Առողջ հասարակության ձևավորման գործում և առավելապես մարդկանց առողջությունն ապահովողների՝ ապագա ու գործող բժիշկների համար գրքի արժևորումը կարևոր խորհուրդ ունի:
Լաբորատոր մասնաշենքում տեղակայված ԵՊԲՀ գրադարանն արդեն 9 տասնամյակից ավելի պատմություն ունի: Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի գրադարանը բժշկական ուղղվածության առաջին գրադարանն է հանրապետությունում, որն ունի ձևավորված ավանդույթներ, օգտվելու սահմանված կարգ, դարին մոտեցող պատմություն: Նրա կերտման հիմքում իրենց գործին նվիրված մարդիկ են, գրադարանային գործի մասնագետներ, որոնց աշխատանքի շնորհիվ համալսարանական այս կարևոր ստորաբաժանումը չի դադարում լինել ուսանողական սիրված անկյուններից մեկը:
Պատմական ակնարկ
ԵՊԲՀ գրադարանի վարիչներն են եղել Ա. Դայանը (1930-1932թթ.), Գ. Մարիտիրոսյանը (1932-1933թթ.), Ե. Միսկարյանը (1933-1972 թթ.), Ռ. Երիցփոխյանը (1972-1980թթ.), Ռ. Սալչենկոն (1980-1983թթ.), Ռ. Երիցփոխյանը (1983-1987թթ.), Գ. Հաջի-Մուրադյանը (1988-1996թթ.), Ռ. Չիլինգարյանը (1996-2001թթ.), Ա. Հարությունյանը (2001-2020թթ.): Տարբեր տարիների՝ գրադարանային, արխիվային գործի մասնագետները, մատենագետները, համալրողները, սպասարկման բաժնի աշխատակիցներն իրենց կարևոր ներդումն են ունեցել գրադարանի կայացման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:
ԵՊԲՀ գրադարանը բժշկական բնույթի առաջին գրադարանն է հանրապետությունում: Այն հիմնադրվել է 1930թ.-ին, երբ Երևանի պետական համալսարանի գրադարանի բժշկական գրականությունը (5500 գիրք) փոխանցվել է բժշկական ինստիտուտին:
1946թ. ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել գրադարանին` ոչնչացնելով գրականության մեծ մասը (67 հազար միավորից փրկվել է 13 հազարը):
Հետագա տասնամյակների ընթացքում գրադարանը կարողացավ ձևավորել ուսումնական, կենսաբժշկական, տեղեկատվական բնույթի լավագույն հավաքածու, որն այժմ ընդգրկում է 509 391 միավոր գրականություն: 2019 թվականին գրադարանն ունեցել է 211 368 հաճախում, իսկ 2020 թվականին՝ 49 027:
Ստեղծման օրվանից առ այսօր գրադարանն աշխատում է բժշկական համալարանի ոսումնական, գիտական գործընթացին համահունչ: Գրադարանային գործի բազմաբնույթ ծառայություններն ու գրքային հարստությունը տրամադրում է շուրջ 6600 ընթերցողների՝ ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, ասպիրանտներին, կլինիկական օրդինատորներին, մագիստրոսներին, առողջապահական համակարգի աշխատակիցներին:
Սպասարկման բաժնի վարիչ, արդեն շուրջ մեկ տարի գրադարանը ղեկավարող Մարինե Սարոյանը 41 տարի աշխատում է բժշկական բուհում, որից 33-ը՝ գրադարանում:
«Մեր աշխատանքի հիմքում ոչ միայն գրադարանային գործն է, գրադարանագիտությունը, այլև մանկավարժությունը: Մենք սիրում ենք ուսանողներին, յուրաքանչյուր այցելուի փորձում ենք ցուցաբերել անհատական մոտեցում»,- նշում է նա:
Խոստովանում է, որ առանձնակի խիստ են ու պահանջկոտ գրադարանի այն այցելուների նկատմամբ, որոնք ուշացնում են վերադարձը, անպատասխանատու վարվում գրքի հետ կամ որևէ կերպ վնասում այն:
Գրադարանից օգտվելու կարգում և գիրքը խնամքով պահպանելու պահանջի հիմքում նույնպես դաստիարակություն է, կարգապահությունը, որն ուսանողը ստանում է բարձրագույն ուսումնական հաստատությունում:
Յուրաքանչյուր աշխատակցի համար գրադարանի ամեն մի անկյուն՝ սկսած սպասարկման բաժնից և ավարտված գրապահոցով, հարազատ է: Գրքերն այստեղ պահպանվում են խնամքով, հոգատարությամբ:
Գրքային հարստությունն իր մեջ ներառում է գրապահոցը (մենագրություններ, գիտական աշխատություններ, սեղմագրեր, ատենախոսություններ, պարբերական մամուլ), ուսումնական գրականությունը, օտարալեզու գրականությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն), երկու ընթերցասրահների ուսումնական, տեղեկատվական բնույթի գրքերը։
Այստեղ առանձին հոգածությամբ են պահպանվում առաջին դասագրքերը և երախտավոր բժիշկների մակագրությամբ գրքերը:
Մարինե Սարոյանը փաստում է, որ վերջին ժամանակաշրջանում, ելնելով նաև նախորդ տարի տեղի ունեցած 44-օրյա պատերազմից, ուսանողների շրջանում մեծ պահանջարկ են վայելում վերականգնողական բժշկությանը, ֆիզիոթերապիային վերաբերող գրականությունը: Պահանջված են նաև էսթետիկ բժշկությանը, ֆիտոթերապիային նվիրված հրատարակությունները:
Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցը փաստում է՝ գրադարանն ունի մշտական, հավատարիմ այցելուներ, որոնք ընթերցասրահում ժամանակ են անցկացնում մասնագիտական պրպտումների, ուսումնական նյութն ավելի լավ սերտելու, պարապելու համար:
Բոլոր ժամանակներում գրադարանի աշխատակիցների համար ապագա բժշկից ակնկալվող առաջնային պայման է՝ գրքերը խնամքով օգտագործելն ու պահպանելը, ընթերցասեր լինելը, նաև լավ բժիշկ, պատասխանատվություն կրող մասնագետ և մարդ դառնալը:
Գրադարանն ակտիվ համագործակցում է ուսումնական մասի, ամբիոնների, դեկանատների, Ուսանողական խորհրդարանի հետ:
Գրքային ֆոնդը պարբերաբար համալրվում է նոր, ժամանակակից գրականությամբ, որն իրագործվում է գնումների, նվիրատվությունների նաև համալսարանի կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների միջոցով: Նվիրատուները հիմնականում բժշկական համալսարանի շրջանավարտներն են:
ԵՊԲՀ գրադարանը, հանրապետության 15 խոշոր այլ գրադարանների հետ, մասնակցում է Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի համալիր ծրագրի աշխատանքներին, որի շնորհիվ իրականացվում է գրքային ֆոնդի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը:
Հայաստանում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր: