Համալսարանի Աբովյան 50/5 մասնաշենքի դահլիճում այսօր մեկնարկեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի միջին բուժաշխատողների համար նախատեսված «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը:
Մեկնարկած դասընթացները երեք օր վարելու է ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանը:
«Դասընթացի նպատակը համալսարանական հիվանդանոցների բուժանձնակազմերին կրկին իրազեկելն է բուժառուների անվտանգության վերաբերյալ: Կներկայացվեն ժամանակակից, ինչպես նաև Հայաստանում գործող իրավական ակտերով սահմանված մոտեցումները` բժշկական միջամտությունների ընթացքում պացիենտների անվտանգության ապահովման ուղղությամբ: Անդրադարձ կարվի բուժաշխատողների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև բժշկական միջամտության ընթացքում վնասվածքի դեպքում գործողությունների սնադարտ ընթացակարգերին»,-մանրամասնեց Կարինե Պողոսյանը, ով, ողջունելով գործընկերներին, նշեց` ուրախ է հանդիպման համար, որը ոչ թե հիվանդանոցային միջավայրում է, այլ համալսարանական լսարանում:
Ինչպես բանախոսը փաստեց` ներկայացված նյութը բուժաշխատողներին բժշկական միջամտությունների ընթացքում պացիենտների և բուժաշխատողների անվտանգության ապահովման հիմնական սկզբունքների, բժշկական կազմակերպություններում թափոնների կառավարման առանձնահատկությունների մասին էր:
Առաջին օրվա թեման է «Ձեռքերի հիգիենան և դրա դերը վարակների կանխարգելման գործում»: Հաջորդիվ մասնակիցները «Բժշկական միջամտությունների ընթացքում պացիենտների և բուժաշխատողների անվտանգության ապահովման հիմնական սկզսբունքներ» և «Թափոնների կառավարման առանձնահատկությունները բժշկական կազմակերպություններում» թեմաներն ունկնդրելու հնարավորություն կունենան:
Դասընթացները ինտերակտիվ բաղադրիչ կունենան հարց ու պատասխանի, գործնական աշխատանքի միջոցով:
Շարունակական այս նախաձեռնության նպատակն է ԵՊԲՀ միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել մասնագիտական գործունեության ընթացքում պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ, որոնք կնպաստեն պացիենտների հետ շփումների անվտանգության բարձրացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, ինչպես նաև փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Միջին բուժաշխատողներին կտրամադրվի 6 տեսական ՇՄԶ կրեդիտ: Հաջորդիվ դասախոսությունները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին, 15-ին և 19-ին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լսարանում:
Դասընթացների այս քառօրյան կամփոփվի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը «Ներհիվանդանոցային վարակների կառավարում» թեմայով: