Բուժել և ստեղծագործել. ապագա բժշկի նվիրական երազանքն է

Բուժել և ստեղծագործել. ապագա բժշկի նվիրական երազանքն է

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Ջուլիետտա Քոլոյանը բարձր առաջադիմությամբ սովորելուն զուգահեռ ստեղծագործում է, երգում, գնահատում է արվեստն ու գրականությունը:

«Դեռ մանկուց եմ հիացել բժիշկների գործով։ Այդ հիացմունքը դարձավ նպատակ, որի շնորհիվ հետագա որոշումս եղավ մեկը՝ լինել այն մարդը, ով ոչ միայն կբուժի, այլև ում խոսքն ու ներկայությունը մարդանց հույս կտան։ Չէ՞ որ «Չի կարելի բուժել մարմինը՝ չբուժելով հոգին»։ Եվ վերջապես… «Բժշկությունը ազնվագույնն է բոլոր արվեստներից»»,-նշում է ԵՊԲՀ ուսանողը։

Խոսելով ուսումնառության մասին Ջուլիետտան նշում է՝ թեև ծանրաբեռնվածությունը շատ մեծ է ու սա այն մասնագիտությունն է, որը պահանջում է մեծ նվիրում ու ժամանակ, այս ամենը չի խանգարում ասել, որ ուսանողական կյանքը հրաշալի է.

 «Երբեք չեմ դադարի շնորհակալություն հայտնել դասախոսներին, ովքեր բացի գիտելիք տալուց սովորեցնում են ամենակարևորը՝ սիրել մեր ապագա մասնագիտությունը և երբեք չդադարել սովորել: Մեր դասախոսները մեծագույն նվիրումով սերունդներ են կրթում»։

Ապագա բժիշկը փոքր հասակից ստեղծագործում է, գնահատում է գեղեցիկը, կարողանում է բառերի վերածել ապրածն ու տեսածը:

«Փոքր հասակում հեքիաթներ էի գրում, հետո ինքս էլ պատռում էի դրանք։ Մայրս միշտ բանաստեղծություններ էր սովորեցնում ու պատմում գրողների մասին։ Տարիների հետո ես ավելի էի սիրահարվում գրականությանն ու պաշտում գրողներին։ Մինչև տասներեք տարեկան հասակս չափածո չէի գրում, միայն արձակ։ Հետո հասկացա, որ անձրևն ու աշնան մայթերն ինձ հանգիստ չեն տալիս, ու կան տողեր, որ պետք է գրվեն: Թե ինչպես չափածո ստացվեց ինքս էլ չհասկացա։ Արդյունքում դեղնած տերևները, հին գրքերը ու ամենափոքր հույզերը դարձան տողեր ու շարվեցին էջերիս վրա։ Ու հոգուս խորքում անդադար ինքս ինձ կրկնում եմ մինչև օրս, որ կյանքիս ամենանվիրական երազանքը բժիշկ-բանաստեղծ լինելն է»,-անկեղծանում է հերացիականը:

Սիրելի զբաղմունքների շարքում առաջնային տեղ են զբաղեցնում երգելը, կարդալը, դաշնամուր նվագելը, սակայն բժշկությունից բացի իրեն ուրիշ ոչ մի ոլորտում չի պատկերացնում. «Երաժշտությունն իմ հավերժական կարոտն է։ Աշխարհում ամեն ինչից փրկողն ու ամենագեղեցիկը, որ կարող էր երբևէ ստեղծվել։ Ծանրաբեռնված օրվանից հետո, երբ մի երգ եմ երգում,հասկանում եմ,որ աշխարհում ինձ այլևս ոչինչ պետք չէ։ Դաշնամուրի ստեղները, նոտաների տետրը (արդեն հին ու մաշված) բեմն ու երգի հետ կապված ցանկացած պատկեր մշտապես ապրում են ու կապրեն իմ հոգում»։

Նրա խոսքով՝ երբ ամեն ինչ սիրով է արվում ժամանակ միշտ կգտնվի։

«Երբեմն, դասի ժամանակ մտքիս եկած տողերը գրում եմ տվյալ առարկայի տետրի ետևում, իսկ մի քանի րոպե ազատ ժամանակ ունենալուն պես սկսում եմ երգել։ Քանի որ ես արժևորում ու պաշտում եմ արվեստը, կարող եմ ասել,որ այդ մի բառն ունենալով անգամ կարելի է հասցնել ամեն ինչ։ Մեծագույն սերը գրողների հանդեպ, երբեմն նրանց գործերը նորից ու նորից կարդալը, միմիայն կարող են օգնել, լցնել հոգին ու լինել լավագույն ներշնչանքը։ Տերյանը միշտ հոգուս ուղեկիցն է, իսկ որքան տարիներն անցնում են Չարենցի հանդեպ սերս էլ ավելի է մեծանում։ Առանց այս ամենի ես ոչինչ չէի հասցնի, իսկ հիմա ես պարզապես ապրում եմ այնպես, ինչպես երազել եմ տարիներ շարունակ»,-իր խոսքն ամփոփում է Ջուլիետտան։

Ստորև ներկայացնում ենք Ջուլիետտա Քոլոյանի ստեղծագործություններից մի պատառիկ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ»  երգը նրա կատարմամբ:

Ես մոլորվել եմ…դու ինձ կներես,
Կսպասես երկա՜ր իմ վերադարձին…
Կսպասես ու երբ հանկարծ շատ հոգնես
Կհիշես կրկին օրերը այն հին…

Ու ինչքան էինք մենք սրտի թրթիռով
Սպասում աշնանը, տերևաթափին:
Կաթիլն անձրևի անգամ տեսնելիս՝
Խելագարի պես մենք պար էինք գալիս։

Տեսնես ինչպես էին քո հոգու խորքում
Արարվել երգերը,երազները հին,
Ու թող միշտ մնա մեր սուրբ հուշերում
Պատկերը աշնան՝ մռայլ ու մթին։

Փոթորկված հոգով, խենթացած, սպանված
Ես միշտ սպասում եմ աշնան գալստին.
Ամեն, ամեն ինչ անդարձ է կորսված
Ու այն չի գալիս, հեռացավ հանկարծ։

Եվ եթե հոգիս պետք է միշտ հիշի,
Ինչ-որ բան գրի, նոր երգեր հյուսի
Թող դրանք լինեն միայն քո մասին,
Թող փարվեն դրանք հենց մեր հուշերին։

Ու էլ մենք չկանք, էլ չկա ոչինչ
Չկան մայթերը, փոթորկված քամին,
Այն նույն աշունը ՝գույներով լցված,
Էլ երբեք չի գա. վաղուց է կորած…