Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում գիտությամբ զբաղվող ամենաերիտասարդ ապագա բժիշկներից Համլետ Թորոսյանը

Բժշկական բուհում գիտությամբ զբաղվող ամենաերիտասարդ  ապագա բժիշկներից Համլետ Թորոսյանը

Գիտությունն այն ոլորտներից է, որտեղ աշխատանքի արդյունքները կարող են տևական ժամանակ, անգամ տարիներ պահանջել: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Համլետ Թորոսյանն այն ապագա բժիշկներից է, որի կյանքում գիտությունն արդեն որոշակի դեր և կարևորություն ունի:

Համլետն այժմ բժշկական բուհի Ուսանողական գիտական ընկերության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է: Վստահորեն ասում է՝ ուսանողական կյանքի անբաժան մասը կազմող արտալսարանային գործունեությունը թերևս եղել է, կա ու կմնա այն ամենահետաքրքիր աշխատանքը, որը կարող է ծավալել յուրաքանչյուր ուսանող։

«Առաջին ուսումնական տարում անդամագրվեցի Ուսանողական գիտական ընկերությանը, ինչը թույլ տվեց ընդգրկվել տարբեր գիտական և հասարակական աշխատանքներում։ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի աշխատանքներին միացել եմ հենց մեկնարկային միջոցառումից՝ որպես կամավոր, հետագայում արդեն ընդգրկվեցի տարբեր մասշտաբային հետազոտական աշխատանքներում, որոնց ընթացքում հնարավորություն ունեցա աշխատել ոլորտի լավագույն մասնագետների հետ և ձեռք բերել մի շարք նոր գիտելիքներ և հմտություններ: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ իմ ամենօրյա աշխատանքի անբաժան մասն է կազմում գիտական գործունեությունը, որը իրականցնում եմ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում»,- պատմում է ուսանողը:

2021 թվականի հունվարից ներգրավվել է “Ser-Col; from finger to laboratory; personalized and automated serum collection for laboratory diagnostics” (SCAUT), EU Horizon 2020 ծրագրում` այդ ընթացքում ձեռք բերելով կլինիկական և լաբորատոր նոր հմտություններ: 2022 թվականի սեպտեմբերից աշխատում է “Survival Role of Neurogenesis in The Maintenance of the Healthy Brain Ageing” հետազոտության շրջանակում, կատարում է Ալցհեյմերի հիվանդության կենդանական մոդելների ստացման և վալիդացման աշխատանքը: «Թե՛ որպես «ՔՈԲՐԵՅՆ» թիմի անդամ, թե՛ ՈւԳԸ-ական մասնակցել եմ մի շարք գիտական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է նեյրոգիտության հանրայանցման և հասարակության ավելի լայն շերտերի ընդգրկման գործում»,- շեշտում է երիտասարդ քոբրեյնականը: Բժշկի մասնագիտության մասին մտորել է դեռ մանկուց, երբ եկավ համալսարան ընտրելու պահը՝ կայացրել է թերևս այդ ժամանակ կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը, որի համար չի փոշմանել:

Նեղ մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել, բայց հստակ է այն, որ գիտական աշխատանքը լինելու է իր գործունեության անբաժան մասը։ 

-Ուղեղի կենտրոնը գործունեության մեկ տարում դարձել է երիտասարդների հավաքատեղի, հետաքրքիր գաղափարների փոխանակման ու կյանքի կոչման վայր, ամեն օր այստեղ այցելելիս ի՞նչ զգացումներ, ի՞նչ նպատակներ են ծնվում:

-Բժշկական համալսարանի տեսակով եզակի «ՔՈԲՐԵՅՆ» գիտակրթական կենտրոնը հնարավորություն է տալիս պատասխանել դեռ չբացահայտված շատ հարցրերի և միևնույն ժամանակ մոտիվացիա է այն բոլոր ուսանողների համար, որոնք հետաքրքրված են գիտությամբ։ «Այն հնարավորությունները, որոնք բացվում են երիտասարդների առաջ, իմ կարծիքով` հզոր շարժառիթ են զբաղվել գիտությամբ և ուսումնասիրել դեռ չբացահայտված գաղտնիքները»,- նկատում է Համլետը: Նա ակտիվ մասնակցություն ուներ նախորդ շաբաթ բուհում անցկացված «Ուղեղի ճանաչման շաբաթ 2023» միջոցառման կազմակերպման գործում:

Դեռ 2022 թվականի հոկտեմբերից Ուսանողական գիտական ընկերության թիմը սկսեց «Brain Awareness Week 2023» նախապատրաստական միջոցառումները:

Բավական կարճ ժամանակում կարողացան կազմել ծրագիր, որով և շահեցին Federation of European Neuroscience Societies-ի (FENS) և DANA Foundation-ի կողմից հայտարարված ամենամյա միջոցառման կազմակերպման համար նախատեսված դրամաշնորհը։ Միջազգային այս հեղինակավոր միջոցառման նպատակներն են՝ տրամադրել հարթակ, որը հնարավորություն կտա նեյրոգիտությամբ հետաքրքրված մարդկանց հանդիպելու, մտքերով, գիտելիքներով և փորձով փոխանակվելու, նեյրոգիտության մասին լուսավորչական գործունեությամբ այն հասանելի դարձնել ավելի լայն շրջանակներին:

Թիմը ընտրեց «Neuron: From Birth to Death» («Նեյրոն․ ծննդից մինչ մահ») վերնագիրը և հենց այդ կոնցեպտով անցկացրեցին միջոցառումը` ողջ շաբաթվա ընթացքում իրականցնելով գիտահանրամատչելի և մասնագիտական դասախոսություններ և սեմինարներ, լուսավորչական գործունություն՝ այցելություններ Երևանի և մարզերի տարբեր դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, էքսկուրսիաներ համալսարանական լաբորատորիաներ և գիտահետզոտական կենտրոններ։ Ամբողջ շաբաթվա ընթացքում անցկացվեցին ինտելեկտուալ խաղեր, ինտերակտիվ քննարկումներ, կինոդիտում, քվեստ, զանազան մրցույթներ։ Հաղթողները ստացան խրախուսական նվերներ։ «Կարող եմ փաստել, որ ուսանողների ընգրկվածությունը բավականին բարձր մակարդակի վրա էր, վստահ եմ դպրոցներում կատարած մեր աշխատաքը ևս կտա իր արդյունքները և շատ խելացի ու հետաքրքրված աշակերտներ կընտրեն հենց բժշկի մասնագիտությունը»,- հավելում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը, ում ապագայի հետ կապված ծրագրերը շատ են:

Որպես գիտական ուղղվածություն նրա համար ամենագրավիչը նեյրոգիտությունն է՝ մասնավորապես ուղեղի ծերացումը։

Ապագայում կփորձի իրականացնել աշխատանք, որը միտված կլինի բացահայտել այն բոլոր գաղտնիքները, որոնք ընկած են ուղեղի ծերացման հարցում և գտնել այն լուծումները, որոնք թույլ կտան ոչ միայն բուժել, այլև կանխարգելել ուղեղի վաղաժամ ծերացումը։