«Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակառու Լուսինե Հակոբյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։
Ապագա բժշկի մասնագիտական ընտրության հարցում մեծ դեր է ունեցել ընտանիքը, նա տոհմիկ բժշկական գերդաստանի շառավիղներից է:
«Մեծացել եմ բժիշկների շրջապատում, կարելի է ասել՝ բժշկությունն իմ գեների մեջ է: Մեր ընտանիքում ես երրորդ սերունդն եմ. պապիս եղբայրը` Վիլեն Հակոբյանը, բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, դեղագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, հայրս՝ Արթուր Հակոբյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Նրանց բժշկական գործունեությունը ոգեշնչման աղբյուր է եղել բժիշկ դառնալու որոշմանս մեջ»,-նշում է Լուսինե Հակոբյանը:
Նրա խոսքով, երբ ավագ դպրոցում հարց ծագեց, թե ինչ մասնագետ պետք է դառնա, երկար մտածելուց հետո հասկացավ, որ, բացի բժշկությունից, իրեն այլ ոլորտում չի տեսնում:
«Հիմա հետ նայելով՝ հասկանում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Նեղ մասնագիտացման առումով այս պահին դեռ չեմ կողմնորոշվել և տատանվում եմ ոլորտներից որն ընտրել՝ ուռուցքաբանություն, անեսթեզիա-ռեանիմացիա, թե նյարդաբանություն։Ուռուցքաբանությունն ինձ միշտ հոգեհարազատ է եղել, որովհետև այն շատ արագ զարգացող, գիտական բազում նորամուծություններ ենթադրող ուղղություն է։ Սերը դեպի անեսթեզիա-ռեանիմացիա գալիս է իմ բժիշկ հորից։
Մանուկ հասակից տեսնելով նրա հոգատարությունն ու նվիրվածությունը հիվանդների նկատմամբ, ինչպես նաև մասնագիտական հմտությունները՝ ոգեշնչվել եմ նրանից։ Շատ երջանիկ կլինեմ, եթե կարողանամ շարունակել նույն ուղղությամբ»,-խոստովանում է Լուսինեն։
Նյարդաբանությունը, նրա կարծիքով, բժշկության ամենահետաքրքիր ճյուղերից մեկն է:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Ֆանարջյանի անվան կրթաթոշակառու։ Բարդուղիմեոս Ֆանարջյանը ռենտգենաբան էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրն է, բազում գիտական աշխատությունների հեղինակ»,-նշում է ապագա բժիշկը։
Նա վստահ է, որ ճիշտ բուժման համար անհրաժեշտ է գրագետ ախտորոշում։ «Անկասկած, բժշկությունn ամենաբարդ, սակայն նաև ամենակարևոր և ամենաանհրաժեշտ մասնագիտություններից մեկն է։ Այն պահանջում է մեծ պատասխանատվություն, նվիրում և մարդասիրություն։ Վերջինս, իմ կարծիքով, ամենակարևորն է մեր մասնագիտության մեջ։ Անընդհատ ինքնակրթությունն ու նորը սովորելու ձգտումը նույնպես շատ կարևոր են։ Բժշկության ոլորտում դժվարությունները շատ են, սակայն երբ զբաղվում ես սիրելի գործով, բոլոր բարդությունները ավելի հեշտ են հաղթահարվում։ ԵՊԲՀ-ն մեծ դեր ունի իմ կյանքում։ Բացի գիտելիքից և փորձից, ես այստեղ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, համախոհներ, ովքեր ինձ համար արդեն շատ թանկ են։ Նաև հնարավորություն եմ ունեցել շփվելու բազմաթիվ հիանալի բժիշկների հետ, ձեռք բերել ավագ ընկերներ, ովքեր սովորելու և հետագայում աշխատելու ոգեշնչման աղբյուր են ինձ համար»,- ընդգծում է ԵՊԲՀ ուսանողը։
Նրա ցանկությունն է ճիշտ ընտրություն կատարել մասնագիտության ընտրության հարցում ՝ վստահելի և բանիմաց բժիշկ դառնալու համար։
«Առողջ բնակչություն ունենալու համար կցանկանամ, որ Հայաստանում ավելի զարգանա կանխարգելիչ բժշկությունը, բժշկական կրթությունը և հետազոտման առաջնային օղակը։
Նաև կարևոր եմ համարում սկրինինգային հետազոտությունների ազգային օրացույցի համալրումները և բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածությունը»,-խոսքը եզրափակեց ապագա մասնագետը։