Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում անցկացվեց «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովը

Բժշկական բուհում անցկացվեց «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովը, որը նախագահում էր պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Մասնակցում էին վերարտադրողական, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի առաջատար մասնագետներ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարներ: 

«Յուրաքանչյուր երկրում ժողովրդագրական ցուցանիշները հանդիսանում են անվտանգության և տնտեսական կայունության գործոն՝ հաշվի առնելով, որ առանց ճշգրիտ ժողովրդագրական ցուցանիշների հաշվարկի և նրանց փաստացի վերլուծության անհնար է կազմել զարգացման ծրագրեր, անհնար է կազմակերպել պաշտպանություն, անհնար է ձևավորել հեռանկարներ», – լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԵՊԲՀ  ռեկտոր Արմեն Մուրադյանը։

1924 թվականի ապրիլի 3-ին, նրա խոսքով, հաստատվեց Երևանի գլխավոր հատակագիծը։

«150 հազար բնակչի համար հանճարեղ նվիրյալ Ալեքսանդր Թամանյանը փաստացի կարողացավ տեսնել մայրաքաղաքը և քանակական ու որակական փոփոխությունը՝ գավառական քաղաքից դեպի բնականոն, իր արժեհամակարգին, պատմական արդարությանը համապատասխան մայրաքաղաքի զարգացումը։ 30-40 տարի առաջ նայելով՝ նա կարողացավ ստեղծել մայրաքաղաքի հիմնական ուրվագծերը։ Բայց այդ քաղաքը ձևավորված էր մինչև 150 հազար բնակչի համար, և արդեն իսկ նրա օրոք պարզ էր, որ գլխավոր հատակագիծը պետք է վերանայվեր՝ հաշվի առնելով այն տեմպերը, որոնք զարգացնում էին Երևան քաղաքը», – նշեց Արմեն Մուրադյանը` հիշեցնելով, որ 1977 թվականին արդեն Երևանը Խորհրդային միության եզակի քաղաքներից էր, որ գրանցեց 1 միլիոն բնակիչ։

«Կարծես թե աննախադեպ ծնելիության և ուրբանիզացիայի արդյունքում մենք ունեցանք հսկայական թռիչքային առաջընթաց», – շեշտեց նա։

Քանակական և որակական փոփոխությունները, ռեկտորի համոզմամբ, պահանջում են կառուցվածքային վերլուծություն։

Ազդարարելով մեկնարկը` պրոֆեսոր Մուրադյանը ներկայացրեց «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» զեկույցը։

«Վերլուծելով մեր այսօրվա տարիքային կազմը՝ տեսնում ենք, որ 2020թ. 60 և ավելի բարձր տարիքային խմբի բնակչությունն ավելի շատ է, քան 5 տարեկան երեխաների թվաքանակը: Ծայրահեղ մտահոգիչ երևույթ է ոչ թե 60 տարեկանների առկայության հետ կապված, մենք նրանց փայփայելով ուշադրության կենտրոնում ենք պահում, այլ երեխաների թվաքանակի, որովհետև հաջորդ սերունդներին այս երեխաները, ժողովրդական լեզվով ասած, պետք է պահեն. տնտեսական, առողջապահական, անվտանգության տեսանկյունից պետք է ապահովի հենց այս սերունդը: Մենք այս ցուցանիշով ձևավորում ենք մեր երեխաների դժվար կեցությունը, և մեր դժվար ծերությունը՝ հաշվի առնելով, որ քիչ երեխաներ են ծնվում»,-ասաց բուհի ղեկավարը:

Նրա խոսքով՝ կանայք առաջ ծննդաբերում էին միջինը 22 տարեկանում, է, իսկ այժմ 28 տարեկանում, ինչը մտահոգիչ փաստ է.

 «Եթե այս տենդենցը շարունակվի՝ 20-30 տարվա մեջ տարիքը կարող է հասնել 35 և բարձր: Մանկաբարձ-գինեկոլոգները կփաստեն, որ 25 տարեկանում մինչև 25 տոկոսն է հնարավոր հղիության առկայությունը, 30 տարեկանում հնարավորությունն իջնում է 20 տոկոսի, 35 տարեկանում ՝ 15 տոկոսի: 35-ից հետո 5 և ավելի նվազ տոկոսի և մարձրանում են քրոմոսամոմային և գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների քանակը»:

ԵՊԲՀ ռեկտորն անդրադարձավ նաև վաղաժամ ու մանկական մահացության թվերին, անպտղությանը, ամուսնությունների թվի նվազեցմանը և ամուսնալուծությունների ավելացմանը ՝ շեշտելով մտահոգիչ փաստեր:

«Պտղաբերության գումարային գործակիցը երկու տասնամյակից ավել Հայաստանում զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից: Նման անբարենպաստ միտումների պահպանման հետևանքով Հայաստանի բնակչությունը 2100 թվականին կարող է կրճատվել մինչև 1.78»,- շեշտեց նա` խոսելով Էքստրակորպորալ՝ արտամարմնային առաջին բեղմնավորման մասին՝ կարևորելով այդ ծրագրի իրականացումը:

«2004թ. առաջին եռյակը ծնվեց արտամարմնային եղանակով, և դրա հեղինակը պրոֆեսոր Օկոևն էր, մի մարդ, որն այդ նորամուծությունը ներդրեց Հայաստանում և կարողացավ անձնուրաց աշխատանքի արդյունքում հասնել այդ ծրագրի լայն կիրառմանը: Ուզում եմ նաև շեշտել, որ առաջին գերձայնային հետազոտությունն է իրականացրել հենց նա»-նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը պետք է Սահմանադրությամբ ամրագրել որպես պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, քանի որ այն ունի ռազմավարական, ազգային անվտանգության խնդիր:

Ամփոփելով իր զեկույցը, պրոֆեսոր Մուրադյանը բոլոր կանանց շնորհավորեց ապրիլի 7-ի առիթով ՝ մաղթելով ամուր առողջություն  հորդորեց նվազագույնը երեք բալիկ լույս աշխարհ բերել:

ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հանդես եկավ «Արտամարմնային բեղմնավորման մեթոդի հիմնադրումը և զարգացումը Հայաստանում» զեկույցով.

«Արտամարմնային բեղմնավորումը անպտղության կլինիկական  խնդրի դեպքում կիրառվող գիտական հեղինակավոր մեթոդ է: Ներկայումս ամեն տարի միայն Չինաստանում կատարվում է էմբիրոնների 1 մլն տեղափոխում ԷԿՈ-ից հետո, Եվրոպայում այս թիվը հասնում է 600 հազարի, Ճապոնիայում՝ 500 հազարի, իսկ ԱՄՆ-ում ավելի քան 200 հազար է: Առկա տվյալներով արտամարմնային բեղմնավորման շնորհիվ Միացյալ Նահանգներում ավելի քան 80 հազար երեխա ամեն տարի ծնվում է ԷԿՈ-ի շնորհիվ»:

Պրոֆեսորը հանգամանալից անդրադարձավ արտամարմնային բեղմնավորման ներդրմանը մեր երկրում, ներկայացրեց այս մեթոդի ստեղծման պատմությունն աշխարհում:

Հայաստանում ԷԿՈ-ի ներդրման ծրագրերը սկսվել էին 1994 թվականին.

«Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով, որոնց հաղթահարումը բավականին դժվար էր»,- ասաց պրոֆեսոր Օկոևը:

Հայաստանում 2003թ. տեղի ունեցավ մեծ հեղաշրջում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում, և առաջին անգամ հենց իր ղեկավարած կենտրոնում արտամարմնային բեղմնավորումից հետո գրանցվեց հղիություն,  իսկ 2004 թվականին լույս աշխարհ եկավ առաջին եռյակը:

Հաջորդիվ արդեն 2005 թվականին մեր երկրում ներդրվեց «սուրոգատ» կամ «փոխնակ մայրության» ինստիտուտը: Նույն թվականին լույս աշխարհ եկան երեխաներ` ձվաբջիջների դոնորության ծրագրի ներդրումից հետո:

Խոսելով ԷԿՈ-ից հետո հղիության և ծննդաբերության վարման մասին` նա ընդգեց, որ դրանք չեն տարբերվում սովորական դեպքերից: Բարդությունների առաջացումը բժիշկ-գիտնականի փոխանցմամբ` կապված չէ արտամարմնային բեղմնավորման հետ, այլ ծննդկանների տարիքի մեծացման, ինչպես նաև ԷԿՈ բուժառուների շրջանում հաճախ տարածված բազմապտղության հետ:

Տասնամյակներ շարունակ արտամարմնային բեղմնավորումը կապված է  նաև հասարակության շրջանում էթիկական հարցերի քննարկման հետ, սակայն այստեղ զեկուցողը կարևորեց յուրաքանչյուր կնոջ երեխա ծնելու իրավունքը և յուրաքանչյոր ընտանիքի այդ երեխային դաստիարակելը:

«Աստղիկ»  բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության կլինիկայի ղեկավար Կարինե Կիրակոսյանը «ՀՀ-ում վերարտադրողաբանության զարգացման մեր տեսլականը» թեմայով զեկույցը ներկայացրեց:

ԵՊԲՀ «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ, պրոֆեսոր Կարինե Թոխունցը ներկայացրեց «Ժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման հնարավորությունները վերարտադրողական կորուստների նվազեցման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդյունավետության բարձրացման գործում» զեկույցը։

Հաջորդիվ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ ձվարանների գերխթանման համախտանիշի և տրոմբոզների, տղամարդու անպտղության ախտորոշման նոր մեթոդների, ձվաբջջի և սաղմի որակի գնահատման ժամանակակից չափանիշների մասին, խոսվեց բեղմնավորման ինվազիվ մեթոդներից, սաղմերի զարգացման կանգի պատճառներից և լուծման ուղիներից, ինչպես նաև ձվազատման խթանման մի քանի առանձնահատկություններից՝ նյութափոխանակային համախտանիշի, ձվարանների պոլիկիստոզ կազմափոխության և ձվարանների հյուծման համախտանիշի դեպքում:

Բժշկական բուհի կողմից նախաձեռնված համաժողովն անցավ ակտիվ հարցուպատասխանի, մասնագիտական քննարկումների մթնոլորտում` գործող բժիշկների, կլինիկական օրդինատորների մասնակցությամբ: