Գիտության և էթիկայի համադրություն է բիոէթիկան, որը որպես կրթական ծրագիր բժշկական կադրերի դարբնոցում սկսել է դասավանդվել 25 տարի առաջ: Առարկայի ներդրումն ու հետագա ընթացքը նախապատմություն ունի:
2009 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային ամբիոնի Հայֆա, հայաստանյան մասնաճյուղը տեղակայված է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այն ղեկավարում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր Սուսաննա Դավթյանը:
Նրա փոխանցմամբ` Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում բիոէթիկա դասավանդվում էր 1995 թվականից սկսած, իսկ Հայաստանում բիոէթիկայի գաղափարները կրթական համակարգում, ուսանողների, բուժաշխատողների և ընդհանրապես հասարակական գիտակցության մեջ ներարկելու առաջին փորձն իրականացրել է հենց պետական բժշկական համալսարանը:
«1998 թվականին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը ռեկտորատի նիստերից մեկի ընթացքում, որին ես մասնակցում էի որպես ուսումնադաստիարակչական և մշակութային աշխատանքների պատասախանատու, հանձնարարեց ինձ կազմել առարկայի դասավանդման պլան և ծրագիր: Մեկ տարի տրամադրվեց այդ աշխատանքները կյանքի կոչելու համար: 2000 թվականից առարկան սկսեց դասավանդվել մեր համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողներին»,- հետահայաց հիշելով առարկայի ներդրման ուղին մանրամասնում է պրոֆեսոր Դավթյանը՝ նշելով՝ հեռավոր 1998-ին անգամ մեկ հայալեզու հոդված չկար բիոէթիկայի հիշատակմամբ:
Ոչ միայն տվյալ տարիների, այլև ապագայի կարևոր հանձնարարությունը նա ժամանակին և պատվով է կատարել: Այսօր քառորդ դար անց ինչպես երկիրը, այնպես էլ բժշկական բարձրագույն կրթական հաստատությունն այս առումով ամփոփելու բազմաթիվ ձեռքբերումներ ունի: Ապագա բժիշկներից հետո առարկան սկսեց դասավանդվել կլինիկական օրդինատորներին, կրտսեր և միջին բուժանձնակազմին, ասպիրանտ-հայցորդներին:
Պատմական ակնարկ
Բիոէթիկա ձևակերպումը առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին ազգությամբ գերմանացի Ֆրից Յարի կողմից: 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոթերը օգտագործեց նույն տերմինը գրելով «Բիոէթիկա. կամուրջ դեպի ապագա» գիրքը և այն համարելով ոչ թե նոր գիտակարգ, այլ նոր իմաստություն:
Եվ այսպես, մեր երկրում բիոէթիկայի հարցերին առաջինն ուշադրություն դարձրեցին փիլիսոփաները` ի դեմս Սուսաննա Դավթյանի: 2009թ. հրատարակվեց մայրենի լեզվով առաջին և առայժմ միակ «Բիոէթիկա» դասագիրքը, որը ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորվեց որպես դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար: Այնուհետև հրատարակվեցին Դավթյանի հեղինակմամբ «Биоэтика» և “Bioethics” ուսումնական ձեռնարկները՝ ռուսալեզու և անգլալեզու ուսանողների համար: 2012-ին հրատարակվեց «Բիոէթիկայի ներածություն» մենագրությունը, ինչպես նաև մեր երկրում ու արտասահմանում լույս տեսած բազմաթիվ գիտական հոդվածներ:
Երկրորդը բիոէթիկայի հարցերին ուշադրություն դարձրեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ հրատարակելով «Կենսաէթիկայի ներածություն» աշխատությունը: Հաջորդիվ բիոէթիկայի հիմնահարցերին անդրադարձան Էջմիածնի Գևորգյան ճեմարանի աստվածաբանները՝ լույս ընծայելով «Կենսաէթիկայի հիմնահարցեր» ուսումնաօժանդակ ձեռնարկը: Այնուհետև Հայ-ռուսական համալսարանի իրավաբանները ևս անմասն չմնացին բիոէթիկական հիմնահարցերի ուսումնասիրումից:
Դասավանդելով այս առարկան մեր համալսարանում, Ս. Դավթյանի համար որպես գիտնական բիոէթիկան կանխորոշեց հետագա մասնագիտացման նոր ու հետաքրքիր ընթացքը: Նա հեղինակեց ավելի քան 80 գիտական աշխատանք, որոնք լույս տեսան Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելոռուսում, Իսրայելում, Կիպրոսում, Սինգապուրում, Իտալիայում, այլուր: Այդ թվում՝ 9 մեթոդական ձեռնարկ, 2 մենագրություն, պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, մասնակցեց ու նախագահեց տասնյակ գիտական նստաշրջաններ, ու ամենակարևորը` պատրաստեց երիտասարդ մասնագետների, որոնք ինչպես այս ամբիոնում, այնպես էլ այլ կազմակերպություններում ու արտերկրում շարունակում են դասախոսել ու կատարելագործել իմացությունն այս զարգացող, մեծ պահանջարկ վայելող գիտության մասին:
Բիոէթիկայի մասնագետը խոստովանում է, որ ապագա բժիշկները առարկան սիրում են ու կարևորում.
«Երբ քննարկվող թեման, հիմնահարցը համեմվում են կյանքից, պրակտիկայից, գործունեությունից բերված օրինակներով ու նկարագրությամբ, բնականաբար ուսանողները առավել մեծ հաճույքով են լսում մատուցվող նյութը, քանի որ այն դասագրքի պարզ վերարտադրություն չէ»,- ժպիտով նշում է մեծ փորձառությամբ դասախոսը:
Ի դեպ բիոէթիկայի բազային ուսումնական ծրագիրը հանձնարարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Ողջունելի է, որ այդ կառույցը հավանության արժանացրեց Դավթյանի ներկայացրած առաջարկը, համաձայն որի դասագրքում մի ամբողջ գլուխ նվիրված է միջնարդարյան փիլիսոփա, բժիշկ, երաժիշտ, աստվածաբան Գրիգոր Նարեկացուն, որին 2015 թվականին հռչակեցին Տիեզերական վարդապետ:
«Բժշկության մեջ արդի է «Ուղեղի մահվան հարվարդյան չափանիշը», որի մասին հաճախ եմ ուսանողներին հարց հղում` ցանկանալով իրենց պատկերացմամբ հասկանալ՝ ինչ է մահը, այն կենսաբանական, թե՞ սոցիալական երևույթ է: Այս թեմայի շուրջ նաև 2017 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Իսրայելում կազմակերպված «Մահը, մահանալը տարբեր մշակույթներում» գիտական նստաշրջանը նախագահելով իմ առաջարկով տարբեր գիտնականներ պարզաբանեցին մահվան գաղափարը ելնելով իրենց ազգային, կրոնական առանձնահատկություններից»,- հիշում է դասախոսը:
Էֆթանազիայի հաճախ քննարկվող հարցի շուրջ Բիոէթիկայի ամբիոնի Հայֆա հայաստանյան մասնաճյուղի, ԵՊԲՀ-ի և ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների հետ տարբեր տարիներին կազմակերպվել են համատեղ կոնֆերանսներ, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել այս մասնաճյուղի անդամ, երջանկահիշատակ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, ում մեծագույն հարգանով է հիշում Սուսաննա Դավթյանը:
Առ այսօր նա ներգրավված է ԵՊԲՀ էթիկայի կոմիտեի կազմում, որի հիմնադիր-նախագահը մինչև կյանքի վերջ պրոֆեսոր Աղաջանովն էր (բուհական այս կառույցը ստեղծվել է 2006թ.-ին): Իր ավագ գործընկերը ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ հաջորդիվ, մշտապես սատարում էր Ս.Դավթյանին բիոէթիկայի զարգացման գործունեության մեջ, գնահատում կատարած աշխատանքը:
Նշենք, որ 2008 թվականին ԵՊԲՀ-ում Դավթյանի ղեկավարած փիլիսոփայության և բիոէթիկայի ամբիոնը` բիոէթիկայի ասպարեզում նրա գիտական և մանկավարժական բեղուն գործունեության արդյունքում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցում:
2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազային ուսումնական ծրագրի փորձարկման նպատակով կնքվել է համաձայնագիր այս կառույցի` ի դեմս Ղ. Բադարչի և ԵՊԲՀ-ի միջև` ի դեմս Ս. Դավթյանի:
Արտերկրի հեղինակավոր ամսագրերում անվանի գիտնականների կողքին հրատարակած տասնյակ հոդվածների մեջ նա առանձնացնում է 2012 թվականին “Medicine and Law” միջազգային ամսագրում տպագրված առաջատար (19 էջ ընդգրկմամբ անգլալեզու հոդվածը):
Նախքան այդ 2011 թվականին նա իր այս ուղղությամբ վերլուծությունների և առաջարկների մասին գիտական զեկուցմամբ հանդես է եկել Սինգապուրում` փաստացի ներկայացնելով միակ հոդվածը, որն ուղղարկվեց Փարիզի կենտրոնական գրասենյակ տպագրության: Նույն թվականից նա բիոէթիկայի գծով Միջազգային գիտական կոմիտեի կազմում է:
Համալսարանականի մեծագույն ցանկություն է, որպեսզի ապագայում արդեն քառորդ դար դասավանդման պատմություն ունեցող այս գիտակարգը զինվի տեխնիկապես և հիմք հանդիսանա, որպեսզի մարդկությունը չմոռանա, որ գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը պետք է ուղեկցվի էթիկայով, բարոյականությամբ, խղճով: