթիռակոծում, պատերազմ է: Հայրս ազատամարտիկ է ու մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, ապրիլյանին նույնպես: Ես իրենից ու իր մարտական ընկերներից լսել էի միայն տարբեր պատմություններ, բայց դա իմ տեսա պատերազմից տարբերվում էր, քանի որ ես տեսնում էի դրա ծանր հետևանքները…»,- անցած օրերը հիշելիս ասում է Նոննան:

Առաջին անգամ պատերացմի ժամանակ նա Արցախ գնաց սեպտեմբերի 29-ին, վիրավորների տեղափոխման համար։ Ականատես եղավ բժշկական պրակտիկայում երբևէ չտեսած դեպքերի, իրադարձությունների, որ նախքան այդ միայն ֆիլմերում էին նկարագրվում:

«Ինձ ավելի շատ զարմացնում էին նորից ճակատ վերադառնալ ցանկացող վիրավորները, նրանց այդքան մարտունակ ոգին։ Եղել եմ Ստեփանակերտում և Վարդենիսում։ Այդ ժամանակ երբևէ չեմ գերադասել իմ կյանքը ուրիշինից: Հիմա էլ երկրում խաղաղությունն է էլի պակասում, և ամեն պահ պետք է զինված լինենք պատասխանատվությամբ, գիտելիքով, ուժով: Իմ կարծիքով՝ մեր երկու բանակներն էլ՝ զինված ուժերի և «սպիտակ» բանակն էլ մարտունակ են»,- նկատում է ԵՊԲՀ սովորողը:

Նրա գնահատմամբ՝ շտապօգնության բժիշկ-մասնագետ աշխատելու համար անհրաժեշտ է զգոնություն, արագություն և գերսրտացավություն։ Իր կարծիքով՝ բժշկությունն այն եզակի մասնագիտություններից է, որ առաքելությունը սկսելուց առաջ պետք է երդում տալ, ինչն էլ մասնագիտություն էլ ավելի կարևոր է դարձնում:

Ապագա նեղ մասանգիտության ընտրության հարցում Նոննան երկար է մտածել, որովհետև սիրում է բժշկագիտության բոլոր ճյուղերը: Վերջնական ընտրությունը կանգնել է ճառագայթաբանության վրա:

«Ճառագայթային ախտորոշումն առավել շատ կենտրոնացում է պահանջում, որովհետև գործընկերներիս համար ուղղորդող է լինելու իմ պատասխանը»,- նշում է բժշկական համալսարանի շրջանավարտը՝ հավելելով, որ բժշկական բուհը զարգացնում է ապագա բժիշկների ընդունակությունները, կարողությունները, նպաստում գործնական հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:

«Մենք ենք մեր գիտելիքի տերը, պատասխանատուն, հսկողն ու ղեկավարը: Սա ուժեղ զենք է բոլոր պատերազմներում: Ու թող օգտագործենք ի օգուտ ազգի,  խաղաղության»,- հավելում է ապագա կլինիկական օրդինատորը: