Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկագիտությունը խաղաղ պայմաններում զարգացնելու ցանկությամբ՝ ԵՊԲՀ-ում մեկնարկեց Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

Բժշկագիտությունը խաղաղ պայմաններում զարգացնելու ցանկությամբ՝ ԵՊԲՀ-ում մեկնարկեց Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսանում այսօր մեկնարկեց Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը: Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոց միացել են հայ գործընկերներին՝ Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին օգնելու նպատակով:

Համաժողովի բացումն ազդարարեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: Հանդիսավոր խոսքում նա ողջունեց Հայաստանի Հանրապետության ոլորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ան Լույոյին և համաժողովի մասնակիցներին:

«100-ամյա պատմություն ունեցող բժշկական համալսարանն իր բազմաթիվ շրջանավարտներով ամուր թիկունք է դարձել մեր ժողովրդին և օգնել դիմակայել մեզ բաժին հասած բոլոր արհավիրքների ժամանակ»,-ասաց բժշկական բուհի ռեկտորն՝ ավելացնելով, որ 44-օրյա Արցախյան պատերազմը նույնպես բացառություն չէր:

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բժշկագիտությունը մարդկության պատմության ընթացքում ամենադաժան իրադարձությունների արդյունքում ունեցել է վիթխարի փոփոխություններ: «Ցավոք, այսօր մեր քննարկման առարկան ոչ թե ինովացիոն փոփոխություններն են, այլ ինչպես օգնել մեր այն հայրենակիցներին՝ զինվորներին, խաղաղ բնակիչներին, որոնք տուժել են պատերազմի արդյունքում»,-ընդգծեց նա:

ԵՊԲՀ ռեկտորը հիշեցրեց, որ «Զինվորի տունը», որը ստեղծվել է Երևանի բժշկական համալսարանի տարածքում՝ Հայկուհի Մինասյանի գլխավորությամբ, կրկնօրինակում է Փարիզի «Ինվալիդների տունը»: «Մեր երկու ժողովուրդները կարողացել են ձևավորել զինվորական փառքի խորհրդանիշ համարվող «Զինվորի տուն» հաստատությունները: Այս կենտրոնում բուժվել է շուրջ 5000 հայրենիքի պաշտպան, նրանցից որոշները պրոթեզավորվել են, մի մասը ստացել է կրթություն և անցել աշխատանքի»,-հավելեց Արմեն Մուրադյանը:

Նա ընդգծեց նաև, որ Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովն իր բազմազանությամբ կհարստացնի արդեն իսկ դառը, բայց կարևոր փորձը և կօգնի ապաքինել հայրենիքի պաշտպաններին:

Արմեն Մուրադյանն առանձնահատուկ ողջունեց Փարիզից ժամանած մասնագետներին, որոնք մեծ աշխատանք են իրականացնելու հայ գործընկերների հետ միասին: «Ուրախալի է, որ պատվիրակության կազմում ներգրավված են նաև ԵՊԲՀ շրջանավարտները, որոնք փառքով աշխատում են Ֆրանսիայի հեղինակավոր հոսպիտալներում»,-բացման խոսքը եզրափակեց բուհի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ համաժողովի մասնակիցներին սպասվում է արդյունավետ և արգասիքներով լի գիտական ու պրակտիկ աշխատանք:

Օրակարգում են Արցախի հակամարտության արդյունքում վիրավորների խնամքին նվիրված հարցերը:

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացման առթիվ ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն ընթերցեց նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը:

«Այս համաժողովը ոչ միայն հայ-ֆրանսիական բազմաշերտ բարեկամության, այլև մարդասիրական և մասնագիտական հանձնառության վառ օրինակ և վկայություն է: Սա անշուշտ շատ կարևոր և ողջունելի մի նախաձեռնություն է, որն իրականացվում է Արցախյան վերջին պատերազմի տարելիցից օրեր անց: Մի պատերազմ, որը թերևս ամենադաժանն էր մեր նորօրյա պատմության մեջ»,- ուղերձում նշել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ Արցախյան վերջին պատերազմը ոտնձգություն էր Արցախի և արցախահայության դեմ, ինչպես տարածքային, այնպես էլ մարդու կյանքի, առողջության և նրա ապրելու իրավունքի առումով, ոտնձգություն տարածաշրջանային խաղաղության դեմ:

Ուղերձում Արմեն Սարգսյանն ուրախությամբ փաստել է, որ հայ-ֆրանսիական երկարամյա ամուր հիմքեր ունեցող բարեկամությունն ամրապնդվում է նաև առողջապահական համագործակցության շնորհիվ, որի մի կարևոր մասնիկն այսօրվա համաժողովն է:

«Հայաստանի անկախությունից ի վեր վերջին 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության հիմքով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել է միջպետական մակարդակի առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այս ամենի վառ ապացույցն է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետագա մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի կողմից ցուցաբերած բժշկական, շարունակական աջակցությունն՝ ուղղված մեր հայ զինվորներին»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին կատարած մասնագիտական աշխատանքի և մարդասիրական վերաբերմունքի համար:

Նախարարը մեծապես կարևորեց Հայաստանում վերականգնողական բժշկության զարգացումը, որի արդյունքում հնարավոր կլինի նաև վերափոխել կրթահետազոտական ծրագրերը: Նա հույս հայտնեց, որ համաժովողը կլինի շարունակական, իսկ բժշկագիտությունը կզարգանա միայն խաղաղ պայմաններում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ առաջին օրվանից սկսած զգացել են ֆրանսիացի գործընկերների առանձնահատուկ բարեկամական մեջքը՝ թե՛ հումանիտար, թե՛ մասնագիտական, թե՛ փորձագիտական օգնության տրամադրմամբ:

«Վերջին երկու տարիները, իսկապես, ծանր մարտահրավերներով լի էին Հայաստանի համար: Մինչ ամբողջ աշխարհը պայքարում էր Covid-19 համավարակի դեմ, մենք ստիպված եղանք դիմակայել խիստ ագրեսայի, դրա հետևանքով կրելով մարդկային կորուստներ, և ունենալով խեղված ճակատագրեր»,- ասաց գերատեսչության ղեկավարը՝ կարևորելով առողջապահական համակարգը բարելավելու նպատակով 44-օրյա պատերազմի ընթացքում կուտակած փորձի և գիտելիքների ամփոփումը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ան Լույոն հիշեցրեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին։ «Մենք գիտենք՝ ինչպիսի հետևանքներ ունեցավ այս պատերազմը։ Նախագահ Էմանուել Մակրոնը մշտապես եղել է Հայաստանի կողքին»,- ընդգծեց դեսպանը՝ ավելացնելով, որ 15-ից ավելի առաքելություն է այցելել Հայաստան։ Ֆրանսիացի մասնագետները, դիվանագետի խոսքով, մեծ ներգրավվածություն են ունեցել Հայաստանում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և նրանց վերականգնման գործում։

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ և առողջապահության նախարարների հետ ֆրանսիացի մասնագետների հանդիպմանը՝ դեսպան Ան Լույոն տեղեկացրեց, որ նախանշվեցին հայ-ֆրանսիական երկարաժամկետ համագործակցության հեռանկարները բժշկական ոլորտում։ «Մենք անպայմանորեն հաշվի կառնենք նաև վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը»,- եզրափակեց ֆրանսիացի դիվանագետը։

Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP) գլխավոր տնօրեն Մարտին Հիրշը նշեց, որ հայ և ֆրանսիացի բժիշկների միջև ձևավորվել են մասնագիտական կապեր։ «Ֆրանսիական համալսարանական բժշկությունը գրվել է հայկական ծագում ունեցող մասնագետների հետ։ Նրանք Ֆրանսիայի կարևոր մասնագետներից են։ Բացի դրանից, մեր բժիշկների միջև հաստատվել են նաև ինստիտուցիոնալ կապեր», – ընդգծեց ֆրանսիացի մասնագետը։

Արցախյան հակամարտության օրերին ցուցաբերվող պատերազմական բժշկական օգնությունը, նրա խոսքով, իրենց՝ ֆրանսիացիներին, հիշեցրեց մի քանի տարի առաջ Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչական հարձակումները։ «Հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունը ներառում է առաքելություններ մասնագետների միջև, որոնք հարգում են իրար, սովորում են իրարից։ Այս համաժողովը շատ կարևոր է ոչ միայն մարդկային, բժշկական, գիտական առումներով դասեր քաղելու, դրանք միմյանց հետ կիսելու, այլև ապագայի էջերը գրելու առումով։ Շարունակելու ենք բժշկության և վիրաբուժության գեղեցիկ էջեր գրել միասին։ Մենք կարող ենք միջազգային հանրությանը ներկայացնել, որ երկու ժողովրդի միջև համագործակցությունը լավ օրինակ կարող է լինել բոլորի համար», – շեշտեց Մարտին Հիրշը։

Լիոն քաղաքի քաղաքացիական բուժհաստատությունների ցանցի (HCL) գլխավոր քարտուղար Պատրիկ Դենիելը նշեց, որ դեռ իրենց հիշողության մեջ է հակամարտության բռնության ուժը, որն անցյալ տարի հարվածեց Հայաստանին։ «Նոյեմբերին մեր մասնագետները եկան՝ առաջին օգնություն ցույց տալու Հայաստանին։ Սակայն հիմա ժամանակն է ներգրավվելու առավել կառուցողական ծրագրերում։ Մենք ցանկանում ենք ձեզ հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնել», – ասաց Պատրիկ Դենիելը։

Լիոնի բուժհաստատությունների համար, նրա խոսքով, կարևոր է աշխատել հայ մասնագետների հետ համատեղ, որպեսզի զարգացում ապահովվի նաև գիտության և կրթության բնագավառներում։

Փարիզի «Նեկկեր» (Necker-Enfants Malades) համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP), բժշկական հանձնաժողովի նախկին նախագահ, ԵՊԲՀ հուշամեդալակիր, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանը նախքան ելույթը սկսելը շեշտեց․ «Սիրտս ֆրանսահայ է, բայց ես հայ եմ»։

Նրա խոսքով՝ Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովը նաև երկու ժողովրդի բարեկամության խորհրդանիշն է։ «Հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունն ամեն անգամ ակտիվացել է ցավալի իրադարձություններից հետո․ սկզբում՝ 1988 թվականի երկրաշարժը, ապա՝ Արցախյան առաջին պատերազմը, իսկ հետո՝ երկրորդ պատերազմը։ Ես կնախընտրեի, որպեսզի այս համագործակցությունն ավելի հանդարտ ընթանար։ Պետք չէ սա ընկալել որպես առաքելություն, սա համագործակցություն է․ մենք այստեղ ենք ձեր կողքին լինելու, ոչ թե ձեզ ինչ-որ բան սովորեցնելու համար», – եզրափակեց հայազգի մասնագետը։

Համագործակցության մասնակիցները երեք օր՝ հոկտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին, 100-ամյա բժշկական համալսարանում կքննարկեն մասնագիտական բազմաթիվ թեմաներ Արցախի հակամարտության արդյունքում վիրավորների խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակում:

Համաժողովի ընթացքում ֆրանսիացի և հայ մասնագետները կփոխանակվեն փորձով և կսահմանեն Ֆրանսիայի և Հայաստանի միջև բժշկության ոլորտում տևական համագործակցության հեռանկարները:

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցների /Assistance publique – Hôpitaux de Paris (AP -HP) կողմից, Լիոնի համալսարանական հիվանդանոցների, Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի մասնակցությամբ և գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո, այն կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵՊԲՀ աջակցությամբ: