Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արտավազդ Սահակյանին և Կարինե Բարոյանին շնորհվեց խորհրդատու պրոֆեսորի կոչում․ Գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը

Արտավազդ Սահակյանին և Կարինե Բարոյանին շնորհվեց խորհրդատու պրոֆեսորի կոչում․ Գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը

2025 թվականի՝ գերհագեցած օրակարգով Գիտական խորհրդի առաջին նիստի մեկնարկը հանդիսավոր էր:  Հոբելյանների առթիվ և տասնամյակների կատարած աշխատանքի համար պատվոգրի արժանացավ երեք համալսարանական:

ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ Գեորգի Օկոևի, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Պապյանի և Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանի կենսագրության նշանակալի դրվագները համառոտ ներկայացրեց Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Բժշկական համալսարանի շրջանավարտ, Մոսկվայում հետբուհական կրթություն ստացած պրոֆեսոր Օկոևի մասին խոսելիս պրոռեկտորն ընդգծեց նրա հեղաշրջող դերակատարումը մեր երկրում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում, խոսքն արտամարմնային բեղմնավորման ներդրման մասին է, որը Հայաստանում արդեն ավելի քան 20 տարվա պատմություն ունի:

Առաջին անգամ հենց Գեորգի Օկոևի ու նրա թիմին ջանքերով Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արտամարմնային բեղմնավորումից հետո՝ 2003 թվականին, գրանցվեց հղիություն, իսկ 2004 թ․-ին լույս աշխարհ եկավ առաջին եռյակը:

Բժիշկգիտնականի մասին կարճ ելույթ ունեցավ այժմ գիտահետազոտական կենտրոնի` «Մարգարյան» ծննդատան ներկայիս տնօրեն, ԵՊԲՀ դասախոս Դավիթ ՄելիքՆուբարյանը: 

Արմինե Պապյանին կոլեգաները բնորոշեցին որպես գործին նվիրված իրական դոցենտ: Նրա մասին կարճ, բայց դիպուկ ելույթ ունեցավ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը` նշելով, որ ավագ գործընկերն ունի սուր աչք և միտք: 

Պարգևատրվողներին շնորհավորելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նկատեց, որ դժվար է մի քանի խոսքում ամփոփել այն հսկայական ուղին, որի միջով անցնելիս նրանք նպաստել են՝ ի շահ բժշկական կրթագիտական հաստատության և հայրենիքի:

Նա ընդգծեց, որ բոլոր մարդկային ու մասնագիտական հատկանիշներին զուգահեռ կարևոր են այն ջերմ վերաբերմունքն ու ապրումները, որոնք ունի նրանցից յուրաքանչյուրը վաղվա սերնդի հանդեպ, ինչպես նաև այն գաղափարի հանդեպ, որ վաղվա սերունդը պետք է գերազանցի նախորդներին:

«Երկարամյա մասնագետները մեծ հաջողություններ են գրանցում, երբ իրենց աչքի առաջ տեսնում են կայացած սերունդների անցած ամբողջ ճանապարհը` խնդիրներով և հաջողություններով, և, լինելով իրական համալսարանական, շարունակում են  ազնվաբարո աշխատանքը, կոչումը», – ասաց Արմեն Մուրադյանը:

Նիստի առանցքային հատվածներից էր ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի կոչման շնորհումը։ 

Հարցը զեկուցեց  Նոմինացիոն կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանը` տեղեկացնելով, որ կոմիտեն Գիտության գծով պրոռեկտորի միջնորդությամբ քննարկել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին և բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Կարինե Բարոյանին բուհի խորհրդատու պրոֆեսորի կոչմանն արժանացնելու հարցը:

Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ` հարցը քննարկվել է  նաև ռեկտորատի նիստում, և երկու թեկնածուի համար էլ իր առաջարկն անսպասելի է եղել:

Նրա գնահատմամբ` աննախադեպ այս որոշումը նախադեպային է երկու թեկնածուի դեպքում էլ և հարգանքի տուրք է ըստ ոլորտների նրանց կատարած հսկայական աշխատանքի դիմաց:

Թե՛ դոցենտ Բարոյանի, թե՛ դոցենտ Սահակյանի կենսագրական էջերը ներկայացնելու կարիք չկար, քանի որ նրանց աշխատանքը տեսանելի է հանրությանն ու ուսանողությանը:

Արտավազդ Սահակյանի դեպքում վերահաստատվել է այն գաղափարը, որ վիրաբուժության մեջ հենց անհատները, կերպարներն են, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում, ձևավորում այս մասնագիտությունը: 

Շնորհակալություն հայտնելով պատվաբեր կոչման համար՝ նորընտիր խորհրդատու պրոֆեսորները նշեցին, որ նոր եռանդով ու ջիղով կշարունակեն երիտասարդներ կրթելու, առողջություն պարգևելու այն ուղին, որը սկսել են տասնամյակներ առաջ: 

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի տարեկան հաշվետվությունն արտացոլում էր բուհի միջազգային գործունեությունը, վերլուծություն էր ընթացիկ ու նախատեսվող աշխատանքների, հեռանկարների մասին:  

Պրոռեկտորի գնահատմամբ՝ համալսարանի միջազգայնացումը միասնական համապարփակ գործունեություն է, որն ընդգրկում է կրթական, գիտական ենթակառուցվածքների զարգացում, տնտեսական բաղադրիչներ:

Նշելով, որ օտարերկրացի ուսանողների ներգրավածությունը համալսարանի միջազգայնացման ցուցանիշներից ընդամենը մեկն  է, և խոսելով  գլոբալ կրթական ցանցում այս ուղղությամբ կատարվող ծրագրերի մասին, նա տեղեկացրեց, որ ներկա պահին համալսարանում տարբեր ուսումնական ծրագրերով 2024-2025 ուստարում ուսացանում է 33  օտարերկրյա պետության 2122  քաղաքացի։

Ընթացիկ կիսամյակի սկզբին օտարերկրացիների թիվն աճել է՝ ի հաշիվ կլինիկական օրդինատուրայի ընդունելության և հեռացված ուսանողների ուսման իրավունքների վերականգնման:

Պրոռեկտորի տեղեկացմամբ` առաջիկա երեք տարվա ընթացքում դրական փոփոխություններ են ակնկալվում ուսանողների քանակի և աշխարհագրության ընդլայնման առումով: 

Երվանդ Սահակյանը հաջորդաբար խոսեց  ըստ ուսուցման լեզուների  օտարերկրացիների  կրթության, 2025Թ․ FMGE SCREENING TEST Օտարերկրյա  բժշկական  շրջանավարտների քննության ընթացքի, օտարերկրացիների կացության, իր համակարգմամբ կյանքի կոչվող այլ ծրագրերի մասին։

Արդյունավետ է բուհի համագործակցությունը «Էրազմուսմիջազգային շարժունության ծրագրի շրջանակում։

2022-2024թթ․ ծրագրի հինգ բուհում իմացությունն ու գիտելիքը թրծել է ԵՊԲՀ 30 դասախոս, աշխատակից, կլինիկական օրդինատոր։

Միջհամալսարանական ուղիղ համագործակցության արդյունքները ևս գոհացուցիչ են։ Շարունակական են արտասահմանյան մասնագետների այցերը համալսարան և համալսարանական բուժհաստատություններ,  համատեղ միջազգային հանդիպումներն ու համաժողովները՝ մասնագետների լայն ընդգրկմամբ։

Հաջորդիվ կրթական երեք ծրագրերի հաստատման հարցը ներկայացրեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը: 

Մրցութային ընթացակարգով Ռազմաբժշկական ֆակուլտետի Աղետների բժշկության և  քաղաքացիական պաշտպանության ամբիոնը նոր պետ ունի:

Նախքան ընտրությունը բուհի Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում պետի պաշտոնում ընտրվեց նույն ամբիոնի և Նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, մանկական նյարդաբան Լիլիթ Գալստյանը, ով խոսելով ամբիոնի կառուցվածքի, գործունեության մասին, ներկայացրեց  զարգացման իր տեսլականը:

Պատասխանելով Գիտական խորհրդի անդամների հարցերին՝ ամբիոնի նոր պետը մանրամասնեց, որ աղետների բժշկության բնագավառում արտերկրում վերապատրաստման փորձ ունի և ձեռք բերված գիտելիքը ծառայեցնելու է ի նպաստ այս ստորաբաժանման առաջընթացի:

Գիտական խորհուրդը դոցենտի գիտական կոչման շնորհման երաշխավորություն տվեց բժշկական գիտությունների թեկնածու, Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Սաթենիկ Ադամյանին, բժշկական գիտությունների թեկնածուներ, Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտներ՝ Կարեն Մաշինյանին և Սերգո Հովհաննիսյանին: