«Մարդու պապիլոմավիրուսային վարակի կանխարգելման հիմնական մոտեցումները» կրեդիտավորված համաժողովը` «Հերացի» վերլուծական կենտրոնի կազմակերպմամբ հերթականն էր, որը բուհական հարկի ներքո անդրադադարձավ առողջապահական արդի այս թեմային:
Կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը հիշեցրեց ներկաներին, որ այս տարվա հունվարին արգանդի պարանոցի քաղցկեցին նվիրված համաժողով էր անցկացվել, որին արձագանքել և իր փորձառությունը հայ կոլեգաներին ներկայացնելու ցանկություն էր հայտնել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից՝ բժիշկ-ախտաբան Հարութ Յաղսզյանը:
«Տեսնելով առաջին միջոցառումը պարոն Յաղսզյանը, որը ԵՊԲՀ 1981 թվականի շրջանավարտ է, ցանկություն հայտնեց կիսվել իր մեծ փորձով և ուղղորդել մեզ՝ առավել նորագույն մեթոդներով իրականացնելու արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ հետազոտություններ, երկրորդային կանխարգելմանը միտված միջացոռումներ»,- ասաց պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը` մասնագիտական հարցադրումներ ու գիտահեն մեջբերումներ անելով:
Եվ այսպես, ինչ է մարդու պապիլոմավիրուսային վարակը
«Այն հանդիսանում է մեզ հայտնի վեց տեսակի քաղցկեղի հիմնական պատճառագիտական գործոն և մենք այսօր ավելի կկենտրոնանանք արգանդի պարանոցի քաղցկեղի վրա, որովհետև արդեն իսկ այս տեսակի քաղցկեղի կանխարգելման գործում ունենք հավաստի ապացուցողական ձեռքբերումներ»,- մանրամասնեց նա:
Աշխարհում՝ կանանց մոտ հանդիպող ուռուցքների շարքում, արգանդի պարանոցի քաղցկեղը չորրորդ տեղում է: Հայաստանում ցուցանիշներն առավել մտահոգիչ են. կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է:
«Խոցելին 35-ից 55 տարիքային խումբն է: Եվ ցավալին այն է, որ քաղցկեղն ավելի քան 55 տոկոս դեպքերում ախտորոշվում է առավել հաճախ երրորդ, չորրոդ փուլերում, երբ բուժման լավ ելքի հավանականությունն ավելի փոքր է, քան վաղ ախտորոշման դեպքում»,- շեշտեց ԵՊԲՀ վերլուծական ստորաբաժանման ղեկավարը, որի փոխանցմամբ` կանխարգելումն իրականացվում է երեք՝ առաջնային, երկրորդային և երրորդային փուլերով:
Առաջնայինի դեպքում կանխվում է հենց վարակումը: Խոսքը գնում է առավելապես պատվաստման և առողջ սեռական կյանքի մասին: Երկրորդ փուլը՝ վաղ հայտնաբերումն է սքրինինգ հետազոտությունների միջոցով, իսկ երրորդը` հայտնաբերված դեպքերի բուժումը:
Մեջբերելով միջազգային փորձն ու տվյալները՝ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ բոլոր երկրները պարտավորվել են վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ ռազմավարությունն արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում՝ մինչև 4 կամ ավելի քիչ` 100 հազար կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը` բոլոր երկներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար:
Հաջորդիվ բժիշկների, դասախոսների լայն ընդգրկմամբ այս համաժողովի առանցքում էին Հարութ Յաղսզյանի երեք զեկույցները: 2005 թվականից նա Կալիֆորնիայի պետական համալսարանի Առողջապահության բաժնի կլինիկական համակարգողն է, նաև նույն համալսարանի շրջանավարտ:
«Որպես բժշկական համալսարանի նախկին շրջանավարտ՝ այս հանդիպումը չափազանց կարևոր է ինձ համար: Այսօր կխոսենք ՊԱՊ թեստի մասին, ինչը բժշկության մեջ կանխարգելիչ նշանակություն ունի: Քաղցկեղի հայտնաբերման համար կարևոր է սքրինինգ հետազոտությունը, որը թույլ է տալիս խնդիրները բացահայտել որոշակի բարձր ռիսկի խմբում: Վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղը շատ ավելի հեշտ է բուժել: Նախաքաղցկեղային փուլում հատուկ նշաններ չկան, բացահայտելու միակ տարբերակը ՊԱՊ թեստն է, որի շնորհիվ կարող ենք որսալ, հայտնաբերել խնդիրը»-պարզաբանեց ԱՄՆ-ում պրակտիկ գործունեության հարուստ փորձ ունեցող մասնագետը` «Հիմնարար տեղեկատվություն կանանց սեռական ուղիների վերաբերյալ` բջջաբանների համար» թեմայով զեկույցում:
Նրա փոխանցմամբ՝ 900 հազար կին ամեն տարի ունենում է արգանդի վզիկի քաղցկեղ: «80 տոկոսը բացահայտվում են 3-րդ և 4-րդ փուլում, ինչը բարդ փուլ է, որի ժամանակ ունենում ենք 20 տոկոս` 5 տարի ապրելու ժամկետ»:
Սքրինինգ հետազոտություն չունենալը կամ հազվադեպ սքրինինգ անցնելն ազդում են քաղցկեղի առաջացման վրա:
«Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը պապիլոմավիրուսներն են: HPV վիրուսները կարող են հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի: HPV վիրուսները հիմնականում անհետանում են, բայց դրանք բարձր ռիսկայնություն ունեն և համառ, չանցնող վիրուսները կարող են մնալ օրգանիզմում, առաջացնել ատիպիկ փոխոխություններ և հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի»,-հավելեց Հարութ Յաղսզյանը:
Հաջորդ՝ «Անցում ՄՊՎ-ի առաջնային զննմանը` ԱՄՆ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար: «Ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ և ի՞նչ» հարցերը լաբորատոր մասնագետների համար» զեկույցում հանգամանալից անդրադարձավ հետազոտություններին և դրանց արդյունավետությանը:
Զեկուցողի խոսքով` ՊԱՊ թեստի միջոցով բացահայտվում են աննորմալ բջիջները, իսկ արդյունավետությունն ավելի պակաս է, քան HPV թեստով ստուգումը, ինչը հնարավորություն է տալիս բարձր ռիսկի HPV-ի հայտնաբերմանը, ավելի զգայուն և հուսալի է և կարող է ավելի վաղ հայտնաբերել նախաքաղցկեղային փոփոխությունները: Հարութ Յաղսզյանը խոսեց նաև բուժման մեխանիզմերի, վիրահատական միջամտությունների մասին՝ բազմաթիվ օրինակներ բերելով անձնական աշխատանքային փորձից:
«Մարդու պապիլոմավիրուսային վարակի կանխարգելման հիմնական մոտեցումները» կոնֆերանսն ամփոփեց Հայաստանի իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբի նախագահ, Համաճարակաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր Արման Բադալյանը՝ «Պատվաստումներ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, միջազգային և հայաստանյան փորձը, արդի միտումներ» թեմայով զեկույցով:
Աշխարհում տարեկան շուրջ 300 հազար կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղի հետևանքով, ինչը կանխարգելվող հիվանդություն է: «Եթե շարունակվեն պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները, ապա մինչև 2045 թվականը մենք կունենանք վարակվածության շրջանառության նվազում՝ շուրջ 45 տոկոսով, իսկ մինչև 2030 թվականն աշխարհում կկանխարգելվի շուրջ 300 հազար մահ՝ արգանդի վզիկի քաղցկեղի հետևանքով:
Արման Բադալյանի խոսքով՝ Հայաստանն այն խնդրահարույց երկրներից է, որտեղ անհրաժեշտ գործոնների ներդրման շնորհիվ պետք է հասնել այս վարակի տարածվածության կանխարգելմանն ու դրա հետևանքների վերացմանը: «Բժշկական համայնքը պետք է լինի առաջին դրոշակակիրն այս գործընթացն առաջ տանելու համար»,-ընդգծեց նա:
Այսօր կիրառվում է 6 տեսակի պատվաստանյութ, որոնցից առավել տարածված են երեքը:
Հայաստանում այս վարակի կանխարգելման թիրախային խումբ են համարվում 13-ից 15 տարեկան աղջիկները, որի շեմը վերջին տարիներին բարձրացվել է 44-ի:
Մասնագետը նշում է, որ ամբողջ աշխարհում քաղցկեղի թվի ավելացմանը զուգահեռ՝ բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են պատվաստումների դրական ազդեցությունը՝ բուն քաղցկեղի նվազման վրա: Սակայն աշխարհում միայն 15 տոկոսն է պատվաստված, ինչը ցածր ցուցանիշ է:
Պատվաստանյութերի ազդեցության ասպարեզը բավականին ընդլայնվում է՝ ընդգրելով այլ քաղցկեղի տեսակները՝ քիմք, լեզու, շրթունք, այդ թվում՝ կոկորդ, որոնք առաջանում են պապիլոմավիրուսի հետևանքով:
Խոսելով մեկ դեղաչափի արդյունավետության մասին՝ այցելու պրոֆեսորն ընդգծում է, որ այն դրական ազդեցություն է ունենում և վարակի շրջանառության և դրանից առաջացած հիվանդությունների կանխարգելման վրա:
Եզրափակելով՝ Մերի Տեր-Ստեփանյանը հիշեցրեց, որ Ճապոնիան պաշտոնապես վերականգնել է պատվաստումների գործընթացը՝ գրանցված 5000 մահից հետո, ինչը որպես ուղերձ պետք է տարածել բնակչության շրջանում:
Նշենք, որ պատվաստումների արդյունավետությունը վաղուց գիտականորեն ապացուցված է: Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները հանրապետությունում ներդրվել են 2018 թվականի վերջում: Քառավալենտ պատվաստանյութն անվճար հասանելի է բնակչությանը:
Համաժողովի նպատակն էր բարձրացնել իրազեկվածության մակարդակը մարդու պապիլոմավիրուսային վարակի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ կանխարգելման արդի մոտեցումների վերաբերյալ, ծանոթացնել միջազգային ընթացակարգերին` բջջաբանական հետազոտության մոտեցումների ուղղությամբ և ներկայացնել պատվաստումային գործընթացի առանձնահատկություններն աշխարհում և մեր երկրում: