Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արմենակ Համբարձումյանն անհրաժեշտություն է համարում ապագա բժիշկների մոտ համաճարակաբանական մտածելակերպի ձևավորումը

Արմենակ Համբարձումյանն անհրաժեշտություն է համարում ապագա բժիշկների մոտ համաճարակաբանական մտածելակերպի ձևավորումը

Համավարակի դեմ պայքարի մեկ տարում ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնը  հանրային իրազեկման և քաղաքացիների՝ հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքների բարձրացման լայնածավալ աշխատանք է իրականացել: Ամբիոնի աշխատակիցների գործունեությունից անմասն չի մնացել նաև գիտական, կլինիկական ուղղվածության գործունեությունը:

 Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանը նշում է, որ Covid-19-ը նոր վարակ է, որը մարդու առողջության վրա կարող է ծանր հետևանքներ թողնել: Կորոնավիրուսը, նրա խոսքով, 21-րդ դարի առաջին համավարակը չէր, սակայն յուրաքանչյուր համավարակի դեմ պայքարի մեխանիզմներն ու մոտեցումները տարբեր են:

Նշենք, որ Համաճարակաբանության ամբիոնի կողմից մշակվել են օդակաթիլային մեխանիզմով տարածվող վարակների՝ այդ թվում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ուղեցույցներ, որոնք շուտով կտպագրվեն և կհանձնվեն հանրության դատին: Ապագա բժիշկները, ուսանողները, առողջապահական համակարգի ներկայացուցիչները հնարավորություն կունենան շուրջ 70 էջից բաղկացած ուղեցույցների շնորհիվ ևս մեկ անգամ կարևորել համավարակի դեմ պայքարը, հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանումը: Կորոնավիրուսի դեմ պայքարի անցած մեկ տարում ամբիոնի ղեկավարն ու աշխատակիցները ավելի քան 5 տասնյակ  հեռուստատեսային և էլեկտրոնային լրատվամիջոցների հետ են հարցազրույցներ անցկացրել՝ օպերատիվ արձագանքելով համավարակով պայմանավորված իրավիճակին, տալով պարզաբանումներ: Իրազեկման աշխատանքները շարունակվում են առայսօր:

«Կանխարգելման միջոցառումների շնորհիվ նվազել են ոչ միայն կորոնավիրուսի, այլև այլ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող և աղիքային վարակների հիվանդացության ցուցանիշները»,- նկատում է պրոֆեսորը:

Հիվանդությունների դեմ պայքարում նա կարևորում է գիտելիքների թարմացման մշտական գործընթացը: Փաստում է, որ վերջին ժամանակահատվածում աճել է նաև սովորողների հետաքրքրությունը համաճարակաբանի մասնագիտության հանդեպ, սակայն համաճարակաբան դառնալու և աշխատելու համար, Արմենակ Համբարձումյանը հիշեցնում է, որ հարկավոր է ձեռք բերել նեղ մասնագիտացում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա՝ մեկ տարի տևողությամբ:

«Համաճարակաբանությունը շատ հետաքրքիր ուղղություն է, որը պահանջում է  մասնագետից, առաջին հերթին, դառնալ լավ բժիշկ, քաջ ծանոթ լինել բուժական գործին՝ համաճարակաբանական գործողություններով հետազոտություններ անցկացնելու հնարավորություններից պատկերացում կազմելու համար»,- ընդգծում է ամբիոնի ղեկավարը:

Նա մեծապես կարևորում է ապագա բժիշկների մոտ համաճարակաբանական մտածելակերպի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը առողջապահական տարբեր մարտահրավերներով պայմանավորված հրամայական է: Պատահական չէ, որ համաճարակաբանություն ուսուցանվում է բժշկական համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետների ուսանողներին՝ դասախոսությունների, գործնական պարապմունքների միջոցով:

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը շարունակվում է, համաճարակաբանը որպես կանխարգելման արդյունավետ միջոց կարևորում է պատվաստվելը: Այն դեպքում, երբ կորոնավիրուսով հիվանդացած և պատվաստված բնակչությունը կազմի շուրջ 70 տոկոս, կարող է առաջանալ կոլեկտիվ իմունիտետ, ինչն էլ կհանգեցնի համավարակի մակարդակի իջեցման: Պատվաստումը պրոֆեսորը կյանք փրկող, հիվանդության բարդ ընթացքը կանխարգելող միջոց է համարում: Ցանկացած հիվանդության դեպքում  համալսարանականը հորդորում է բնակչությանը վստահել միայն մասնագիտական կարծիքներին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Համաճարակաբանության ամբիոնի վարիչը նշում է, որ ամբիոնի շատ շրջանավարտներ այսօր մասնագիտական հաջող գործունեություն են ծավալում ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի առողջապահական, բժշկագիտական հեղինակավոր կազմակերպություններում՝ նպաստելով համագործակցության ամրապնդմանը հարազատ բուհի հետ:

Արմենակ Համբարձումյանը ԵՊԲՀ նախկին սանիտարահիգիենիկ ֆակուլտետի շրջանավարտ է, նաև տասը տարի այդ ֆակուլտետի դեկանն է եղել:  Մասնագիտական երկար տարիների գործունեությունը նվիրել է մեր երկրում համաճարակաբանության ոլորտի, կրթության համակարգի  զարգացմանը՝ տարբեր տարիների կտրվածքով պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով:

Նա 12 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսության գիտական ղեկավար է եղել: Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի նախագահն է արդեն ավելի քան 20 տարի: 2019 թվականից պրոֆեսորը ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահն է:

Հեղինակ է 4 հեղինակային իրավունքի վկայագրի, 16 գյուտարարական առաջարկի, 205 տպագրված աշխատանքի, 1 մենագրության և 4 դասագրքի: