Ավելի քան 90-ամյա պատմություն ունեցող ԵՊԲՀ «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան ոչ միայն գիտակլինիկական բժշկական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում և բուժվում են ակնային հիվանդությունները, այլև տասնամյակներ շարունակ ակնաբույժների պատրաստման դարբնոց է: Ակնաբուժության գծով կլինիկական օրդինատոր Լուսինե Գյուլամիրյանի առաջիկա նպատակներն ու ծրագրերը կապված են միմիայն որակյալ ակնաբույժ-միկրովիրաբույժ դառնալու հետ։
«Ակնաբուժությունը միակ բժշկական ոլորտն է, որն ընդգրկում է և՛ թերապիա, և՛ վիրաբուժություն մասնագիտացումները։ Ակնաբուժությունն ընտրել եմ՝ սիրելով բժշկագիտության այս ուղղությունը։ Համաձայնեք, որ նվազագույնը շատ հաճելի է վերականգնել մարդկանց աչքի լույսը։ Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, և դրանում մեծ դեր ունի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի անձնակազմը։ Նրանք այնքան մեծ ջերմությամբ ու սիրով բացեցին իմ առաջ ակնաբուժության դռները, որ ես ոչ մի օր չեմ փոշմանել որոշմանս համար»,- նշում է Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սովորողը` մեջբերելով համալսարանական ակնաբուժական կլինիկայի և իր ղեկավարի՝ ԵՊԲՀ մանկական ակնաբուժության ամբիոնի և ակնաբուժության կուրսի վարիչ Ահարոն Գաբրիելյանի այն միտքը, որ ակնաբուժությունը բժշկության արիստոկրատիան է:
«Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ավագ գործընկերներին շնորհակալ է սովորելու հնարավորության համար՝ խոստանալով լինել արժանի հետնորդ և աշակերտ:
Անդրադառնալով ուսումնառության տարիներին՝ նշում է, որ ԵՊԲՀ-ն մեծ դեր ունի իր կյանքում ՝թե՛ որպես մարդ և թե՛ որպես բժիշկ կայացման գործում։
«Մենք ընդունվում ենք համալսարան դեռահաս տարիքում ու ավարտում ենք արդեն հասուն, կայացած անհատներ: Շատ կարևոր է այդ ճանապարհն անցնել ճիշտ մարդկանց հետ։ Իմ բախտն այդ հարցում միանշանակ բերել է։ Որպես մարդ, բժիշկ ինձ դաստիարակել ու կրթել են ոլորտի լավագույնները։ Երբ 17 տարեկան ես ու նոր ես ընդունվում բժշկական համալսարան, պատկերացում անգամ չունես, թե բժշկագիտության ոլորտի ինչ նվիրյալներ են մեզ շրջապատում: Տարիների ընթացքում, երբ սկսում ես գիտակցել բժիշկ լինելու պատասխանատվությունը, անցնում ես տարբեր դժվարությունների միջով, միայն այդ ժամանակ ես հասկանում, թե ինչ մեծ կյանքի ու մասնագիտական փորձ ունեցող մարդիկ են քո ուսուցիչները»,- ընդգծում է կլինիական օրդինատորը` ակնածանքի խոսքեր հղելով իր բոլոր ուսուցիչներին, որոնք քար առ քար իր համար կառուցել են այն աստիճանը, որով նա բարձրանում է դեպի ակնաբույժ դառնալու երազանքը:
Նշում է, որ յուրաքանչյուր դասախոսից փորձել է վերցնել առավելագույնն ու արժեքավորը: Բացի լավ ուսուցիչներից ու հիմնավոր գիտելիքներից ԵՊԲՀ-ն իրեն լավ ընկերներ է տվել։
«Գիտե՞ք, մենք միասին անցել ենք շատ դժվարությունների միջով, հիվանդասենյակի դռնից ներս տեսել ենք բազմաթիվ ճակատագրեր, տեսել ենք մահեր, միևնույն ժամանակ նոր աշխարհ եկող փոքրիկներ, հրաշքով փրկված պացիենտներ, բժշկին ուղղված շնորհակալ աչքեր։ Այդ ամենն ավելի է ամրացրել մեր ընկերությունն ու մեզ յուրաքանչյուրիս տվել այլ արժեհամակարգ, որով կարծում եմ, որ մենք՝ բժշկական բուհի շրջանավարտներս, նման ենք միմյանց և տարբերվում ենք մնացած բոլորից»,- պատմում է Լուսինեն:
Պատերազմի ընթացքում էլ, որպես ապագա մասնագետ, ականատես է եղել սպիտակ բանակի մարտիկների հերոսական աշխատանքին՝ իր մասնակցությունը համարելով չնչին՝ զինծառայողներին բուժօգնության տրամադրման այն հսկայական աշխատանքի համեմատ, որը կատարել են բժիշկները.
«Առաջին հիվանդանոց բերված առաջին վիրավոր զինվորը, ում երբեք չեմ մոռանա … Ռեանիմացիա տանող ճանապարհը, որով ես ամեն օր անցնում էի՝ աղոթելով, որպեսզի չտեսնեմ մեր զինվորներից (որոնց ես ամեն օր վիրակապում էի) որևէ մեկի անկողինը դատարկ: Հիշում եմ՝ մի օր, երբ տարբեր բաժանմունքներից բժիշկներ, կամավորներ և օրդինատորներ ընդհանուր համայց էին կատարում, մոտեցանք մի զինվորի, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում. նրան վիրահատել էին թե՛ դիմածնոտային վիրաբույժները, թե՛ ակնաբույժներն ու նեյրովիրաբույժները: Բոլորով շատ հուսահատ զննում էինք այդ տղային, երբ հանկարծ նա բռնեց վիրաբույժներից մեկի ձեռքը, սեղմեց ու ժպտաց։ Ինձ համար հեղինակություն հանդիսացող բժիշկները նայեցին միմյանց և սկսեցին արտասվել։ Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը, որը լավագույնս արտացոլում էր իմ ուսուցիչների նվիրվածությունն ու ազնվությունը, և այն, թե որքան արժանի էին նրանք առաջին հերթին մեծատառով մարդ, ապա նաև բժիշկ լինելու կոչմանը»:
Լուսինե Գյուլամիրյանի գնահատմամբ` բժշկի մասնագիտությունն աշխարհում ամենաշատն է պահանջում անձնազոհություն և բարություն:
Իր համար այս մասնագիտությունը նվիրում է, արվեստ, բարձրագույն արժեք և մեծ պատասխանատվություն։
«Բժիշկն այն մարդն է, որը ձեր կողքին է ձեր ամենադժվար օրերին, որը սպիտակ խալաթը հագին, սուպերհերոսի պես զոհում է իրեն հանուն անծանոթի, և որը ձեր վերջին հույսն է՝ անկախ եղանակից ու օրվա ժամից։ Երբ լսում ես պացիենտների օրհնանքները, տեսնում ես նրանց ուրախության արցունքները, այդ պահին ես զգում հենց իրական երջանկություն»,- եզրափակում է ապագա ակնաբույժը:
Նրա կյանքի գլխավոր նպատակներից է նաև բարեգործական կազմակերպություն հիմնելը, որն աշխատանքները կուղղի հնարավորինս շատ մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու առաքելությանը: