«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի միջնորդությամբ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և GXP Biopharma ընկերության միջև շարունակվում է արդյունավետ համագործակցությունը։
Բիոքիմիայի և կենսաբանության պրոֆեսոր, GXP Biopharma ընկերության հիմնադիր Աշոտ Պետրոսյանը ծնվել է Միացյալ Նահանգներում և իր գործունեությունը ծավալել այնտեղ, սակայն միշտ կապը պահել է հայրենիքի՝ Հայաստանի հետ։ «Նա մշտապես մտածել է՝ ինչպես օգնել, ու քանի որ շատ կարևորել է կրթությունը, հատկապես՝ հայրենիքում, որոշել է իր նվիրատվությունը գրքերի ձևով կատարել՝ հերթական անգամ հարստացնելով Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանը մասնագիտական նոր գրքերով։ Աշոտ Պետրոսյանը լիահույս է, որ ուսանողները հաճախակի կօգտվեն այս գրքերից և է՛լ ավելի կկատարելագործեն իրենց գիտելիքները», – նշեց Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Ռուզան Պետրոսյանը՝ հավելելով, որ 1980-90-ական թվականներին Աշոտ Պետրոսյանը շուրջ 10 տարի ղեկավարել է Սան Ֆրանցիսկոյում գործող «Թեքեյան» միությունը։ Հաշվի առնելով «Թեքեյան» կենտրոնի ակտիվ գործունեությունը Հայաստանում՝ հետագայում համագործակցության շղթայի մեջ կներառվի նաև այդ կենտրոնը։
Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի խոսքով՝ Աշոտ Պետրոսյանը մոտ 50 գիրք արդեն նվիրաբերել է բժշկական բուհին՝ ուղարկելով հենց այն ժամանակակից գրականությունը, որի կարիքը համալսարանն ունի։ «Այդ գրքերի շարքում կարելի է առանձնացնել Netter (The Netter Collection of Medical Illustrations) ստեղծագործությունների ամբողջ ցանկը՝ անատոմիայի և կլինիկական անատոմիայի ատլասը, որը մինչ այդ չենք ունեցել», – ընդգծեց Խաչատուր Մարգարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Գրադարանավարի օրը։