Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժիշկներն աշխատանքային անվտանգությունն ապահովելով՝ պացիենտներին պետք է սպասարկեն առանց վախի կամ խտրականության. քննարկում

Բժիշկներն աշխատանքային անվտանգությունն ապահովելով՝ պացիենտներին պետք է սպասարկեն առանց վախի կամ խտրականության. քննարկում

Համալսարանական մասնագետների՝ ինֆեկցիոնիստերի, համաճարակաբանների, հեմատոլոգների և ստոմատոլոգների մասնակցությամբ անցկացվեց քննարկում «Համաճարակաբանության դերը ստոմատոլոգիայում» թեմայով:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը ներկայացրեց հանդիպման կարևորությունը՝ շեշտելով, որ ստոմատոլոգները պայքարում և դիմակայում են առկա վարակներին, քանի որ գտնվում են թիրախային խմբում, որոնք ավելի հեշտ են վարակվում տարբեր տեսակի ինֆեկցիաներով:

Կարիերայի զարգացման կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը խոսեց պատվաստումների կարևորության մասին՝ ինչպես կանխարգելիչ բժշկության, այնպես էլ ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից:

«Մեր մասնագետներն ավելի խորությամբ են պատկերացնում և իրենց պրակտիկայում հանդիպել են նման երևույթների, թե ինչպես են պատվաստումներն օգնում հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է ճիշտ ուղղորդել հասարակությանը՝ նպաստելով առողջապահական համակարգի խնդիրների լուծմանը:

ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ համատեղ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի անգլալեզու ապագա բժիշկների նախաձեռնությամբ 6-րդ կուրսի ընդհանուր բժշկության և 5-րդ կուրսի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անցկացված հետազոտության տվյալները, որից կարելի է եզրակացնել, որ խարանը Հայաստանում տեղ ունի, և ՄԻԱՎ պացիենտը դժվարանում է խոսել իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին:

«ԱՀԿ-ն 2025 թվականի համար սահմանել է՝ ցանկալի է 95-95-95 նշաձողը. 95% ՄԻԱՎ դրական պացիենտները պետք է իրազեկված լինեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին, նրանց 95% պետք է ունենա հասանելի հակառետրովիրուսային բուժում (ART), իսկ ART ստացող պացիենտների 95% պետք է հասնի վիրուսի ախտորոշման զրոյական մակարդակի: Վիրուսի չհայտնաբերվող մակարդակի դեպքում ՄԻԱՎ դրական պացիենտը դառնում է ոչ վարակիչ: 2023 թվականին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 86%, 89% և 93%, ինչը հուսադրող է, մինչդեռ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում կա 4800 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 3777-ը ստացել են ART: 2024 թվականին գրանցվել է 462 նոր դեպք: Հայաստանում ՄԻԱՎ-ի բուժման կասկադը 2024 թվականի վերջին կազմել է 75%-77%-86%»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա առիթ է տալիս բժշկական բուհում ևս մեկ անգամ բարձրաձայնել այս խնդրի մասին:

Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ դրա խոչընդոտը ոչ թե բուժօգնության հասանելիությունն է, այլ խարանն ու խտրականությունը, որը թույլ չի տալիս ՄԻԱՎ դրական պացիենտին դիմել բուժօգնության, բարձրաձայնել իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին և առավել ևս ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

«Հիմնական բացահայտումներն ընդգծեցին զգալի համակարգային և մշակութային խոչընդոտները. պացիենտների 44%-ը պատրաստ չէ բժիշկներին չի հայտնել իր ՄԻԱՎ կարգավիճակը՝ վախենալով խտրականության ենթարկվել, և դա հաստատվում է այն փաստով, որ 66%-ը նախկինում ենթարկվել է խարանիչ վարքագծի առողջապահության ոլորտի մասնագետների կողմից:

«Եթե համեմատենք պարատերալ փոխանցվող երեք վիրուսային հիվանդությունները՝ վիրուսային հեպատիտ B-ն, վիրուսային հեպատիտ C-ն և ՄԻԱՎ-ը, ապա բժշկի վարակման ամենացածր հավանականությունը հենց ՄԻԱՎ-ի դեպքում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ապագա բժիշկները պետք է ունենան համապատասխան գիտելիքներ և մոտեցումներ ու չխուսափեն աշխատել յուրաքանչյուր պացիենտի հետ՝ անկախ նրանից, թե ինչ հիվանդությամբ են նրանք տառապում:

«Բոլոր պացիենտները պետք է դիտարկվեն որպես պոտենցիալ վարակված, ինչը նշանակում է, որ բժիշկները պետք է ապահովեն իրենց աշխատանքային անվտանգությունը՝ կատարելով անհրաժեշտ միջոցառումներ և պահպանելով վարակներից պաշտպանվելու կանոնները՝ առանց վախի կամ խտրականության, բայց նաև առանց վարակվելու ռիսկը մեծացնելու»,- ընդգծեց նա:

Հետպատվաստումային, հետքովիդային ամենաբարձրաձայնված բարդությունը թրոմբոզներն էին: Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Հեղինե Խաչատրյանը, որն աշխատել է այսպիսի խնդիրներ ունեցող պացիենտների հետ, ներկայացրեց ռիսկ-օգուտ հարաբերակցությունը:

Խոսելով COVID-19 պատվաստանյութերից հետո իմունային թրոմբոցիտոպենիայի և թրոմբոզի (VITT) առաջացման մասին՝ նշեց, որ այն ավելի հաճախ հանդիպում է վեկտորային պատվաստանյութերից («Աստրա-Զենեկա», «Ջոնսոն և Ջոնսոն»), քան mRNA պատվաստանյութերից («Մոդեռնա» և «Պֆայզեր») հետո: «2024 թվականի ապրիլի դրությամբ «Աստրա-Զենեկա»-ն ընդունել է, որ իր պատվաստանյութը հազվադեպ կարող է առաջացնել VITT»,- ասաց նա՝ փաստելով, որ այնուամենայնիվ պատվաստման օգուտները գերազանցում են VITT-ի հնարավոր ռիսկերը:

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ազատյանը շեշտեց, որ ստոմատոլոգի այցելած յուրաքանչյուր պացիենտ կարող է դիտարկվել որպես վարակակիր:

«Իմ պրակտիկայում ՄԻԱՎ վարակակիր բուժառուներն ավելի քիչ են թաքցնում իրենց ՄԻԱՎ կարգավիճակը, քան հեպատիտով վարակվածները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաճախ իր կոլեգաների շրջանում կա այն թյուր ըմբռնումը, թե այս վարակներն ունեցող պացիենտներից պետք է հրաժարվել, սակայն պետք է ուղղակի պահպանել բոլոր անվտանգության կանոնները և ստանալ իրենց արդյունավետությունն ապացուցած պատվաստումները:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը փաստեց, որ պատվաստանյութերի արդյունավետությունը 100 տոկոս չէ, բայց դրանք մնում են կարևոր կանխարգելիչ միջոցներ՝ հատկապես հաշվի առնելով դրանց օգուտները կողմնակի ազդեցությունների համեմատությամբ:

«Եթե կա արդյունավետ կանխարգելում՝ հատկապես այսպիսի վտանգավոր վարակների դեմ, այն պետք է կիրառել»,- ասաց նա: Նրա խոսքով՝ չպատվաստված լինելը հաճախ մտավախության առիթ է ստոմատոլոգների համար:

«Առողջապահության ոլորտում աշխատանքը կապված է բարձր ռիսկերի հետ, և նման պատվաստումները՝ լինելով արդյունավետ, կարող են օգնել նվազեցնել վարակման հնարավորությունը»,- եզրափակեց նա:

«Համաճարակաբանության հիմունքները ստոմատոլոգների համար» ձեռնարկը (ռուսերեն), որը կազմվել է Համաճարակաբանության ամբիոնի կողմից, շուտով շրջանառության մեջ կմտնի բուհի ուսանողների համար:

Այստեղ ներառված են այն կարևոր հարցերը, որոնք քննարկվեցին այսօրվա հանդիպման ընթացքում՝ վարակների կանխարգելման մեթոդները, համաճարակաբանական օրինաչափությունները, անվտանգ աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև այն պատվաստանյութերը, որոնք անհրաժեշտ են, մասնավորապես՝ ստոմատոլոգիական կլինիկաներում աշխատող անձնակազմի համար, հաշվի առնելով նրանց ռիսկերն ու վարակվելու հնարավորությունները:

Ձեռնարկը պետք է լուծի ինչպես գիտական, այնպես էլ պրակտիկ խնդիրներ՝ օգնելով ուսանողներին ավելի խորապես հասկանալ համաճարակաբանության սկզբունքները իրենց մասնագիտության շրջանակում: