«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով Աբովյան 50/5 մասնաշենքի դահլիճում այսօր մեկնարկեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից տեղափոխված ավագ և միջին բուժաշխատողների համար քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը, որն իրականացվում է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից:
Այս անգամ դասընթացները նպատակ ունեն ավագ և միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել բնագավառի արդի իրավական կարգավորումները, որոնք կնպաստեն ինչպես բուժաշխատողների, այնպես էլ պացիենտների իրավական պաշտպանվածությանը։
Շարքի շրջանակում երկու թեմայով դասախոսելու է բժշկական բուհի Առողջապահական իրավունքի խմբի վարիչ, Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը:
Այսօր նա մասնակիցներին ներկայացրեց «Մարդու իրավունքներ, աշխատանքային իրավունք» թեման, հաջորդիվ կխոսի բժիշկների և պացիենտների իրավունքների և պարտականությունների մասին:
Առողջապահական իրավունքի խմբի դասախոս, դոցենտ Նաիրա Զոհրաբյանը ներկայացնելու է «Բժշկական քրեական իրավունք» դասախոսությունը: Շարքը կամփոփի Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք–Նուբարյանը` «Խտրականության դրսևորումներն առողջապահության բնագավառում և դրանց կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորումները» թեմայով:
Բոլոր 4 օրերին, ինչպես նախորդ թեմաների ընթացքում դասընթացները կանցկացվեն ինտերակտիվ ձևաչափով, հարցուպատասխանով և դեպքերի քննարկմամբ:
Նշենք, որ ավագ և միջին բուժաշխատողներին կտրամադրվի 5 տեսական ՇՄԶ կրեդիտ:
Նոյեմբերի 9-ին, 10-ին և 14-ին դասընթացները կշարունակվեն «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: