Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող «Վահան Արծրունու» անվան կրթաթոշակառու Աշխեն Ղազարյանի համար բժշկական համալսարանը նման էր մարտահրավերների մի շղթայի։
«Սկզբում ամեն բան նոր էր, և առաջընթացը բարդ էր թվում։ Սակայն ժամանակի ընթացքում ես սովորեցի հավատալ իմ ուժերին, ամեն օրվա ոչ այդքան դյուրին աշխատանքը տեսնել որպես ներդրում ապագայի համար»,- ասում է ուսանողը՝ հավելելով, որ իրեն ոգեշնչել են փորձառու դասախոսները, որոնք ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլև նպաստում են իր անձնական և մասնագիտական աճին։ Այս ճանապարհը նրան ձևավորել է որպես անձ և ապագա մասնագետ։
Որքան էլ զարմանալի թվա, նախկինում երբեք չի մտածել բժիշկ դառնալու մասին: Երբ եկել է կողմնորոշման պահը, որոշում է կայացնելու հարցում մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որն առաջարկել է ընտրել բժշկի ուղին։
«Նա կարծում էր, որ բժշկությունը կհամապատասխանի իմ հատկանիշներին, և երբ սկսեցի խորանալ բժշկության մեջ, հասկացա, թե ինչքան ճիշտ էր նա, հասկացա, որ ընտրելով այս մասնագիտությունը, և ապագայում թեկուզ մեկի կյանքը փոխելով՝ կկարողանամ փոխել ու վերագնահատել նաև իմը»,- շեշտում է նա։
Մինչև բժշկական համալսարան ընդունվելը նա դպրոցում ևս մեծ ուշադրություն է դարձրել դասերին, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, մրցույթների ու օլիմպիադաների։
«Դժվար պահերին, երբ շատ հոգնած ու գրեթե սպառված փորձում եմ ուժերս կենտրոնացնել, ինձ հիշեցնում եմ, թե ինչու եմ ընտրել այս ուղին։ Բժիշկ դառնալը ոչ միայն իմ երազանքն է, այլև պարտավորությունը՝ մարդկանց օգնելու և նրանց առողջությունն ու կյանքը բարելավելու։ Այս պատասխանատվության զգացումն ինձ մշտապես մոտիվացնում է առաջ շարժվելու՝ անկախ դժվարություններին։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր ուսանած բարդ թեմա և յուրաքանչյուր ծանր օր, ինձ ավելի են մոտեցնում իմ մեծ նպատակին՝ ծառայել մարդկությանը։ Գիտակցումը, որ ապագայում կարող եմ փոխել մեկի կյանքը, ինձ դարձնում է ավելի համառ, ավելի աշխատասեր և աննկուն՝ ցանկացած մարտահրավերի հանդեպ»,- մանրամասնում է ուսանողը։
Նրա համար մեծ պատիվ է «Վահան Արծրունու» անվան կրթաթոշակին արժանանալը: «Դա ինձ համար մոտիվացիա է` շարունակելու առաջադիմել և զարգանալ։ Կրթաթոշակը պարտավորեցնում է ավելի լավը լինելու»։
Հետագա մասնագիտացման հարցում որոշումը դեռ ամբողջությամբ ձևավորած չէ, բայց դա կլինի այնպիսի ոլորտ, որտեղ կկարողանա լիարժեք դրսևորել իր գիտելիքները, հմտությունները և մարդկային մոտեցումը՝ հասնելով ամենաբարձր արդյունքներին։
«Բժշկությունն այնպիսի հսկայական դաշտ է, որտեղ յուրաքանչյուր ընտրություն կարող է ուղղորդել ոչ միայն դեպի գիտական, այլև մարդասիրական մեծ նպատակներ։ Ուստի այս որոշումը կարևոր է և ուզում եմ այն կայացնել ուշադիր, որպեսզի ոչ միայն բավարարեմ իմ գիտելիքներն ու կարիքները, այլև ամենաշատն օգնեմ մարդկանց ու դառնամ այն մասնագետը, որն ունակ է անել իրական փոփոխություն նրանց կյանքում»,- նշում է Աշխեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ մասնագիտական կայացման իր ճանապարհը պատկերացնում եմ որպես շարունակական զարգացման ու բարդությունների հաղթահարման մի գործընթաց։ Այդ ճանապարհը կլինի հզոր գիտելիքի վրա հիմնված, սակայն նաև մարդասիրական մոտեցումներով՝ ըմբռնումով ու խորը կարեկցանքով լի։
Բժշկությունը պահանջում է մեծ նվիրվածություն և համառություն։
«Կարծում եմ՝ ուղղակի անհնար է անցնել այդքան երկար ճանապարհ բժշկության հետ ձեռք ձեռքի բռնած՝ չսիրելով այն։ Այն բժշկի համար դառնում է նրա էության մի մասը, պահանջում է համբերատարություն, խոհեմություն։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ունենալ արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու, նորամուծությունների և փոփոխությունների հետ համընթաց քայլելու ունակություն և պատրաստակամություն»,- ընդգծում է ապագա բժիշկը` կարծիք հայտնելով, որ կանխարգելիչ բժշկությունը հսկայական դեր ունի առողջապահական համակարգում, ինչը ոչ միայն բարձրացնում է բուժման արդյունավետությունը, այլև մեծապես նվազեցնում է առողջապահական ծախսերը և, որ ամենակարևորն է՝ մարդկային տառապանքը։
«Կանխարգելիչ բժշկությունը պետք է դառնա ողջամիտ և հասանելի բոլոր խավերի համար։ Պետք է ներդնել կամ խրախուսել այնպիսի ծրագրեր, որոնք կաջակցեն ամենատարբեր խմբերի՝ առողջ ապրելակերպի խթանմանը։ Դա կարող է ներառել նաև համահարթեցված ծածկույթ ունեցող առողջապահական ապահովագրության ծրագրեր՝ ընդգրկելով այդ խմբերին՝ չնայած նրանց սոցիալական կամ տնտեսական դիրքին»,-ընդգծում է ապագա բժշկը` բարձրացնելով առողջ ապրելակերպի և կանխարգելիչ բժշկության կարևորությունը՝ մարդիկ կսկսեն ավելի հաճախ մտածել իրենց առողջության մասին։
«Անհրաժեշտ է նաև ներդնել հեռահար բժշկություն (telemedicine), որտեղ մարդիկ կարող են համացանցի միջոցով ստանալ բժշկական խորհրդատվություն, ստուգումներ կատարել հեռավոր վայրերում՝ առանց այցելելու բժշկական հաստատություններ։ Այս տեխնոլոգիաները կարող են մեծապես աջակցել բնակչության այն խավերին, որոնք չունեն հեշտ հասանելիություն բուժման կենտրոններ»,- եզրափակում է Վահան Արծրունու» անվան կրթաթոշակառուն: