Ամեն տարի մայիսի 12-ին բուժքույրերի միջազգային օրը նշվում է՝ ի նշան հարգանքի և երախտագիտության բուժքույրերի կատարած աշխատանքի հանդեպ, ինչպես նաև մատնանշելու նրանց դժվարին աշխատանքը, հատկապես նրանց, ովքեր աշխատում են բարդ պայմաններում ամբողջ աշխարհում:
Օրը խորհրդանշական է, քանի որ Մայիսի 12-ին է ծնվել Ֆլորենս Նայթինգեյլը՝ բրիտանական բուժքույր, վիճակագիր և սոցիալական բարեփոխիչը, որը համարվում է բուժքույրական գործի հիմնադիրը: Նա է առաջին անգամ սահմանել խնամքի ստանդարտները՝ անձնական հիգիենայի, սանիտարական վիճակի, սննդի, հոգեբանական աջակցության վերաբերյալ:
Բուժքույրերն առանցքային դերակատարում ունեն ՄԱԿ-ի «Կայուն զարգացման թիրախների» հասանելիությունն ապահովելու գործում, մասնավորապես՝
Բուժքույրերից շատերն աշխատում են բախումներից և բնական աղետներից տուժած համայնքներում, և մշտապես շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել նույնիսկ այն ժամանակ, երբ սովորական ծառայություններն ընդհատվում կամ ընդհանրապես չեն գործում:
Այս օրը կազմակերպվող սեմինարների, հանդիպումների ու միջոցառումների նպատակն է խոսել քույրական գործի կարևորության մասին, լսել նրանց պատմությունները և այդ փորձի հիման վրա բարելավել ներկայիս առօրյա պրակտիկան և սովորել արդյունավետ աջակցություն ցուցաբերել ճգնաժամային իրավիճակներում անտրտունջ աշխատողներին:
Բուժքույրերի միջազգային օրվա շրջանակում աշխարհում լուսաբանվում է քույրական գործը՝ դրա ձեռքբերումները, մարտահրավերները և հնարավորությունները:
Չնայած համաշխարհային աղետների և դրանց շուրջ եղած դժվարություններին, աշխարհի յուրաքանչյուր անկյունում բուժքույրերն աշխատում են՝ ղեկավարում են առողջապահական ծրագրեր, կրթում են համայնքներ, պատվաստում են միլիոնավոր մարդկանց և տրամադրում են որակյալ կլինիկական բուժօգնություն և խնամք՝ շատ հաճախ աշխատելով վտանգավոր, ծանր և անկանխատեսելի պայմաններում:
Չի կարելի թերագնահատել այն կարևոր դերը, որը նրանք կատարում են արտակարգ իրավիճակների ժամանակ:
Ճգնաժամային իրավիճակներում գտնվող շատ մարդկանց համար բուժքույրից բժշկական օգնություն ստանալը կարող է կյանքի և մահվան խնդիր լինել: Հիվանդների պատմությունները բուժքույրական խնամքի մասին թույլ են տալիս պատկերացում և հեռանկար կազմել, որը կարող է կրթել և տեղեկացնել՝ նպաստելով քույրական գործի քաղաքականության և վերապատրաստման գործընթացի զարգացմանը:
Ամբողջ աշխարհում գլոբալ բուժքույրական ընտանիքը ներառում է 28 միլիոն կանանց և տղամարդկանց, որոնց մասնագիտությունը համարվում է երկրների առողջապահական համակարգերի բաբախող սիրտը՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք աշխատում: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է միջին բուժանձնակազմի քանակական նվազում:
Ընդհանուր առմամբ միջին բուժաշխատողների պահանջարկն աշխարհում կազմում է շուրջ 5.9մլն: Բուժքույր/բժիշկ փոխհարաբերությունը ԵՄ-27 երկրներում կազմում է միջինում՝ 2.3, իսկ Հայաստանում 2021թ.-ին այն կազմել է՝ 1.16, որը 2016թ.-ի 1.32 արժեքից ցածր է: Միջին բուժաշխատողների թիվը Հայաստանում 2021թ. կազմել է 16612, 2016թ.-ի՝ 17464-ի համեմատ:
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` թվային տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է եզրակացնել, որ բուժքույրական գործի հանդեպ հետաքրքրվածությունը աստիճանաբար նվազում է, որի ապացույցը նաև քիչ թվով շրջանավարտներն են: 2021թ. մեր երկրում միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թվաքանակը եղել է 1713, իսկ 2020թ.-ին՝ 1974:
Պետք է նշել, որ առանց որակյալ բուժքույրական գործի անհնար է պատկերացնել առողջապահական համակարգերի գործունեությունն ընդհանրապես: Միջին բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող բարձրորակ, անվտանգ և ապահով բժշկական օգնությունն ու խնամքը յուրաքանչյուր բուժհաստատության քաղաքականության առաջնահերթություններից է:
Հետևաբար անհրաժեշտ է վերանայել մասնագիտության հանդեպ մոտեցումները և նոր ռազմավարություն մշակել՝ քույրական գործի զարգազման և բարելավման նպատակով: