Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առաջին անգամ անցկացվեց կրիկետի առաջնություն։
Միջոցառումը կազմակերպվել էր օտարերկրացի ուսանողների նախաձեռնությամբ՝ Ուսանողական խորհրդարանի և Օտարերկրացի ուսանողների ֆակուլտետային խորհրդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։
Ամփոփելով առաջնության արդյունքները՝ Օտարերկրացիուսանողների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին և Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանը 66 ուսանողի պարգևատրեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով։
«Այս տարի Ուսանողական խորհրդարանում շեշտը դրվել էր օտարերկրացի ուսանողների աջակցության ծրագրերի վրա, որպեսզի նրանք անմասն չմնան համալսարանի ակտիվ ուսանողական կյանքից։ Բավականին երկար ժամանակ հնդիկ ուսանողները ցանկանում էին կազմակերպել կրիկետի առաջնություն, այս տարի, ի վերջո, մեզ դա հաջողվեց», – նշեց Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանը։