Բարձր առաջադիմությունը կրթաթոշակառուի աշխատանքի արդյունքն է, սերը՝ դեպի ընտրած մասնագիտությունը

Բարձր առաջադիմությունը կրթաթոշակառուի աշխատանքի արդյունքն է, սերը՝ դեպի ընտրած մասնագիտությունը

Բժշկական բուհը շարունակում է կրթել այնպիսի ապագա բժիշկներ, որոնք ոչ միայն մասնագիտական բարձրագույն գիտելիքներ են ձեռք բերում, այև պատրաստ են իրենց ներդրումն ունենալ երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, «Ռուբեն Յոլյանի անվան» կրթաթոշակառու Յուրի Ազբեկյանը բժշկական բուհի այն սովորողներից է, որն արդեն ուրվագծել է բժշկի իր ուղին:

«Մասնագիտության ընտրության հարցում դժվարություններ չեմ ունեցել։ Ծնողներս և ավագ քույրերս նույնպես ստոմատոլոգներ են։ Մանկուց լինելով բժշկական միջավայրում, այլ ոլորտում ինձ պարզապես չեմ կարող պատկերացնել»,- ասում է նա՝ ընդգծելով, որ ընտանիքը նրա համար անփոխարինելի ուսուցիչ է եղել։

Մինչև բժշկական համալսարան ընդունվելը՝ Յուրի Ազբեկյանը շատ հետաքրքիր և հագեցած դպրոցական կյանք է ունեցել, սովորել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանում:

«Դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, որի համար մեծապես շնորհակալ եմ ուսուցիչներիս։ Այդ տարիներին շատ հետաքրքրված էի քիմիայով և կենսաբանությամբ, մասնակցել եմ հանրապետական օլիմպիադաների և ստացել դիպլոմներ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ համալսարանական կյանքը նույնպես լի է նոր բացահայտումներով:

Բարձր առաջադիմությամբ սովորելն անվանական կրթաթոշակառուի համար գլխավոր նպատակ չէ: «Քանի որ շատ եմ  սիրում բժշկի մասնագիտությունը, հետաքրքրությամբ եմ սովորում, իսկ բարձր գնահատականները ճիշտ ընտրության և աշխատանքիս արդյունքն են»,- կարծում է նա՝ ընդգծելով, որ գլխավոր շարժիչ ուժը հետագայում «շնորհակալություն բժիշկ ջան» արտահայտությունը լսելու մեծ ցանկությունն է:

Անվանական կրթաթոշակառու լինելը Յուրի Ազբեկյանի համար մեծ պատասխանատվություն է:

«Համալսարանն ավարտելուց հետո, մասնագիտական կյանքում մեզանից սպասելիքները շատ ավելի մեծ են»,- կարծում է ապագա ստոմատոլոգը՝ նշելով, որ նեղ մասնագիտացման հարցում արդեն կողմնորոշվել է՝ դառնալու է վիրաբույժ-ստոմատոլոգ: «Ընտանիքիս բոլոր անդամները ստոմատոլոգներ են, սակայն այլ նեղ մասնագիտացումներ ունեն: Իմ ապագա մասնագիտությամբ կլրացնեմ մեր ընտանիքի մասնագիտական «բացը»»,-ասում է նա:

«Ռուբեն Յոլյանի անվան» կրթաթոշակառուի համար բժշկությունը շարունակական կրթություն և կատարելագործում է։ «Վստահ եմ, որ բժշկական ոլորտում նույն տեղում կանգ առնել չի կարելի, պետք է անընդհատ լինել շարժման մեջ, թարմացնել գիտելիքները»,- համոզված է նա:

Բնութագրելով բժշկի մասնագիտությունն ընտրած մարդկանց՝  նշում է, որ նրանք ավելի զգույշ, պատասխանատու և կենտրոնացած են, որովհետև գործ ունեն մարդու առողջության ու կյանքի հետ և փոքր թերացումը կարող է անդառնալի հետևանքների բերել, և բժիշկը պարտավոր է չմոռանալ դրա մասին։

Առողջապահական համակարգում կցանկանար լուծել վերջին շրջանում շատ քննարկված բժշկական ապահովագրության հարցը:

«Կարծում եմ շատերը չեն դիմում բժշկի հենց ֆինանսական խնդիրների պատճառով, և տարբեր հիվանդություններ բարդանում են և հաճախ դառնում անբուժելի: Վստահ եմ՝ շատ տարածված և ծանր հիվանդություններ ավելի հեշտ կհաղթահարվեն, եթե դրանք վաղ փուլերում սկսեն բուժել»,- եզրափակում է  Յուրի Ազբեկյանը, որին նոյեմբերի 15-ին պատիվ էր ընձեռվել լինել մեկը այն երկու անվական կրթաթոշակառուներից, որն առաջնորդում էր Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»  շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագրի նվիրաբերության  ԵՊԲՀ-ից Մատենադարան ապագա բժիշկների հանդիսավոր քայլերթը: