Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արմենուհի Սիսյանին գրական միջազգային մրցանակ է շնորհվել

Արմենուհի Սիսյանին գրական միջազգային մրցանակ է շնորհվել

ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության, ինչպես նաև Կյոտոյի (Ճապոնիա), Բրյուսելի Լիբանանի, Կոլումբիայի միջազգային գրողների ասոցիացիաների անդամ, Կոլումբիայի միացյալ ազգերի Unilettras կազմակերպության «Բարի կամքի դեսպան», hայաստանյան և միջազգային տարբեր մրցանակների դափնեկիր Արմենուհի Սիսյանն արժանացել է Sahito International Literature Award 2023 գրական միջազգային մրցանակի: Մրցանակը շնորհվել է «Ժյուրիի մրցանակ» անվանակարգում՝ արձակի ժանրում:

Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Արգենտինայի, Բանգլադեշի, Հնդկաստանի ներկայացուցիչներ:

«Գիտեի, որ այս պատմվածքը սիրել են, առանց չափազանցնելու, ամենատարբեր տարիքի ու ճաշակի, տարբեր սեռի ու նախասիրությունների մարդիկ: Եվ քանի որ պարտադիր պայման չէր անտիպ գործ ներկայացնելը, ընտրեցի հենց «Կինը»՝ թարգմանված անգլերեն»,-խոսելով պատմվածքի ընտրության, մրցույթին մասնակցելու մասին, նշում է Արմենուհի Սիսյանը:

Հերացիականը մրցանակը նվիրում է Լեռնային Ղարաբաղին. «Մրցանակի մասին լուրով ուրախանալու սիրտ չկար, բայց առաջին միտքը, որ առկայծեց, այն նվիրելն էր մեր վիրավոր Արցախին: Քանի որ մրցանակը միջազգային է, և իմ շատ գրչընկերներ բնակվում են արտերկրներում, պարտքս համարեցի առիթից օգտվելով՝ բարձրաձայնել մեր վիրավոր Արցախի խնդրի մասին»,-ընդգծում է արձակագիրը:

Նշենք, որ մրցանակաբաշխությանը դիմելու համար, բացի գրական ստեղծագործությունից, անհրաժեշտ է եղել գրական կենսագրության վերաբերյալ մանրամասն հայտ լրացնել, առնվազն 2 տպագրված գիրք ունենալ և 2 երաշխավորագիր ներկայացնել: Հաղթողներին տրվել են սերտիֆիկատներ, աշխատանքները տպագրվելու են Sahito գրական հանդեսում, ինչպես նաև գրական միջազգային անթոլոգիայում:

Հավելենք նաև, որ այս մրցանակին զուգահեռ, Արմենուհի Սիսյանը ևս մեկ պատվավոր մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել. Հայաստանի գրողների միության «Արարատյան ալյանս» ուղեղային կենտրոնի և Ռուսաստանի հայերի միության համատեղ հայտարարած ԴԱՐ21 գրական մրցանակաբաշխության «մանկապատանեկան գրականության» անվանակարգի մրցանակակիր:

«Կինը» պատմվածքը կարող եք ընթերցել այստեղ: