Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աշխարհի առաջատար համալսարաններում վերապատրաստված ԵՊԲՀ շրջանավարտն իր նպաստն է բերում հայրենիքում

Աշխարհի առաջատար համալսարաններում վերապատրաստված ԵՊԲՀ շրջանավարտն իր նպաստն է բերում հայրենիքում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Անի Գասպարյանի համար մասնագիտությունը «կոդավորված» էր դեռ մանկուց․ տեսակով չհանձնվող և նպատակասլաց երիտասարդ ապագա բժիշկն, անկասկած, պետք է դառնար մանկաբարձ-գինեկոլոգ՝ տիրապետելով հրաշքի մասին մասնագիտությանը և իր փորձով օր օրի հարստացնելով այն հայրենիքում։

2009 թվականին նա ավարտել է բժշկական համալսարանը՝ բացարձակ գերազանցությամբ հանձնելով պետական քննությունները և արժանանալով ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրի։ Այնուհետև Կրթության և գիտության նախարարության ծրագրի շրջանակում (տվյալ ժամանակ պատասխանատու գերատեսչության անվանումն էր) շարունակել է կրթությունը Ռուսաստանում՝ անվճար սովորելով օրդինատուրայում։

«Երեք քննություն հանձնելով՝ ընդունվեցի օրդինատուրա Մոսկվայի Ի․ Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում։ Ավարտելուց հետո հիվանդանոցի տնօրինությունը նամակ գրեց Ռուսաստանի կրթության նախարարություն, որպեսզի ասպիրանտուրան ևս իրենց մոտ մնամ», – պատմում է Անի Գասպարյանը։ Ասպիրանտուրայում նույնպես անվճար սովորելուց հետո նա պաշտպանում է ատենախոսությունը, դառնում գիտությունների թեկնածու։

«Աշխատում էի Ռուսաստանի Դաշնությունում, երբ այն ժամանակ ՀՀ առողջապահության նախարար, ներկայիս ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելեց Մոսկվա։ Նա ասաց՝ մեր կադրերն ափսոս են, պետք է վերադառնան։ Ենթագիտակցորեն դա ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Այդ հանդիպումից մի քանի տարի հետո որոշում կայացրի տեղափոխվել Հայաստան։ Այժմ աշխատում եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, մեր բժշկական համալսարանում՝ Մանկաբարձության թիվ 1 ամբիոնի ավագ դասախոս», – նշում է Անի Գասպարյանը։

Այս ընթացքում նա հանձնում է USMLE (United States՛ Medical Licensing Examination) քննությունը, որը ճանաչվել է բժշկական ամենաբարդ քննությունն աշխարհում։

«Դա շատ դժվար, ինտեգրված քննություն է, որը պահանջում է մեծ կամքի ուժ։ Մեր համալսարանի տրամադրած տեսական գիտելիքը հիմնովին մնացել էր իմ ուղեղում, և եթե ես չունենայի այստեղի բազային գիտելիքը, ինձ դժվար կլիներ հանձնել այդ քննությունը», – վստահեցնում է շրջանավարտը։

Այնուհետև ստանում է որակավորման բարձրացմանն ուղղված հրավերներ UCI (University of California, Irvine) համալսարանից, որը մտնում է աշխարհի 10 առաջատար համալսարանների մեջ, և Քլիվլենդի կլինիկայից (Cleveland Clinic), որը ճանաչված է աշխարհում 2-րդ հիվանդանոցը։

«Ապա վերադարձա․ այս պահին ունեմ 3 երկրի լիցենզիա՝ ԱՄՆ, ՌԴ և Հայաստան։ Հուսով եմ, որ իմ փորձը կոգեշնչի շատերին կրթվել և իրենց ներուժով նպաստ բերել մեր երկրին՝ կարևորելով կրթությունը հաջողության հասնելու ճանապարհին։ Ես սովորական մարդ եմ․ ոչ մի բանով չեմ տարբերվել որևէ մեկից։ Եթե հասել եմ այս ամենին, յուրաքանչյուրը կարող է դա անել։ Մենք այնքան տաղանդավոր երեխաներ ունենք», – շեշտում է նա։

Ինչու՞ ընտրեց բժշկի մասնագիտությունը։

«Փոքրուց եղբորս էին միշտ ասում, որ բժիշկ դառնա, իսկ ես, 1 տարի փոքր լինելով նրանից, միշտ ուշադիր լսում էի՝ ինչ են նրան ասում, ու ինքս էի անում, որպեսզի ինձ ևս գովեստի խոսքեր ասեն։ Եղբայրս բժիշկ չդարձավ․ նա 3 բարձրագույն կրթությամբ (իրավաբանություն, տնտեսագիտություն, ռադիոֆիզիկա) ռադիոֆիզիկոս է, գիտությունների թեկնածու։ Իսկ ես նույնիսկ չէի կարող պատկերացնել այլ մասնագիտություն։ Ինձ մոտ կարծես կոդավորված լիներ․ ես պետք է ընդունվեի բժշկական համալսարան և դառնայի մանկաբարձ-գինեկոլոգ։ Երբեք չեմ ափսոսացել ընտրությանս համար», – ընդգծում է մասնագետը։

Վերապատրաստվելով Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններում՝ Անի Գասպարյանը համոզված է՝ Երևանի պետական բժշկական համալսարանն աշխարհում առաջատարներից է․ այն հզոր գիտելիք է տալիս։

«Ես հայկական կրթություն չունեմ․ հաղթահարել եմ լեզվական արգելքը․ հայերեն և լատիներեն բառերը չէի տարբերում։ Երբ, օրինակ, Սոս Սիսակյանն ասում էր՝ բջիջ, ես գիտեի՝ դա լատիներեն բառ է։ Դասախոսություններիս տետրում հայերեն և լատիներեն բառերը գրում էի ռուսերեն տառերով։ Առաջին երկու տարին շատ դժվար էր, բայց ես կարողացա անել դա», – գոհունակությամբ նշում է բուհի շրջանավարտը:

Մասնագիտության մասին խոսելիս

«Պարբերաբար մտածում եմ՝ ինչպես երկու բջիջ կարող են ստեղծել մարդ՝ ձեռք, ոտք, աչք, ուղեղ․ դա իսկապես հրաշք է։ Նույնը վերաբերում է ծննդաբերությանը․ ինչպես կարող է կնոջ փորիկում 3-3,5 կիլոգրամ քաշով ձևավորված մարդը լույս աշխարհ գալ։ Ինձ համար հղիությունը և ծննդաբերությունը մեծ հրաշք են․ դա բացատրություն չունի», – ասում է եռանդով լի երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգը։

Զրույցի ընթացքում իր պրակտիկայից զավեշտալի դեպք է հիշում․

«Մոսկվայում մի հիվանդանոցում էի աշխատում, որտեղ հայտնի մարդիկ էին երեխա ունենում։ Երբ հայ էր հիվանդանոց գալիս, ուրախանում էի։ Մի անգամ մի աղջիկ եկավ․ բազմաթիվ հիվանդանոցներ էր այցելել, շատ  բժիշկների էր հանդիպել, ոչ ոքի չէր հավանել, խորհուրդ էին տվել գալ ինձ մոտ։ Երբ խոսեցինք, աչքերը փայլեցին, համակրեց ու վստահեց ինձ, բայց խոսակցության վերջում մայրիկը հարցրեց․ «Ես մի հարց ունեմ․ դուք այդքան փոքրամարմին եք․ երբ երեխան ծնվի, կարող ե՞ք բռնել նրան»։ Հետո, իհարկե, այդ աղջիկը երկրորդ և երրորդ երեխաներին մեզ մոտ ունեցավ, բայց այդ զավեշտալի դեպքը միշտ հիշում և ծիծաղում ենք»։

Մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքը, բացի պատասխանատու լինելուց, նրա փոխանցմամբ, նաև անկանխատեսելի է․ կարծես ականապատ դաշտ լինի։ «Մեր գործում երբեք չենք կարող ասել՝ այս կամ այն ծնունդն ինչ ավարտ է ունենալու։ Սկսած ամենաբարդ իրավիճակներից՝ մինչև արագընթաց ծնունդ կարող է լինել։ Մենք միշտ պետք է զգոն լինենք, երբեք չթուլանանք, գերուշադրությամբ վերաբերվենք յուրաքանչյուր ծնունդին», – ընդգծում է Անի Գասպարյանը։

Էմոցիաները՝ մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքում

Փորձառության ընթացքում նա սովորել է կառավարել էմոցիաները։ «Երբ դու հագնում ես բժշկի համազգեստն ու դիմակը, դու այլևս սովորական մարդ չես, դու այլևս էմոցիաներ չունես։ Եթե բժիշկը չկարողանա իրեն անջատել էմոցիոնալ առումով, անպայման որևէ սխալ թույլ կտա։ Որոշում կայացնելու գործընթացում էմոցիաները տեղ չունեն։ Ամեն վայրկյանը կարևոր է և ճակատագրական կարող է լինել կյանքի համար», – եզրափակում է Անի Գասպարյանը՝ հավելելով, որ հետո արդեն, երբ ամեն ինչ բարեհաջող է անցնում, իհարկե, յուրաքանչյուր երեխայի ծնունդով լիաթոք ուրախանում է ծնողների և հարազատների հետ միասին։