Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց վերականգնողական և պլաստիկ վիրաբուժության ոլորտում հայտնի մասնագետ, Սեչենովի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանին, ով համալրել է ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն, ըստ որի՝ այս տարվա մայիսին և օգոստոսին Ռուբեն Ադամյանը կայցելի բժշկական համալսարան և վիրահատություններ կանցկացնի «Զինվորի տանը» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում։
Բացի դրանից, նա կվերապատրաստի նաև բուհի կլինիկական օրդինատորներին։
Հայազգի պրոֆեսորը կկիսվի և՛ գործնական հմտություններով, և՛ կկարդա դասախոսություններ ապագա բժիշկների համար։
Ռեկտորը ողջունեց համագործակցությունը հայտնի մասնագետի հետ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ կարևոր նախաձեռնությանը։
Նշենք, որ մինչ այդ Ռուբեն Ադամյանն այսօր այցելել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։