Որակյալ և մրցունակ մասնագետներ պատրաստելու բժշկական բուհի քաղաքականությունն իրատեսական է այն ապագա բժիշկների շնորհիվ, որոնց համար բարձր առաջադիմությունը նպատակին հասնելու գլխավոր ճանապարհն է:
Ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսի կուրսանտ Սամվել Տիտանյանին դեռ վաղ տարիքից առավել շատ հետաքրքրել են բնագիտական առարկաները, իսկ բժիշկ դառնալու ցանկությունը նրան ուղեկցել է մանկուց։ «Հենց ռազմական բժիշկ դառնալու ուղին ընտրել եմ երկու պատճառով. նախ ինչպես ասում են՝ աչքս բացել եմ և զինվորական համզգեստը աչքիս առաջ է եղել, և հետո ուսումնասիրելով ԽՍՀՄ-ի և ներկայիս անկախ Հայաստանի բժշկության պատմությունը՝ նկատել եմ մի օրինաչափություն, որ իմ ամենասիրելի բժիշկ-գիտնականները՝ Իվան Պավլովը, Լևոն Օրբելին և ուրիշներ ավարտել են ռազմաբժշկական ակադեմիան՝ եղել են հենց ռազմական բժիշկներ»,- ասում է նա։
Ապագա ռազմական բժիշկը ծնվել ու մեծացել է Վանաձորում։ Ընդամենը ամիսներ առաջ է տեղափոխվել իր ծննդավայրից, սակայն մշտապես ջերմագին կարոտով է հիշում վանաձորյան ամեն-ինչ ու, հատկապես, Վանաձորի Վ․ Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում անցկացրած տարիները: «Իմ հաջողությունների մեջ, և որպես անհատականություն ձևավորման գործում մեծ է «ՈՍԿԵ դպրոց»-ի ուսուցիչների ունեցած ավանդը»,-ընդգծում է նա՝ ավելացնելով, որ ինքնակրթվելուց բացի հետաքրքրվում է սեղանի խաղերով՝ շախմատ, նարդի և այլն։ Ազատ ժամանակ սիրում է ստեղծագործել՝ հիմնականում հայրենասիրական թեմաներով։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն ունի իր փիլիսոփայությունը, ինչով առաջնորդվում է կյանքում։ «Անշուշտ ես միշտ հպարտացել եմ ու շարունակելու եմ հպարտանալ իմ ծնողներով: Օրինակ՝ դպրոցում հպարտացել եմ, որ ուսուցչուհի Մանուկյանի թոռն եմ, զինվորական շրջապատում հպարտացել եմ, որ հայրս Հայոց բանակում ավագ սպա է՝ գնդապետ, բայց կյանքում միշտ ձգտում եմ ստեղծել իմ սեփական հպարտությունն ու արժանապատվությունը, և այս ամենին հասնելու համար պետք է ունենամ մեծ հաջողություններ, որոնցից մեկն էլ համարում եմ բարձր առաջադիմություն ունենալը»,-հավելում է ՌԲՖ կուրսանտը, ով նեղ մասնագիտացման հարցում դեռ հստակ կողմնորոշում չունի, բայց ունի նախնական դիրքորոշում։ «Միայն մեկ բան կարող եմ հստակ նշել, որ ինչ մասնագիտացում էլ ընտրեմ, չեմ պատկերացնում ինձ լոկ տեսական գիտելիքը գործնականում կիրառող մասնագետ, այլ պատկերացնում եմ այդ գիտելիքի հիման վրա ստեղծագործող բժիշկ-գիտնական»,-ասում է նա:
Սամվել Տիտանյանը ռազմական բժշկի իր ուղին հեշտ չի պատկերացնում: Վստահ է, որ այն լի է լինելու փորձություններով ու դժվարություններով, բայց երբ գիտակցում է, իր մասնագիտության կարևորությունը, ինչպես նաև այն, որ փորձությունները թույլ մարդկանց չեն տրվում, հասկանում եմ, որ ամեն բան հաղթահարելի է ու շարունակում է առաջ շարժվել։
Նա համոզված է , որ լավ բժիշկ լինելու համար նախ և առաջ պետք է լավ մարդ լինել, այսինքն օժտված լինել մարդկային արժեքներով:
«Լավ բժիշկը պետք է պատրաստ լինի «ինքնազոհության», այսինքն պատրաստ լինի զոհաբերել սեփական ընտանիքը, հետաքրքրությունները և նույնիսկ առողջությունը հանուն պացիենտների ապաքինման: Ցավոք, բայց սա է լավ բժշկի ճակատագիրը։ Այնուամենայնիվ կա մի հատկանիշ, որը պետք է բնորոշ լինի բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց, բայց բժշկին առավել ևս։ Խոսքը սիրելու մասին է, քանի որ արդեն ապացուցված փաստ է, որ ցանկացած գործ հաջողելու համար պետք է այն սիրով անել։ Օրինակ՝ մանկավարժը հաջողելու համար պետք է սիրի իր աշակերտին, հրամանատարը լավ հրամանատար չէ, եթե չի սիրում իր զինվորին, իսկ բժիշկը, բնականաբար, պետք է սիրի պացիենտին, որպեսզի բուժումն արդյունավետ լինի»,- ասում է նա։
Փորձելով համեմատականներ տանել քաղաքացիական բժշկի և զինվորական բժշկի միջև՝ Սամվել Տիտանյանը բազմաթիվ հատկանիշներ և բնավորության գծեր է գտնում, որոնք կարող են բնորոշ չլինել քաղաքացիական բժշկին։
«Ռազմաբժիշկը պետք է լինի առավել կենտրոնացած, սառնասիրտ, արագ կողմնորոշվող և իհարկե հոգեբանորեն պատրաստ լինի ամենակրիտիկական ու էքստրեմալ իրավիճակներում գործելուն»,- նշում է նա՝ վստահեցնելով, որ Ռազմաբժշկական ֆակուլտետի սպայական անձնակազմի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողները ԵՊԲՀ-ից դուրս կգան որպես իսկական ռազմական բժիշկներ։