Առաջատար մանկական մաշկաբանները՝ բժշկական մայր բուհում. միջազգային գիտաժողով

Առաջատար մանկական մաշկաբանները՝ բժշկական մայր բուհում. միջազգային գիտաժողով

Բժշկական մայր բուհում անցկացվեց մանկական մաշկաբանության ոլորտին նվիրված միջազգային կարևոր միջոցառում, որը մեկ հարթակում համախմբել էր ոլորտի ճանաչված մասնագետների Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները զեկույցներ և հետաքրքիր կլինիկական դեպքեր ներկայացրին, քննարկեցին մանկական մաշկաբանության արդիական խնդիրները, բարդ և հազվադեպ հանդիպող հիվանդությունները, նորարարական մոտեցումները, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հնարավորությունները մաշկաբանության ոլորտում։

Բացման խոսքով հանդես եկան Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Մանկական մաշկաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Ադիլխանյանը և Dowling Club ՀԿ նախագահ Էֆֆի Լադոյանին (Մեծ Բրիտանիա)։

«Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում, որ ականջալուր եղաք մանկական մաշկաբանության հանրույթի կոչին ու նախաձեռնությանը։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել տարածաշրջան ժամանած առաջատար մաշկաբաններին, հատկապես՝ մանկական մաշկաբանության ոլորտում։ Բժշկական համալսարանը՝ որպես ակադեմիական հարթակ, կարևորում և ողջունում է նման մասնագիտական հանդիպումները, որոնք կարող են ամուր հիմք հանդիսանալ մեր մասնագետների միջև ինչպես կլինիկական, այնպես էլ հետազոտական ոլորտներում համատեղ աշխատանքի և համագործակցության համար։

Տարածաշրջանում՝ Հայաստանում և Վրաստանում, մաշկաբանության ոլորտում հայտնի բրիտանական Dowling Club-ը, որը զբաղվում է մաշկաբանության և մանկական մաշկաբանության արդիական հարցերով, համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին։ Այս գիտաժողովը կարևոր միջոցառում է, որի ընթացքում ինչպես միջազգային, այնպես էլ հայ մասնագետները կկիսվեն իրենց փորձով, գիտելիքով և կլինիկական ձեռքբերումներով՝ նպաստելով ոլորտի զարգացմանն ու մասնագիտական նոր կապերի ձևավորմանը», – նշեց Ենկոյանը։

Միջազգային մասնագետների զեկույցների շարքում առանձնանում էին «Արհեստական բանականության գործիքները մաշկաբանության մեջ. հնարավորությունները և մարտահրավերները», «Բարդ դեպքեր մանկական մաշկաբանության պրակտիկայից», «Հետաքրքիր կլինիկական դեպքեր Լանկաշիրում 36 տարվա գործունեությունից», «Մարդու պապիլոմավիրուսի (HPV) պատվաստումը տարածուն վիրուսային գորտնուկների դեպքում», «Տարօրինակ խոցը», «Իմունոթերապիայի տոքսիկ ազդեցությունը մաշկի վրա», «Հեշտ հիշվող և դժվար մոռացվող», «Մադելունգի հիվանդության հազվադեպ դեպք» թեմաները:

ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, ֆրանսահայ գիտնական, առաջատար մաշկաբան և գենետիկ Ալան Հովնանյանի զեկույցը վերաբերում էր Հայաստանում մաշկաբանական խորհրդատվություններին: «Dowling Club-ի շրջանակում տարեկան երկու անգամ մենք գալիս ենք Հայաստան և ընդունում մաշկային գենետիկական հիվանդություններ ունեցող պացիենտներին տարբեր հիվանդանոցներում, հիմնականում՝ Երևանում։ Մենք կարողացել ենք հաստատել շատ ամուր համագործակցություն՝ օգնելու և խորհրդատվություն տրամադրելու այս մաշկային հիվանդությունների ախտորոշիչ հետազոտությունների և բուժման մոտեցումների հարցում»,- ընդգծեց նա։

Ալան Հովնանյանը բնակվում է Փարիզում՝ աշխատանքային գործունեություն ծավալելով Նեկկե-Էնֆան Մալադ (Necker-Enfants Malades) հիվանդանոցում. այն աշխարհում առաջին մանկական հիվանդանոցն է, որը մասնագիտացած է բացառապես բարդ մանկական հիվանդությունների և հազվագյուտ ախտաբանությունների բուժման մեջ։ «Ես Հետազոտական լաբորատորիայի տնօրենն եմ։ Մենք ունենք մաշկային գենետիկական հիվանդությունների մեծ փորձ՝ նոր գեներ և նոր բուժումներ գտնելու տեսանկյունից։ Այսպիսով, հույս ունենք օգնել Հայաստանում ապրող մաշկային գենետիկական հիվանդություններով մարդկանց», – հավելեց պրոֆեսորը։

Մեծ Բրիտանիայի Dowling Club ՀԿ նախագահ Էֆֆի Լադոյանին մանրամասնեց, որ Dowling Club-ը Միացյալ Թագավորությունում գործող կրթական ակումբ է: Այն համագործակցում է Մաշկաբանների բրիտանական ասոցիացիայի հետ: Գործառույթն է խթանել պացիենտների արդյունավետ բուժումը երկրի ներսում և դրսում գործող մաշկաբանների շրջանում: «Այս նպատակով մենք այցելեցինք Հայաստան: Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ գեղեցիկ մարդկանցով: Բացի մաշկաբանությունից, մենք միշտ ուսումնասիրում ենք նաև այլ մշակույթներ: Այսօր առավոտյան մենք այցելեցինք չորս տարբեր հիվանդանոցներ և կլինիկաներ և համոզվեցինք, որ ձեր մասնագետները համապատասխանում են բոլոր չափանիշներին», – ավելացրեց Էֆֆի Լադոյանին:

Հայ մասնագետները ներկայացրին մի շարք բարդ կլինիկական դեպքեր, այդ թվում՝ բշտային հիվանդություններ երեխաների շրջանում, Candle համախտանիշ, Dermatofibrosarcoma protuberans երեխաների շրջանում, հոգեբանական խնդիրներ գենոդերմատոզ ունեցող բուժառուների մոտ, ինչպես նաև պսորիազի, պարբերական հիվանդության և այլ հազվադեպ ախտաբանությունների վերաբերյալ դեպքեր։

Միջոցառումը կրեդիտավորված էր և նախատեսված էր մաշկաբանների, մանկաբույժների, ալերգոլոգների և ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների համար։

Գիտաժողովը նպատակ ուներ խթանել միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը և մանկական մաշկաբանության ոլորտի զարգացմանը միտված մասնագիտական երկխոսությունը Հայաստանում։