Արտյոմ Զաքարյանը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նրա ցանկությունն է դառնալ արհեստավարժ, վստահելի մասնագետ: Ուսանողը խոստովանում է, որ դեռ մանուկ հասակից ցանկացել է բժիշկ դառնալ: «Դեռևս իմ ատամհատիկի արարողությանը, երբ ինձ նվիրել են բազմաթիվ խաղալիքներ, ես դրանցից ընտրել եմ խաղալիք ֆանենդոսկոպ: Դպրոցական տարիներից ինձ միշտ հետաքրքրել է մարդու օրգանիզմի կառուցվածքը, թե ինչպես է այն աշխատում: Մինչ այժմ կենդանի բջջի աշխատանքը համարում եմ զարմանահրաշ երևույթ»,-ընդգծում է ապագա բժիշկը:
Արտյոմը նշում է, որ ծնողներն իրեն հորդորել են ընտրել այլ մասնագիտություն՝ հաշվի առնելով բժշկի աշխատանքի բարդությունը, դժվարին ուղին:
«Ընտանիքում բժիշկներ չկան, ես առաջինն եմ: Ինչպես գիտեք, շատ հաճախ ծնողներն են իրենց զավակներին ուղղորդում բժշկի մասնագիտությունն ընտրել, սակայն իմ դեպքում ծնողներս փորձում էին համոզել հակառակը՝ բացատրելով, որ շատ բարդ է լինելու, ուսումնական երկար գործընթացը, բայց ես, այդ ամենը գիտակցելով, վստահ ասացի, որ ինձ համար հեշտ կլինի, քանի որ շատ եմ սիրում այդ մասնագիտությունը»,-ասում է Արտյոմ Զաքարյանը, ում խոսքով՝ ուսումնառության 3 տարվա ընթացքում բուհը սովորեցրել է իրեն «բժշկական մտածողություն»՝ վերլուծել իրողությունները, գտնել պատճառահետևանքային կապեր, չվախենալ խնդիրներից և լինել պատասխանատու։
«Ամենակարևորն ինձ համար նաև մարդկանց հետ ծանոթությունն է: Առաջինը կցանկանայի անդրադառնալ խմբիս՝ մի միջավայրի, որտեղ բոլորս միասնական ենք, օգնում ենք միմյանց բոլոր հարցերում, օժանդակում, և նույնիսկ 3-րդ կուրսում կարողանում ենք գտնել ազատ ժամանակ՝ փոքր խնջույքներ կազմակերպել և շաբաթ-կիրակի մի փոքր բեռնաթափվել ծավալուն ու հետաքրքիր ուսումնական գործընթացից: Հաջորդը դասախոսական անձնակազմն է, ինձ դասավանդած և դասավանդող յուրաքանչյուր դասախոսից առանձնահատուկ գոհ եմ, թե իրենց՝ դասը մատուցելու ձևի, թե մարդ տեսակի համար։ Նրանցից յուրաքանչյուրն ունի մի յուրօրինակ առանձնահատկություն, նրանք ևս պատրաստ են օգնել քեզ ցանկացած հարցում: Շփվելու հմտությունը մեկ այլ «պատմություն է»: Պացիենտները հիշում են ոչ միայն դեղերը, բուժումը, որոնք բժիշկը նշանակել է, այլև այն, թե ինչպես է շփվել, հաղորդակցվել իրենց հետ։ Բուհը սովորեցնում է լինել ուշադիր շփման մեջ, հարգալից, դրսևորել էմպաթիա (կարեկցանք)՝ և՛ պացիենտների, և՛ գործընկերների հետ։ Իմ կարծիքով՝ լավ բժիշկը միայն գիտակ մասնագետ չէ, այլև մարդ, ում վստահում են»,-շեշտում է ապագա բժիշկը:
Նա համոզված է, որ ճակատագրական սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է ցանկացած քայլ կատարելուց առաջ բավական խորը մտածել, գիտակցել հնարավոր հետևանքները, սխալվելուց հետո վերլուծել դրանք՝ կրկնություն թույլ չտալու համար:
Արտյոմ Զաքարյանը, որպես նեղ մասնագիտացում, որոշել է ընտրել էսթետիկ պլաստիկ վիրաբուժությունը:
«Ապագայում ցանկանում եմ ուսումս շարունակել ԱՄՆ-ում, այդ նպատակով հաճախում եմ USMLE-ի պարապմունքների, նախապատրաստվում եմ կյանքիս հաջորդ փուլին՝ ցանկանում եմ դառնալ մասնագետ, ում վստահելը հեշտ կլինի, և որը կկարողանա նվիրել իր պացիենտներին գեղեցկություն և երջանկություն: Առաջին կուրսից տարբեր կլինիկաներում ներկա եմ եղել տարբեր վիրահատությունների, որոնք կատարել են տարբեր մասնագետներ: Ամենաշատը մասնակցել եմ պլաստիկ վիրահատությունների: Վիրաբույժների աշխատանքը տեսնելով ու վերլուծելով՝ կարծում եմ՝ կկարողանամ առաջարկել նոր խոսք այս ոլորտում: Նախատեսում եմ շարունակել այցերս կլինիկաներ, ներկա լինել վիրահատական միջամտությունների»,-նշում է ԵՊԲՀ ուսանողը: