Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արհեստական բանականությունը՝ կրթության մեջ

Արհեստական բանականությունը՝ կրթության մեջ

«Համաշխարհային առողջապահության միտումների հաշվառմամբ բժշկական կրթության որակի ապահովման հիմնահարցերը» ԵՊԲՀ ուսումնամեթոդական XXI գիտաժողովի երկրորդ օրն անդրադարձ կատարվեց արհեստական բանականությանը բժշկական կրթության մեջ:

«Արհեստական բանականությունը բժշկական կրթության մեջ. հնարավորություններ և մարտահրավերներ» զեկույցը ներկայացրեց Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական տեսական առարկաների ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ Արտեմ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը գործիք է, որին պետք է կրթել, և որը շատ արագ է սովորում: «Մեր քննարկումների արդյունքում հանգում ենք այն մտքին, որ ինչ տանք արհեստական բանականությանը, այն էլ կստանանք»,- ասաց նա՝ շեշտելով, որ բոլորս կարիք ունենք տիրապետելու ԱԲ գործիքներին նույնքան, որքան տիրապետում ենք գրել-կարդալու, համակարգչով տեքստ հավաքելու PubMed-ում փնտրելու, և այլն:

Անդրադարձ կատարվեց բժշկական կրթության ոլորտում ԱԲ-ի օգտագործման ռիսկերին: Աշխատաժողովի մասնակիցները ևս մեկ անգամ փաստեցին, որ, բժշկական կրթության ոլորտում հնարավորություններին զուգահեռ, կան վտանգներ՝ սուտ, կեղծիք, անբավարար գիտելիք, մտածողության նվազում, միակողմանի տեղեկատվություն, ախտորոշման անճշտություն, աշխատատեղերի քանակի նվազում և այլն:

«Մենք, որպես բժշկական կադրեր պատրաստողներ, պետք է այս խնդրին մոտենանք մասնագիտորեն: Եվ ինչպես մենք, այնպես էլ բժիշկների ապագա սերունդը ԱԲ-ի գործիքներին պետք է տիրապետի գրագետ ձևով»,- հավելեց Արտեմ Գրիգորյանը:

Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը խոսեց «ԱԲ-ի դասավանդումը «Բուժական գործ» ծրագրի շրջանակներում» թեմայով:

Նրա խոսքով՝ ԱԲ-ից պետք չէ վախենալ: «Այս գործիքը նժույգ է, որին պետք է սանձել, հատկապես բժշկական կրթության ոլորտում: Հակառակ դեպքում այն բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել»,-նկատեց նա:

Ներկայացնելով ԱԲ-ի կիրառումը համաշխարհային ճանաչված բուհերում՝ Խաչատուր Մարգարյանը նշեց, որ այն բավականին բարձր ցուցանիշներ է գրանցել:

Համաձայն ԱՄՆ բժշկական ուսանողների շրջանում 2023 թվականին անցկացված հետազոտության՝ ChatGPT-ի (կամ նման ԱԲ-ի) մասին լսել է ուսանողների 96 %-ը, այն ուսումնական նպատակներով օգտագործել է 52%-ի կողմից, ոչ ճշգրիտ կամ կողմնակալ պատասխանների է բախվել 75%-ը: Հստակ էթիկական կանոնակարգման անհրաժեշտությանը կողմ են 92%-ը:

«Էթիկական և կարգավորող խնդիրներից են տվյալների գաղտնիությունն ու ապահովությունը, որակի հսկողությունն ու սխալի հավանականությունը, կողմնակալությունը և արդարության խնդիրները»,- մանրամասնեց Մարգարյանը՝ հավելելով, որ նախքան ԱԲ-ի գործիքները կիրառելն անհրաժեշտ են վերջինիս ճիշտ հանձնարարականներ տալու հմտություններ:

Պրոռեկտորն ընդգծեց՝ ԱԲ-ի կիրառումը կրթական գործընթացում միտված է ոչ թե ինչ-որ մեկին փոխարինելու, այլ օգնելու ավելի հեշտացնել աշխատանքը: Նա շեշտեց, որ ուշադրության կենտրոնում է «Բուժական գործ» կրթական ծրագրում, ինչպես նաև մյուս կրթական ծրագրերի հավատարմագրման շրջանակում ԱԲ-ի վերաբերյալ մոդուլի ներդրումը, ԱԲ ամբիոնի հիմնումը՝ խորհուրդ տալով առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ երբեք չվստահել ChatGPT-ին, ստուգել և քննադատաբար գնահատել պատասխանները:

Գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, ներքին հիվանդությունների ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ Մանիկ Գեմիլյանը ներկայացրեց «ԱԲ-ի կիրառումը գաստրոէնտերոլոգիայի դասավանդման մեջ․ ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի և եվրոպական փորձի համադրում» զեկույցը:

«Շատ հաճախ ասում ենք, որ արհեստական բանականությունը մեր ապագան է, առանց դրա հնարավոր չի լինի, բայց դա ապագան չէ, արհեստական բանականությունն այստեղ է, մենք չենք նկատում, որ հենց մեր կողքին է, կիրառվում է դա: Եվրոպական գաստրոէնտերոլոգիայի միությունը հիմնականում հետբուհական կրթության հետ է աշխատում, կրթական կոմիտեն, որի աշխատանքներին նաև ես եմ մասնակցում, քննարկումներ է իրականացնում, թե ինչպես կարող են հետբուհական կրթության մեջ օգտագործել արհեստական բանականության գործիքները»,-նշեց Մանիկ Գեմիլյանը՝ շեշտելով հիմնական կետերի մասին, որոնք կիրառվում են՝ մշակել բարդ տեքստերը և ներկայացնել հեշտ հիշվող քարտեր, առաջարկել անհատականացված կրթության պլան/ծրագիր, հետևել զարգացմանը, գնահատել, ինչպես նաև վարել վիրտուալ պացիենտ:

Նրա հավելմամբ՝ սխալներ ևս հնարավոր է լինեն՝ կախված նրանից, թե ինչ է տրվում արհեստական բանականությանը:
Հաջորդ զեկույցը, որը ներկայացրեց Պաթոլոգիայի ամբիոնի վարիչ Փառանձեմ Խաչատրյանը «ԱԲ-ի կիրառումը պաթոլոգիայում» թեմայով էր: Նա խոսեց, թե ինչ մեխանիզմներով է կիրառվում արհեստական բանականությունը պաթոլոգիայում և ինչ ճանապարհ է անցել պաթոլոգիան տարբեր ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:

«Արհեստական բանականությունը պաթոլոգիայում կարելի է կիրառել տարբեր բնագավառներում և՛ ուսուցման, և՛ ախտորոշման, բուժման, գիտության մեջ, բայց օրվա հրամայականը, իհարկե, կրթությունն է: Եթե անկեղծ լինենք՝ ես կարծում եմ, որ ամենակարևորը սեփական բանականությունն է և քննադատական վերլուծությունը: Ինչքան էլ մենք հավատանք Chatgpt-ին, որը թվում է ամենազոր, կարողանում է վերլուծել, այնուամենայնիվ, միշտ մարդկային բանական քննադատությունը պետք է առաջնայինը լինի»,-ելույթի սկզբում նշեց Պաթոլոգիայի ամբիոնի վարիչը՝ շեշտելով, որ արհեստական բանականությունը պետք է օգտագործել գրագետ և ճիշտ:

Մասնագիտական, հետաքրքիր զեկույցներից հետո բանախոսները մասնակցեցին պանելային քննարկմանը, որտեղ պատասխանեցին գործընկերներին հուզող բազմաթիվ հարցերի` փորձի, գիտելիքի, տեսակետների փոխանակման հարթակ ստեղծելով:

yemek tarifleri kolaybet betparibu titobet interbahis betgaranti betpark hititbet mercurecasino supertotobet vbet vevobahis betlike klasbahis bahisfair betmoon