Բժշկագիտության մեջ հաճախ է պատահում, երբ մարդասիրական այս մասնագիտությունը փոխանցվում է սերունդից սերունդ: Անահիտ Գուլյանը ևս այդ օրինակներից է, միաժամանակ երկու բժշկական դինաստիայի ներկայացուցիչ է:
Բժշկագիտության աշխարհ նրա մուտքն ավելի քան սպասված էր ու բնական: Բժիշկ են ծնողները, նրանց ծնողները և մայրիկի դեպքում նաև տատն ու պապը: Սրանով բժիշկ հարազատների ցանկն ընտանիքում չի սամանափակվում:
Անանիկյանների ու Գուլյանների գերդաստանների բժշկական գիծը շարունակելով` Անահիտը համեստորեն ու մեծ պատասխանատվությամբ է կրում ճերմակ խալաթը՝ այն հստակ գիտակցումով, որ ընտրել է բարդ, բայց չափազանց հետաքրքիր ուղի:
«Մեր տուն իմ մանկության տարիներին միշտ շատ բժիշկներ էին գալիս և ես ականատես էի լինում նրանց խոսակցություններին, զրույցներին: Սիրել եմ բժշկությունը փոքրուց»,- պատմում է նա, ով ԵՊԲՀ-ում սովորում է ընդհանուր բժշկություն ԱՊՀ ուսանողների համար նախատեսված ծրագրով 4-րդ կուրսում: Գիտելիք ձեռք բերելու հարցում ջանք չի խնայում` փորձելով համատեղել առօրյան նաև ուսանողական հետաքրքրություններով, ինքնազարգացմամբ:
Ծնողները ի սկզբանե էին ասել, որ պետք է ձգտի լինել ինքնուրույն և իր ուսումնառության համար համար կրի պատասխանատվություն:
Հոգեբույժ մայրիկի և տատիկի օրինակով Անահիտին ևս այս բնագավառը գրավում է ամենից շատ: Դեռ վերջնական ընտրություն հետագա մասնագիտացման հարցում չի կայացրել: Նկատում է` նյարդաբանությունը սիրված առարկաների թվում է: Այժմ որպես ցիկլային առարկա նյարդաբանություն է ուսուցանում Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, Երևանի թիվ 2 բուժմիավորման նյարդաբանական ծառայության ղեկավար Լիդիա Գիմոյանի ղեկավարմամբ, ով իր մեծ տատիկի՝ պրոֆեսոր Էլմիրա Գևորգյանի մասնագիտական դարբնոցն է անցել:
Ինչպես մայրաքաղաքի 2-րդ բուժմիավորումում, այնպես էլ նախկին՝ 3-րդ կլինիկական հիվանդանոցում (Պռոշյան փողոցի վրա տեղակայված և այժմ էլ գործող հիվանդանոցում երկար տարիներ աշխատել ու Վիրաբուժական կլինիկան է ղեկավարել, ուսանողներին կրթել պապիկը` պրոֆեսոր Պավել Անանիկյանը) լինելու բազմաթիվ առիթներ է ունեցել, շփվել նրանց կոլեգաների հետ.
«Ինձ համար մեծ հպարտություն և պատասխանատվություն է լինել նրանց թոռնիկը, այս գործոնը ես աշխատում եմ բարձր պահել»,- նկատում է ապագա բժիշկը` հավելելով, որ դպրոցական տարիքից պրոֆեսոր Գևորգյանը հետևել է իր ուսումնական հաջողություններին, գնահատականներին, ոգևորվել դրանցով:
«Պապիկս լավ հումորի զգացում ուներ, և մանկությունը ասոցացնում եմ նաև այն հեքիաթների, բժշկական պրակտիկայից իր պատմությունների հետ, որոնք հաճախ էր պատմում, հետագայում դրանք նա նաև գրքույկների տեսքով է հրապարակել»,-նշում է հերացիականը:
Որպես ապագա մասնագետ վստահ է, որ առանց մարդկային հատկանիշների, լավ մարդ լինելու հնարավոր չէ դառնալ որակյալ բժիշկ:
Ապրումակցումը ևս կարևոր բաղադրիչ է համարում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում ու հիվանդությունների դեմ պայքարում:
Մասնագիտությունը սիրելը, մարդկանց լսել կարողանալն իր համար հաջողելու նախադրյալներ են, ինչպես նաև ինտուիցիան պետքական գործիք է բժշկի աշխատանքում ճիշտ կողմնորոշվելու հարցում: