«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայում ընթացիկ տարում բուժում են ստացել 270 պացիենտ, որից՝ 27-ը նորածին:
Երեխաների առողջությունը վերականգնող և նորածիններին նոր կյանք պարգևող այս կլինիկան հագեցած է վիրահատական նորագույն սարքավորումներով և գործում է պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմի կողմից։
Կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանին՝ մանկական վիրաբուժության բնագավառում երկար տարիների ավանդի ու ներդրման, երկարամյա աշխատանքի համար, Նոմինացիոն կոմիտեի որոշմամբ Գիտական խորհրդի նիստում օրերս շնորհվեց ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչում։ Անվանի մանկական վիրաբույժի հետ զրուցել ենք ծառայության գործունեության, տեխնիկական հագեցվածության և ապագա բժշկական կադրերի պատրաստման հարցերի շուրջ։
–Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկա։
– ԵՊԲՀ ռեկտորի հրամանով արդեն մեկ տարի է, ինչ վիրաբուժական մի քանի ծառայություններ միավորվել են Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի կազմում, որը ներառում է տրավմատոլոգիական, մանկական վիրաբուժության, դիմածնոտային և ԼՕՌ ծառայությունները։ Բաժանմունքների գործունեությունն արդյունավետորեն փոխկապակցված է․ դրանք սերտ համագործակցում են, ինչի շնորհիվ բուժման ծավալները զգալիորեն աճել են։ Որովայնի հիվանդությունների՝ կույր աղիքի, լեղապարկի բորբոքում, աղիների ոլորում, ինչպես նաև աղջիկ երեխաների մոտ ձվարանների հետ կապված խնդիրների վիրահատությունները հիմնականում կատարվում են լապարոսկոպիկ եղանակով։
– Ի՞նչ դեր ունեն տեխնոլոգիաներն ու ժամանակակից սարքավորումները Ձեր ծառայության առօրյայում։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում անհրաժեշտ տեխնոլոգիաները հասանելի՞ են։
– Ի ուրախություն մեզ՝ համալսարանը հնարավորություն ունեցավ մեզ զինել նոր սերնդի լապարոսկոպիկ սարքով, որը թույլ է տալիս իրականացնել ինչպես տարբերակող ախտորոշում, այնպես էլ մեծ ծավալի վիրահատություններ։ Այն կիրառվում է ոչ միայն որովայնի խոռոչի, այլև կրծքավանդակի հիվանդությունների՝ նորածինների վիրահատությունների ժամանակ, ինչպես նաև դեստրուկտիվ թոքաբորբի դեպքում։
Նորածնային վիրաբուժության ոլորտում ունենք զգալի առաջընթաց՝ բնածին զարգացման արատների, մասնավորապես՝ աղիների և կերակրափողի ատրեզիայի (բնածին անցուղու բացակայություն) վիրահատական բուժման ուղղությամբ։ Բացի այդ, սկսել ենք իրականացնել մեծ ծավալի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ կապված բարակ և հաստ աղիքի բնածին արատների, ինչպես նաև անորեկտալ ծանր արատների հետ։
– Որքանո՞վ է կարևոր մասնագիտացված թիմ ունենալը մանկական վիրաբուժության ոլորտում։
– Վիրաբուժությունը, հատկապես մանկական վիրաբուժությունը, լուրջ թիմային աշխատանք է։ Վիրահատության ընթացքում յուրաքանչյուր վայրկյանը պահանջում է ադեկվատ հսկողություն և մոնիթորինգ՝ իրավիճակը ճիշտ գնահատելու, բարդությունները վաղ հայտնաբերելու և կանխելու համար։ Դա հատկապես կարևոր է նորածնային վիրաբուժության դեպքում, երբ վիրահատվում են փոքր քաշով նորածիններ։ Դա պահանջում է միկրովիրաբուժական տեխնիկա և մասնագիտացված ռեանիմացիոն նորածնային ծառայություն, որը պետք է ունենա բարձր հագեցվածություն։
– Ձեր բաժանմունքը նաև ուսումնական բազա է ԵՊԲՀ ուսանողների համար։ Ինչպե՞ս եք մոտենում նոր սերնդի կրթմանը։
– Մանկական վիրաբուժության ամբիոնն ի սկզբանե տեղակայված է եղել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։ Ես 1977 թվականին օրդինատուրա եմ անցել հենց այստեղ։ Այստեղ աշխատելն ինձ համար մեծ նշանակություն ունի. իմ առաքելությունն է նոր թափ հաղորդել կլինիկայի գործունեությանը և զարգացնել նոր ուղղություններ։
ԵՊԲՀ ուսանողները մասնագիտություն ընտրելիս պետք է առաջնորդվեն այն սկզբունքով, որ լավ մանկաբույժը կամ մանկական վիրաբույժը, առաջին հերթին, պետք է անձնվիրաբար սիրի երեխաներին։ Հակառակ դեպքում, ամենաբարձր պրոֆեսիոնալիզմը բավական չէ՝ բուժման մեջ հաջողության հասնելու համար։
Սա շատ հարգված և միևնույն ժամանակ պահանջարկ ունեցող մասնագիտություն է։ Պետք է ամեն կերպ խթանել և աջակցել ապագա բժիշկներին՝ այս ոլորտում մասնագիտանալու և կայանալու գործում՝ պատասխանատվությամբ շարունակելով գոյություն ունեցող դրական փորձն ու ավանդույթները։
– Պարոն Դալլաքյան, ի՞նչ է նշանակում Ձեզ համար ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի կոչումը։
– Սա բարձր և պարտավորեցնող գնահատական է, որը շնորհվել է բժշկական հանրության՝ բժշկական մայր բուհի կողմից։ Ինձ համար դա ավելի արժեքավոր է, քան դասական ճանապարհով պրոֆեսորի կոչման արժանանալը։
– Ձեր մասնագիտական ուղին բավական հարուստ է։ Ի՞նչն է եղել ամենամեծ մոտիվացիան այս երկար ճանապարհին։
– Մեր ընտանիքի բժշկական ուղին սկիզբ է առել ինձնից․ հայրս՝ երկրաբան, մայրս՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Իմ գերդաստանում, ինձնից հետո բժշկի մասնագիտությունն ընտրել է եղբայրս և որդիս: Դավիթը նույնպես մանկական վիրաբույժ է և ԵՊԲՀ Մանկական վիրաբուժության ամբիոն դոցենտ:
Դպրոցական տարիներին հետաքրքրված էի մաթեմատիկայով ու ֆիզիկայով, և ընտանիքս վստահ էր, որ հենց այդ ուղղությամբ էլ կընտրեմ իմ մասնագիտական ուղին։ Բայց ավարտական դասարանում ինձ սկսեց հետաքրքրել բժշկի մասնագիտությունը, և բժիշկ դառնալու որոշումը կայացրեցի գրեթե վերջին պահին։ Դա նաև մայրիկիս երազանքն էր, և ես որոշեցի ընդունվել բժշկական ինստիտուտ և այն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ։
Հիշում եմ մի դրվագ մանկությունից․ շատ փոքր էի, երբ ձեռագործել եմ հորս կողմից արված ռուս գրող, առակագիր Իվան Կրիլովի առակներից նկարներ, որոնք հետագայում ներկայացվել էին դպրոցի ցուցահանդեսում։
Տարիներ անց այդ հմտությունն օգտակար եղավ ինձ այնքանով, որ, որպես մանկական վիրաբույժ, հաճախ եմ մտաբերում այդ փորձառությունը։ Ձեռքի աշխատանքի այդ կարողությունը, որը եկել է մանկուց, մեծ դեր է ունեցել իմ մասնագիտական գործունեության ընթացքում՝ հատկապես նորածինների վիրահատության ժամանակ կարեր դնելու հմտության առումով։
Իմ մասնագիտական գործունեության ընթացքում՝ որպես բժիշկ և առողջապահության կազմակերպիչ, մեծ դեր է ունեցել նաև մաթեմատիկական մտածելակերպը՝ ճիշտ որոշումներ կայացնելու և կազմակերպչական աշխատանքներ կատարելու հարցում։
Իսկ ամենամեծ մոտիվացիան իմ բժշկական գործունեության ընթացքում առողջացած և կյանք վերադարձած երեխաներն են, որոնց հետ պահպանում եմ կապն ու շփումը՝ նրանց հաջողությունները համարել նաև իմը:
Հարցազրույցը՝ Մարգարիտա Մխիթարյանի
Լուսանկարները՝ Մարի Գալստյանի