Մանկաբարձուհիների և բուժքույրերի համար այսօր մեկնարկեց երկօրյա վարպետաց դաս «ԲՑԺ պատվաստում, տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով:
Տեսական և գործական դասերի շրջանակում մասնակիցները կծանոթանան իմունականխարգելման ամբողջ գործընթացին:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը սկսեց վարպետաց դասը ՝ խոսելով առաջին պատվաստանյութի սեղծման և դրա արդյունավետ ազդեցության մասին:
«Ավելի քան 200 տարի պատվաստումների մասին խոսվում է Էդվարդ Ջենների շնորհիվ, որը բնական ծաղիկ ինֆեկցիոն հիվանդության դեմ առաջին պատվաստանյութի ստեղծողն է: Այսօր՝ 2 դար անց, այդ հիվանդության շրջանառությունը դադարել է: Սա առաջին և ամենահաջողված փորձն է, թե ինչպես կարելի է պատվաստանյութի շնորհիվ վերացնել ինֆեկցիոն հիվանդությունը»,-շեշտեց Համաճարակաբանության ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ պատվաստում կատարվում է՝ օրգանիզմն անընկալ դարձնելու, օրգանիզմում վարակների դեմ իմունիտետ առաջացնելու համար: Իմունիտետը մարդու պաշտպանական ռեակցիան է ցանկացած օտարածին անտիգենի վրա:
Մերի Տեր-Ստեփանյանը, ներկայացնելով ԲՑԺ պատվաստանյութը, որը Հայաստանում ներդրվել է 1960-ական թվականների կեսերին, հիշեցրեց, որ այն ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1921 թվականին:
Այն ամենահին պատվաստանյութերից մեկն է և համարվում է մարդու կյանքի առաջին տարվա դեսիմինացված վարակից պաշտպանող միջոց, որի վերաբերյալ վերջին տարիներին հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել:
«Այն ավելի երկար պաշտպանություն է ապահվում, այդ թվում՝ թոքային տուբերկուլոզից, ինչի մասին տարիներ շարունակ չի խոսվել»,-ասաց նա՝ ցույց տալով տուբերկուլոզի բեռն աշխարհում. 2021 թվականին աշխարհում տուբերկուլոզի նոր դեպքերի թիվը կազմել է 10,6 մլն, ինչը 4,5 տոկոսով ավելացել է 2020 թ.-ի համեմատ: Իսկ տուբերկուլոզի մահվան դեպքերի թիվը կազմել է 1,6 մլն, ինչը 6,7 տոկոսով ավելացել է 2020-ի համեմատ: 2022 թվականին աշխարհի բնակչության մոտ մեկ քառորդը վարակված է տուբերկուլյոզով:
Խոսելով պատվաստման հակացուցումների մասին՝ նա ընդգծեց, որ պատվաստումները չի թույլատրվում կատարել օրացուցային ժամկետներից շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է համաճարակաբանական ցուցում, ինչպես նաև՝ օրացույցից շեղումների դեպքում նույն պատվաստանյութի 2 դեղաչափերի միջև ընդմիջումը պետք է պահել առնվազն 4 շաբաթ:
Առողջական վիճակի հետ կապված՝ հակացուցումների դեպքում պատվաստումը կատարվում է առողջացումից անմիջապես հետո: Բացարձակ հակացուցում է համարվում միայն անաֆիլակտիկ շոկը:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարը մանրամասն անդրադարձավ աշխարհում տարածված ինֆեկցիաների դեմ ստեղծված պատվաստանյութերին:
Նրա կարծիքով՝ գիտությունն այսօր այնքան է զարգացել, որ ավելի մեծ ներդրումների և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ պատվաստանյութի արդյունավետությունը ցույց տալու համար շատ ժամանակ պետք չէ:
«Հաջորդ համավարակի դեմ պատվաստանյութը, որը պետք է ներդրվի, կլինի ոչ թե 300 օրվա, ինչպես կորոնավիրուսային վարակի դեպքում, այլ 100 օրվա ընթացքում»,-տեղեկացրեց նա:
Համաճարակաբանության ամբիոնի վարիչը տեղեկացրեց, որ հաջորդ ինֆեկցիան, որն ակնկալվում է վերացնել պատվաստումների միջոցով՝ պոլիոմելիտն է: Չնայած նշաձողը դրված է 2026 թվականը, արդյունքները դեռ գոհացնող չեն:
Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Նաիրա Մելքոնյանը վարպետաց դասի երկրորդ օրը կներկայացնի Մանթու թեստը:
Այն մաշկային ախտորոշիչ թեստ է, որն օգտագործվում է տուբերկուլոզի հայտնաբերման համար, իրականացվում է տուբերկուլինի ներմաշկային ներարկման միջոցով:
Վարպետաց դասը կրեդիտավորված է: Մասնակիցներին դասընթացի ավարտին տրվելու է ՇՄԶ 10 գործնական կրեդիտ: